Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղի ՊՆ. Հայկական ուժերի նախահարձակ գործողություններ չեն եղել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակել «վերջին օրերին եւ հատկապես երեկ Ադրբեջանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրերն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների, այն է` հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում, ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել»։

Միաժամանակ, Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը նշում է, որ «ինչպես երեկ, այնպես էլ վերջին շրջանում հարեւան երկրի զինուժի շարքերում իրոք արձանագրվել են մահվան ելքով մի շարք դեպքեր, որոնց իրական պատճառները անհրաժեշտ է բացատրել ոչ թե, ինչպես իրենք են ներկայացնում, հայկական ուժերի նախահարձակ գործողություններով, այլեւ ադրբեջանական բանակում պարբերաբար տեղ գտնող ոչ կանոնադրական փոխհարաբերություններով եւ դրանցով պայմանավորված բարձիթողի վիճակով»: «Այն, որ միայն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժում արձանագրված կորուստների թիվն, ըստ իրենց մամուլում տեղ գտած տվյալների, արդեն անցել է 10-ի սահմանը, հենց փաստում է վերոնշյալ իրողության մասին», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնում հրադադարի ռեժիմի պահպանման պահանջներին եւ պատասխան գործողությունների են դիմում բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում», - հավաստիացնում է Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG