Մատչելիության հղումներ

Մեկ ամսից Երեւանը վայր կդնի անցած ապրիլից ստանձնան «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը:

Մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այս մշակութային ծրագիրը հաջողված կարելի է համարել:

«Գրքի եւ ընթերցանության շուրջ խոսակցությունն ավելի մեծացավ, ավելի հաճախակի դարձավ մեր իրականության մեջ, արդեն ինքնին բերեց նրան, որ բացի պետական միջոցառումներից, ունեցանք նաեւ համագործակցության ծրագրեր պետական, մասնավոր ու հասարակական հատվածների հետ», - ասաց նա:

Խորհրդականի խոսքով, գովելի էին նաեւ երիտասարդական նախաձեռնությունները, որոնք մեծ պատրաստակամությամբ ընդունվեցին նախարարության կողմից ու դարձան «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բաղկացուցիչ մասը, օրինակ «Մուտքը` գրքով», «Ընթերցանության օլիմպիադա», «Գիրք եմ ստեղծում» եւ այլ միջոցառումները:

Տեր-Վարդանյանը նշեց, որ Երեւանում բացվել են նոր գրախանութներ, վերանորոգվել եւ տեխնիկապես վերազինվել են Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող 13 գրադարանները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ տվեց ծրագիրը գրադարաններին, Հանրային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը պատասխանեց. - «Առաջինը գրքի հանրահռչակում եղավ: Աշխարհի բոլոր ծալքերում եղավ հայ գրքի ցուցադրություն: Մարդիկ նորից հաղորդակցվեցին մեր մշակույթի հետ, դրսում նորից բարձրաձայնվեց, որ մենք ունենք ցույց տալու բան, ունենք մշակութային տպագիր ժառանգություն եւ դրանով կարող ենք հպարտանալ»:

Զարգարյանը նաեւ նշեց, որ մոտ օրերս կբացվի Հանրային գրադարանի թամանյանական մասնաշենքը եւ ջեռուցվող ընթերցասրահը նորից կընդունի ընթերցասերներին, կբացվեն երկու համերգային դահլիճները: Նպատակ կա բացելու նաեւ գրախանութ եւ գրքի թանգարան:

Գրադարանի տնօրենի խոսքով, իրենք սկսել են համագործակցել Բեռլինի պետական գրադարանի եւ Ռուսաստանի ազգային գրադարանի հետ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի հետ եւս մեծ համագործակցության ծրագիր կա. նրանց համաշխարհային թվային գրադարանում շուտով կհայտնվեն նաեւ մեր Ուրբաթագիրքը, Տաղարանը եւ Աստվածաշունչը: Զարգարյանը նշում է, որ սրանք աշխատանքներ են, որոնք սկսել են ու շարունակական բնույթ են կրելու:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով, ծրագիրը դրական անդրադարձ է ունեցել նաեւ իրենց գրադարանի վրա. - «Նշենք միայն գրադարանների հիմնանորոգումը, տեխնիկական վերազինումը, որոնք կարեւոր քայլեր էին: Մեծացել է նաեւ կայուն ընթերցողների թիվը: Մի խոսքով` բազմաթիվ դրական արդյունքներ արձանագրեցինք»:
XS
SM
MD
LG