Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյանը հավատացած է, որ հաղթելու է


Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Երեւան, 6-ը փետրվարի, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում է իր նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Երեւան, 6-ը փետրվարի, 2013թ.

Չորեքշաբթի երեկոյան կառավարության նիստերի դահլիճում Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց «Հնարավոր է» կարգախոսը կրող իր բավականին ծավալուն` 92 էջից բաղկացած նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

«Միասին ենք, ուժեղ ենք եւ վերջապես բռնել ենք հաղթանակի ճանապարհը», - իր ելույթը այսպես սկսեց Հովհաննիսյանը։

«Առաջին տարվա ընթացքում բյուջե ենք վերադարձնելու 300 միլիարդ դրամ (մոտ 750 միլիոն դոլար)` 250 միլիարդը` օլիգարխիայի ստվերից, 50 միլիարդը` պետական ճարպից` «ատկատների» բացառմամբ, եւ մենք կտեսնենք, որ մի տարվա ընթացքում շարքային հայաստանցու կենսաթոշակը, կրթության եւ գիտության, առողջապահության եւ պաշտպանության ծախսերը 50 տոկոսով պիտի բարձրացնենք», - հայտարարեց նախագահի թեկնածուն։

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ջարդելու են կոռուպցիան իշխանական, դատական, հարկային եւ մաքսային մարմիններում։ Վերջին տարիներին օտարերկրյա ներդրումների նվազելու պատճառը կոռուպցիան է, ասում է նա եւ հավելում, որ իր իշխանության օրոք ներդրումները պետք է բարձրացվեն 600 տոկոսով։

Հովհաննիսյանը խոստանում է ուժեղացնել փոքր եւ միջին բիզնեսը, գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, ինչպես նաեւ նախատեսում է «նոր Հայաստանում» ունենալ նվազագույնը 10 տոկոս տնտեսության աճ, որը, նրա խոսքով, կպատկանի յուրաքանչյուր քաղաքացու։

«Հինգ տարի անց կունենանք 180 հազար նոր աշխատատեղ, եւ այդտեղ մենք կտեսնենք, որ հինգ տարվա ընթացքում կբարձրացնենք նվազագույն աշխատավարձերը եւ 600 հազար հայ աղքատներ` մեր հայրենակիցներ, դուրս կգան աղքատությունից դեպ միջին խավ», - ասաց նախագահի թեկնածուն։

Իր նախագահության օրոք հինգ տարի անց Հայաստանի համար արտագաղթ բառը պետք է անցնի պատմության գիրկը, վստահեցնում է Հովհաննիսյանը։

Թեկնածուի նախընտրական ծրագրում ընդգրկված է նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը իր տարածքային ամբողջականությամբ։ Իր խոսքով` այդ հանձնառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը մեկնելու է Ղարաբաղ` հանդիպելու նախագահ Բակո Սահակյանի եւ Պաշտպանության բանակի զինվորների ու տեղի բնակչության հետ։

Հովհաննիսյանը պատրաստվում է 2015 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից կոչով դիմել Թուրքիային` «բացել սահմանները` առանց կեղծ փրոթոքոլների, առանց հակասահմանադրական արձանագրությունների, դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեզ հետ, բարեկամության միջոցով փոխանակել դեսպաններ եւ լուծել Ցեղասպանության եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման բոլոր խնդիրները»։

Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանը իր նախապայմանները կներկայացնի Թուրքիային եւ աշխարհին, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է հայ - ռուսական հարաբերություններին` այդ առնչությամբ նախագահի թեկնածուն հայտարարեց. - «Մեկ-մեկ, ելնելով իմ ծննդավայրից, ասում են, որ նոր իշխանության օրոք, քանի որ Րաֆֆին ծնվել է Ամերիկայում, մենք խնդիր պիտի ունենանք Ռուսաստանի հետ։ Ով դա այդպես ասում է` ինքը ամենավախկոտ մարդն է եւ սուտասանը, որովհետեւ հայ - ռուսական հարաբերությունների բարձրակետը մենք դեռ պիտի տեսնենք, եւ մեր իշխանության օրոք պիտի տեսնենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, Հայաստանը եւ Ամերիկան, Հայաստանը եւ Եվրոպան, Հայաստանը եւ Չինաստանը այնքան իրար պիտի հարգեն, որ Հայաստանը պիտի ունենա ամենաուժեղ պաշտպանությունը, անվտանգությունը»։

«Այս պայքարը պետական դրոշի համար է» ասելով` Րաֆֆի Հովհաննիսյանը խոնարհվեց ու համբուրեց Եռագույնը։

«Մեր հիմնական մրցակիցը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ` սեփական վախը, սեփական փոքրությունը, սեփական խանդը, հատուկ է բոլորին։ Բոլորն էլ ունեն իրենց կենսագրությունը, իրենց ավանդը եւ սխալը, բայց այլեւս ժամանակը եկել է։ Հավասա՞ր ուզում են կիրառել այս ընտրությունը, թե՞ ուզում են վախեցնել, ցուցակագրել ուսուցիչներին, զինվորներին տանել... Ինչ էլ անեն` արդեն ուշացել են, որովհետեւ ճար չկա` ժողովուրդը հաղթելու է այս անգամ», - հայտարարեց նախագահի թեկնածուն։

«Փետրվարի 18-ին տոնելու ենք հայ ժողովրդի հաղթանակը», - վստահեցրեց Հովհաննիսյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG