Մատչելիության հղումներ

Արմավիրի մարզում այսօր անցկացրած քարոզարշավի ժամանակ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը իր համակիրների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց փետրվարի 18-ին «մարդավարի» ընտրություններ անցկացնել, եւ ոչ թե «ուժով ու բիլակով»։

Էջմիածնի մշակույթի տան դահլիճում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Հանրապետական խմբակցության պատգամավորներ, գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը։ Նրանք երկար փողոցում սպասեցին նախագահին անձամբ դիմավորելու համար։

«Մեկ անգամ եւս խնդրում եմ իրոք թիկունք կանգնեք ինձ, որովհետեւ շատ խնդիրներ ունենք լուծելու։ Նաեւ ուզում եմ հավատալ, սիրելի էջմիածինցիներ, որ դուք այդ թիկունք կանգնելը անելու եք մարդավարի, տղամարդավարի, եւ ոչ թե ուժով, ոչ թե բիլակով, այլ նորմալ ընտրություններ կազմակերպելով։ Ուժի տեղը, բիլակի տեղը 92 թվականին էր, 93 թվականին էր․․․ դուք ցույց եք տվել, բոլորն էլ գիտեն, որ դուք դա կարող եք անել, բայց հիմա դա մեզ պետք չէ»

Խոսելով ընտրությունների մասին՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց, թե ընտրությունները պարզ թվաբանություն համարողները ցինիկաբար անտեսում են մարդկանց, մոռանալով, որ յուրաքանչյուր ձայն՝ դա մարդ է։

«Անցած 5 տարիներին ես արել եմ ամեն ինչ, որ լինեմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու նախագահը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու, ձեր քվեի ուժով լինելու եմ բոլոր քաղաքացիների նախագահը, լինելու եմ նաեւ մեր ընդդիմախոսների եւ մեզ քննադատողների նախագահը», - ընդգծեց Սերժ Սարգսյանը, - «Ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու առումով։ Հենց այստեղ եմ ես տեսնում գալիք տարիների քաղաքական առաքելությունը»։

Եթե Երեւանում անցկացվող հանդիպումների ընթացքում գործող նախագահին պարբերաբար հարցնում են Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ապա մարզերում եւ գյուղերում հիմնականում խոսում են մարզադպրոցների եւ մշակութային կենտրոնների վերանորոգումից։

Էջմիածնում կազմակերպված հանդիպմանը մասնակցելու էին եկել մանկապարտեզների, գրադարանների եւ ուսումնական հաստատությունների աշխատողներ։ Նրանցից շատերը անկեղծանում էին, որ այդ հանդիպմանը մասնակցելու համար աշխատանքից թույլ են տվել բացակայել, մինչդեռ նախագահի մյուս թեկնածուների այցելությունների ժամանակ աշխատանքից բացակայելու իրավունք չունեն։

«Մանկապարտեզից ենք, այսօր չենք աշխատում։ Մենք եկել ենք մեր նախագահին դիմավորենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ մասնակից էլ, ով ներկայացավ որպես գրադարանի աշխատող, ասաց՝ այսօր չեն աշխատում՝ «տոն է ամբողջ քաղաքում, հավաքվել ենք դիմավորելու մեր նախագահին»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ մյուս թեկնածուների այցելությունների ժամանա՞կ էլ են աշխատանքից դուրս գալիս, ասաց՝ «ոչ, աշխատանքից չենք կարողանում դուրս գալ»։

Էջմիածնից Սերժ Սարգսյանը ուղեւորվեց Արմավիրի մարզի հեռավոր Քարակերտ գյուղ, սակայն ճանապարհին մարզի տարբեր գյուղերի բնակիչներ որոշել էին գործող նախագահին դիմավորել հենց փողոցում։

Օրինակ՝ Ակնալիճ գյուղի գյուղապետ Գեւորգ Միսակյանը հենց փողոցում ճոխ սեղան էր գցել նախագահի համար։ Սեղանին ոչ միայն ավանդական խորոված գառն էր, այլեւ սեւ եւ կարմիր խավիարը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նախագահին ուղղված ինչ-որ խնդրանք ունե՞ն, թե՞ միայն հյուրասիրելու համար են հավաքվել, գյուղապետն ասաց, թե նախագահը ամեն տարի այնքան ուշադիր է իրենց գյուղի նկատմամբ, որ «ինչ-որ արել է՝ հերիք է»։

Հարցին, թե բոլո՞ր թեկնածուների համար են նման սեղան գցում, գյուղապետը պատասխանեց՝ «ե՞րբ են եկել, որ չենք գցել»։

Սերժ Սարգսյանին «Դեպի ապահով Հայաստան» դրոշներով դիմավորելու էին դուրս եկել նաեւ Դալարիկի եւ Լեռնագոգ գյուղերի բնակիչները։ Քանի որ այստեղ Սերժ Սարգսյանը կանգ չէր առնելու, գյուղապետերը բավարարվել էին երեխաների ձեռքը դրոշակներ տալով։

Իսկ արդեն Քարակերտում կազմակերպված հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ՝ առաջարկելով անմիջապես անցնել հարցերին։

Թեեւ Արմավիրի մարզի այս հեռավոր գյուղը խմելու ջուր չունի եւ մարդիկ ստիպված ջուրը գնում են 40 լիտրը՝ 200 դրամով, լեփ լեցուն դահլիճում նախագահի հետ հանդիպման որեւէ մասնակից Սերժ Սարգսյանին գյուղի ջրամատակարարման վերաբերյալ հարց չուղղվեց։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ գյուղի համար այդքան կարեւոր հարցը չբարձրացրեցին, գյուղացիները ժպտում էին եւ ասում, թե անիմաստ է։

«Որովհետեւ գիտենք, որ լուծում չի ստանա։ Անիմաստ է, սա բեմականացված թատրոն էր, սիրելիս։ Որովհետեւ մենք մինչեւ այստեղ գալը գիտեինք, թե ով է խոսելու, ինչ է ասելու։ Մեր պետության մեջ ամեն ինչն է ձեւ եւ թատրոն», - մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Արմավիրում էլ Սերժ Սարգսյանը հանրահավաք անցկացրեց, որտեղ, մասնավորապես, ասաց, թե իրեն լուրեր են հասնում, որ «ինչ-որ տեղեր իբր թե անձնագրեր են հավաքում, ուսանողներին պարտադրում են մասնակցել քարոզարշավին, որոշ դասախոսները դասերը վեր են ածում քարոզչության»։

«Սիրելի արմավիրցիներ, մեզ դա պետք չէ», - հայտարարեց նախագահի թեկնածուն, - «Բնավ պետք չէ»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG