Մատչելիության հղումներ

Իշխանությունը «շահագրգռված է «Կարֆուր»-ի` Հայաստան գալով»


Հայաստանի իշխանությունը խիստ շահագրգռված է, որ ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը ներկայացված լինի Հայաստանում, Ազգային ժողովում կայացած հարցուպատասխանից հետո հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսօր ավելի վաղ «Թվիթեր»-ի իր էջում խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը` հույս հայտնելով, թե «Կարֆուր»-ի բացումը իրականություն կդառնա եւ դրական կանդրադառնա մրցակցության վրա:

Սակայն դեռեւս հայտնի չէ` «Դալմա գարդեն մոլ»-ում, որտեղ տեղադրված է «Կարֆուր»-ի մոտալուտ բացումը ազդարարող վահանակը, կբացվի՞ խանութը, թե` ոչ:

Վարչապետն ասաց` դա երկու մասնավոր ընկերության միջեւ ծագած խնդիր է, որին կառավարությունը չի խառնվի, բայց «Կարֆուր»-ի գալով ընդհանրապես շահագրգռված է:

«Ըստ այն տեղեկատվության, որը մեզ տրամադրեց «Կարֆուր»-ի ներկայացուցիչը, պայմանագիր նրանք չեն ունեցել, ունեցել են հուշագիր մտադրությունների մասին եւ աշխատել են այդ հուշագրի ներքո: Պետք է աշխատեն իրավական դաշտում եւ փորձեն երկու մասնավոր ընկերություններ գտնել իրենց համար ընդունելի լուծումներ», - ասաց վարչապետը:

Ատամնաբույժներին հարկային դաշտ բերելու հարցը կառավարությանը հուշել են տաքսիստները, բողոքել են, թե ինչո՞ւ պիտի իրենք հարկ մուծեն, ատամնաբույժները` ոչ, խորհրդարանում ասաց վարչապետը:

Ատամնաբույժների թեման նախ խորհրդարանի դահլիճում բարձրացրեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Պատգամավորը ասաց, թե նրանց հարկային դաշտ բերելու նախաձեռնությունից տպավորություն է ստացել, թե փորձ է արվում դաշտը մոնոպոլիզացնել, ինչ-որ օլիգարխի տալ: Վարչապետն անդրդվելի էր, նա պնդեց, թե ատամնաբույժների համար նախատեսված հարկային բեռը մեծ չէ:

«Եթե դուք 80 հազար դրամը բաժանեք աշխատանքային օրերի վրա եւ ամեն մի հաճախորդին մատուցած ծառայության վրա, ապա կտեսնեք, որ մի քանի լումայի մասին է խոսքը», - ասաց Սարգսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հերքեց տարածված այն տեղեկությունը, թե Սյունիքի մարզպետարանը վարձակալությամբ Իրանի Իսլամական Հանրապետությանը արոտավայր է տրամադրել: Հասարակության շրջանում մտահոգություն առաջացրած հարցը Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը հնչեցրեց:

«Չեղած բանի մասին չխոսենք, այսինքն երբ որ նման բան կլինի, այդ ժամանակ կարող ենք անդրադառնալ. այս հարցի տնտեսական շահավետությունը, բնապահպանական խնդիրները, տարածաշրջանի բնակիչների մասնակցությունը այս ամբողջ պրոցեսներին… այս ամբողջին կանդրադառնանք», - պատասխանեց նախարարը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում Լեհաստանի դեսպանի հայտարարությունը «ոչ կոռեկտ» որակեց` անդրադառնալով Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանի հարցադրմանը: Դեսպանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում խիստ քննադատություն էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:

«Դեսպանը պետք է իմանա համապատասխան դիվանագիտական կանոններ», - ասաց Նալբանդյանը:

«Երբ կրկնվում, հաճախակի են դառնում այդ դեպքերը, նշանակում է երկրից է», - նկատեց Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգություն»-ից Ռուբեն Հակոբյանը վարչապետին հարցրեց` ե՞րբ են հրաժարվելու «արջ ծառայություն մատուցողներից, որոնք վերջին ընտրություններում, օրինակ, մարդկանց անձնագրերն են հավաքում, անուն առ անուն գիտեն Հայաստանից բացակայողներին»:

«Մեզ այդ արջի ծառայություն մատուցողները պետք չեն», - պատասխանեց վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG