Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա մերժեց նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրաս Ղուկասյանի դիմումը:

Ղուկասյանը, հիշեցնենք, պահանջում էր արգելել նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին քարոզարշավի գովազդային հոլովակներում իր (Ղուկասյանի) պատկերի գործածումը եւ թյուր տեղեկատվության տարածումը:

«Ես համաձայնություն չեմ տվել այդ հոլովակում իմ պատկերը օգտագործելու համար, որը իր բովանդակությամբ քաղաքացիների մոտ կարող է ստեղծել թյուր պատկերացում, թե Սերժ Սարգսյանը աջակցել է Մաշտոցի պուրակում 2012 թվականի քաղաքացիական անհամաձայնություն ցուցաբերած քաղաքացիներին», - ասված է, մասնավորապես, թեկնածուի` ԿԸՀ ներկայացրած դիմումում:

Դիմումի քննարկման ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ հանձնաժողովը սանկցիաներ իրականցնելու իրավասություն չունի. - «ՀՀ որեւէ օրենք չի արգելում Հանրապետության նախագահի թեկնածուներին իրենց քարոզչական բնույթի հոլովակներում, քարոզչական նյութերում օգտագործել այլ անձանց պատկերով տեսանյութեր»:

Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչ Մարիետա Աբրահամյանը, ի պատասխան Տիգրան Մուկուչյանի հարցին, թե արդյոք անհրաժեշտ է քարոզչական տեսահոլովակում երեւացող բոլոր անձանց թույլտվությունը, ասաց, թե Ղուկասյանն այդ տեսարանում դիտորդ չէ, այլ գործող անձ:

Հանձնաժողովը, ի վերջո, համոզիչ չգտավ դիմումում շարադրված եւ Մարիետա Աբրահամյանի` նիստի ընթացքում հնչեցրած փաստարկները եւ մերժեց դիմումը:

ԿԸՀ-ի որոշումը Անդրիաս Ղուկասյանը կարող է եռօրյա ժամկետում բողոքարկել Վարչական դատարանում:

Հունվարի 21-ից հացադուլի մեջ գտնվող Ղուկասյանը, ում առողջական վիճակն այսօր կտրուկ վատթարացել է, ԿԸՀ-ի նիստին ներկա չէր:
XS
SM
MD
LG