Մատչելիության հղումներ

Մեկնարկեցին Քուվեյթի մշակույթի օրերը Հայաստանում


Հայաստանում Քուվեյթի մշակույթի օրերի հանդիսավոր բացումը Ազգային պատկերասրահում:
Հայաստանում Քուվեյթի մշակույթի օրերի հանդիսավոր բացումը Ազգային պատկերասրահում:
Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության կառավարությունների միջեւ կնքված 2011-2013 թթ. մշակութային համագործակցության ծրագրի շրջանակներում այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսով սկսվեցին Քուվեյթի մշակութային օրերը Հայաստանում:

Երեւանում եւ Գյումրիում արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Քուվեյթի մասին պատմող ֆիլմեր, ներկա գտնվել լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսների: Միջոցառման շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում հյուրախաղերով հանդես կգա Քուվեյթի պետական ազգային անսամբլը:

Քուվեյթի մշակույթի օրերի պաշտոնական բացմանն այսօր Ազգային պատկերասրահում ներկա էր նաեւ Քուվեյթից ժամանած 40 հոգանոց պատվիրակությունը, որը ղեկավարում է Քուվեյթի մշակույթի, արվեստների, նամակագրության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Հուսեյն Ալյուհան:

Բացման հանդիսավոր արարողությանը դիմելով ներկաներին` նա շեշտեց, որ մշակութային օրերը մարմնավորում են երկու ժողովուրդների ջերմ բարեկամությունը եւ արտացոլում երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որոնք սկսվել են ավելի քան կես դար առաջ, երբ հայկական համայնքը սկսեց իր ակտիվ մասնակցությունն ունենալ իրենց երկրի զարթոնքին եւ զարգացման գործընթացին:

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր խոսքում շեշտեց, որ Քուվեյթում անցկացված հայկական մշակույթի օրերին արվեստի եւ մշակույթի սրահները լի էին արվեստասերներով, որոնց շատ հետքրքրել էր հայկական արվեստը:

Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 70 գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանք, որոնք մի քանի օրից կցուցադրվեն նաեւ Գյումրիիում:

«Ազատություն» ռադիկայանի հետ զրույցում Հասմիկ Պողոսյանն ասաց, որ տպավորված է ցուցահանդեսից, հատկապես արաբական տառարվեստը պատկերող գեղանկարներից:

«Ուշագրավ է, որ Քուվեյթում այդքան շատ են կին արվեստագետները, գեղանկարչուհիները, որոնք մեծ հաջողությունների են հասել, նրանց աշխատանքները Քուվեյթում ներկայացված են հսկայական պատկերասրահներում», - նշեց նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG