Մատչելիության հղումներ

Բագրատյանին սատարելու համար ՀՀՇ-ականին կուսակցությունից հեռացրել են


Հիմնադրման պահից ի վեր Հայոց համազգային շարժում կուսակցությանը անդամակցող Հենրիկ Ավագյանին կուսակցությունից հեռացրել են միայն այն պատճառով, որ նա որոշել է սատարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին գալիք նախագահական ընտրություններում` գլխավորելով վերջինիս նախընտրական շտաբը Արտաշատում:

«Շաբաթ օրը մեր Արտաշատի ՀՀՇ-ի նախագահը՝ Վիկտոր Գասպարյանը, զանգահարեց ինձ, բա՝ կիրակի օրը տեղի է ունենալու նիստ։ Կիրակի օրը խորհրդի նիստ են կազմակերպել, խորհրդում եղել են 6 հոգի՝ ընտանեկան մի բուրգ․ քույր, եղբայր, աներձագ․․․ ես էլ իրենց հետ կազմել ենք 7 հոգի: Սկսեցին՝ օրակարգում 1 հարց՝ Հենրիկ Ավագյանին հեռացնել ՀՀՇ-ից, որ պաշտպանում է Հրանտ Բագրատյանին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հենրիկ Ավագյանը` մանրամասնելով․ - «Այնտեղ ներկա է եղել Հարութը Հովհաննիսյան, որը առաջվա ՀՀՇ-ի նախագահն էր, հիմա ՀԱԿ ներկայացուցիչն է, համ էլ ՀՀՇ-ի խորհրդի անդամ է։ Ինքը ներկայացրեց, որ ՀԱԿ-ը որոշում է կայացրել, որ չսատարել ոչ մեկին, չենք պաշտպանում ոչ մեկին, բայց դու որ պաշտպանեիր Արման Մելիքյանին, մենք քեզ չէինք հեռացնի, բայց որ պաշտպանում ես Հրանտ Բագրատյանին, մենք քեզ պիտի հեռացնենք ՀՀՇ-ից»:

Հենրիկ Ավագյանը հավելեց, թե չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ պետք է ընդդիմադիր ՀԱԿ-ում ՀՀՇ-ի քաղաքական գործընկեր հանդիսացող «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին սատարելու համար ինքը հեռացվի կուսակցությունից, եթե այլ թեկնածուների դեպքում նման խնդիր կարծես թե չի դրվում։

«Ես էլ ասացի՝ ՀԱԿ-ը բաղկացած է տարբեր քաղաքական ուժերից, այնտեղ լիդերներ կան՝ Ստեփան Դեմիրճյան, Լյուդմիլա Սարգսյան եւ ուրիշներ։ Հո դա կազմված չէ՞ միայն Լեւոն Զուրաբյանով։ Լեւոն Զուրաբյանը ինչպե՞ս է այդպիսի որոշում կայացրել, որ ով պաշտպանի Հրանտ Բագրատյանին, նրան հեռացնել։ Ասաց՝ այդպես է որոշում կայացրել, մենք պարտավոր ենք ենթարկվել», - պատմեց ՀՀՇ-ից հեռացված Ավագյանը։

ՀՀՇ վարչության նախագահ, Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը:

ՀՀՇ վարչության գլխավոր քարտուղար Վահագն Հայոցյանն էլ մեզ փոխանցեց, թե մինչեւ չմեկնի Արտաշատ եւ տեղում չծանոթանա իրավիճակին, մեկնաբանություն չի տա:

Հիշեցնենք, որ Հայոց համազգային շարժումը եւ Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը հանդիսանում են Հայ ազգային կոնգրեսի անդամներ:

Դեկտեմբերի վերջին Բագրատյանը առաջադրվեց նախագահի թեկնածու, եւ նախագահի ութ թեկնածուներից միակն է, ով անդամակցում է ՀԱԿ-ին: Նույն՝ դեկտեմբերի վերջին, Կոնգրեսը հայտարարություն տարածեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրի եւ առաջադրված որեւէ այլ թեկնածուի չի պաշտպանի:

Այսօր դիմեցինք նաեւ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբ` արձագանք ստանալու ակնկալիքով, սակայն շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանը փոխանցեց, թե չեն ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը:
XS
SM
MD
LG