Մատչելիության հղումներ

Ռուստամյան. «Դաշնակցության չմասնակցությունը նաեւ կոչ է»


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

«Բոլորը չմասնակցելը կամ չառաջադրելը համարում են մի կողմ քաշվել, բայց դա այդպես չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ամենաազդեցիկ ավանդական կուսակցության` Դաշնակցության դիրքորոշումը գալիք նախագահական ընտրություններում` թեկնածու չառաջադրել ու առաջադրվածներից ոչ մեկին չսատարել, կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. - «Մենք մինչեւ առաջադրումների սկիզբը ունեցանք Գերագույն ժողով, եւ Գերագույն ժողովը ամբողջական քննության առավ ստեղծված իրավիճակը: Իրական ընտրություններ ապահովելու միակ տարբերակ տեսնելով միացյալ թեկնածուի առաջացման հնարավորությունը` խնդիր էր դրված, որ մենք ամեն ինչ անենք, որ այդ թեկնածուն առաջանա: Դժբախտաբար մենք չհասանք մինչեւ վերջակետ միացյալ թեկնածուի առաջացման առումով: Որոշ լուրջ քայլեր կատարվեցին համաձայնության հիմքեր ստեղծելու իմաստով, ինչը ես համարում եմ նույնպես ոչ վատ արդյունք, որովհետեւ մեր խնդիրն էր միացյալ օրակարգով միացյալ թեկնածու գտնել, ոչ թե տեղերը փոխել: Եվ այս գաղափարը, կարծես թե, բոլորի կողմից ընդունվեց. այսինքն` ոչ թե խոսենք անձի մասին, ինչը միշտ կարող է տարաձայնությունների եւ պառակտումների ավելի մեծ դաշտ բացել, այլ նախ ասենք, թե ինչ ենք ուզում անել այս երկրում: Եթե մենք ընդդիմություն ենք, պետք է ունենանք մեր ընդդիմադիր օրակարգը, որով մենք տարբերվելու ենք այս իշխանություններից, եւ համապատասխան առաջարկությունները պետք է հնչեն: Դա կատարեցինք: Բայց չհաջողվեց, որ բոլորը միաձայն հայտարարեն, որ այդ օրակարգը իրենց համար ընդունելի է, եւ անցնենք արդեն հաջորդ քայլին` միացյալ թեկնածուի փնտրտուքին»:

Ռուստամյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Դաշնակցությունը, որ իր ուսերի վրա է կրել Առաջին հանրապետության ստեղծման ողջ բեռը, ստեղծել է առաջին Ազգային ժողովը, նաեւ ակտիվորեն մասնակցել է մերօրյա անկախ Հայաստանի կայացմանը, այսօր հայտնվել է պասիվ դիրքերում եւ սոսկ հայտարարություններով է հետեւում ընտրությունների ընթացքին. - «Սա պասիվ կեցվածք չէ: Բոլորը չմասնակցելը կամ չառաջադրելը համարում են մի կողմ քաշվել, բայց դա այդպես չէ: Մենք մի կողմ չենք քաշվել այս ընտրություններից, այլ ուղղակի ուզեցել ենք սրանով ընդգծել այն հիմնական պրոբլեմը, որ գոյություն ունի այսօր ընտրական համակարգի մեջ, այն խորը ճգնաժամը, որի մեջ հայտնվել է Հայաստանում ընդհանրապես ընտրությունների գործընթացը: Եվ դա է պատճառը, որ մենք անիմաստ ենք համարել այդպիսի պայմաններում ընտրություններին մասնակցելը»:

Ռուստամյանը մանրամասնեց, թե դրա համար կա երկու հիմնական պատճառ. - «Առաջին պատճառն այն է, որ ընտրությունից ընտրություն պարզ է դարձել, որ կա լիակատար իշխանության չարաշահում իշխող քաղաքական ուժի կողմից: Դա արտահայտվել է վարչաֆինանսական ռեսուրսի անվերահսկելի եւ անսանձ օգտագործման միջոցով: Եվ երկրորդ, ընտրությունների նկատմամբ ժողովրդի, հասարակության ծայրահեղ անվստահությունը, որի հիմքում ընկած է այն, որ չունենք նախադեպ, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանությունները երբեւէ փոխվել են: Եվ սա դեպրեսիվ հիասթափության մեջ է մղել ընդհանրապես քաղաքական դաշտը եւ ընտրողներին: Եվ այս պայմաններում իսկապես անիմաստ եւ անօգուտ է անհավասար պայմանների մեջ մտնել, տպավորություն թողնել, թե սա քաղաքական պայքար է` սրանով ինքն իրեն խաբել եւ խաբել հասարակությանն ու ընտրողներին: Չմասնակցելով` մենք ուզեցել են ընդգծել հենց այս փաստը` որ եկեք վերջ դնենք այս վիճակին, ստեղծենք մի ընտրական համակարգ, որը հնարավորություն է տալիս իշխանափոխություն իրականացնել: Մենք չենք ասում, որ այդ իրականացնողն անպայման այսօրվա քաղաքական ուժերը պիտի լինեն: Բայց ընտրական համակարգը եթե դա բացառում է` նշանակում է, որ երկրում ինչ-որ բան այն չէ, դա ժողովրդավարական երկիր, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ընդունակ երկիր չի կարող կոչվել»:

Ռուստամյանը հավելեց, որ ՀՅԴ-ի չմասնակցությունը նաեւ կոչ է. - «Կոչ է նախ ընտրողներին, որպեսզի նրանք իմանան, որ երբեւէ եթե մեր երկրում պիտի ժողովրդավարական ընտրություններ լինեն, դա պիտի լինի իրենց մասնակցությամբ, իրենց գիտակցությամբ: Սա կոչ է իշխանություններին, որ իրենք հասկանան, որ այսպես ուռճացնել իրենց տոկոսները եւ տոկոսի վրա տոկոս ավելացնելով ինքնագոհ վիճակում հայտնվելը բացարձակապես ժողովրդի եւ մեր երկրի բարօրությանը չնպաստող տոկոսային աճ է: Սա վիրտուալ մի իրականություն է, որի մեջ իշխանություններն իրենց դրել են, եւ իրենց թվում է, որ եթե 50 տոկոսը դարձավ 60-70 տոկոս, այդքան երկրի վիճակը լավացավ: Բացարձակապես այդպես չէ, որովհետեւ դրանք ժողովրդավարական ընտրությունների արդյունում ձեռք բերված տոկոսներ չեն: Եվ սա մենք ուզում ենք այս մեր ակցիայով, դեմարշով ընդգծել»:

Դիտարկմանը, թե այդ ակցիան, այնուամենայնիվ, պասիվ է, Ռուստամյանը հակադարձեց. - «Ակտիվ լինելու, այդ պրոցեսի մեջ մտնելու դեպքում, Դուք նույն հարցը մեզ կտայիք, որ եթե այսքան դժգոհում եք ընտրությունների անարդարությունից, ինչո՞ւ շարունակում մասնակցել ընտրություններին»:
XS
SM
MD
LG