Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ միասին հայկական համայնքի անդամները կքննարկեն, թե ինչպես կարելի է բարելավել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային կապերը եւ ավելացնել ներդրումները:

«Այս հանդիպումը լավ առիթ է կուտակված հրատապ հարցերը քննարկելու անձամբ ամերիկյան կառավարության ներկայացուցիչների հետ եւ նրանցից լսել կոնկրետ պատասխաններ, թե ինչ կարելի է անել հայ-ամերիկյան տնտեսական կապերը ամրացնելու համար», - ասում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ էլիզաբեթ Չուլջյանը:

Նրա խոսքով՝ վերջին 10 տարվա ընթացքում գործում է հայ-ամերիկյան տնտեսական հանձնաժողով, որ ժամանակին տարին երկու անգամ էր հանդիպում, իսկ այժմ՝ տարին միայն մեկ անգամ, սակայն, դժբախտաբար, այս հանդիպումները որեւէ կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել:

Իսկ հայ-ամերիկյան տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները վերանայելու կարիք կա: Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով` վերջերս մոտ երկու տասնյակ ամերիկյան ընկերություններ, այդ թվում Microsoft-ն ու Fedex-ը դիմել էին ամերիկյան կառավարությանը` նշելով թե Հայաստանի հետ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի (Trade and Investment Framework Agreement) անհրաժեշտություն կա:

Սա մի համաձայնագիր է, որ հարթակ կստեղծի զարգացնելու առեւտուրն ու ավելացնելու ներդրումները երկու երկրների միջեւ, վերացնելու այն խոչընդոտները, որոնք կարող են դժվարացնել առետրային եւ ներդրումային հոսքերը երկու երկրների միջեւ եւ կհստակեցնի, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հզորացնելու Ամերիկայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունները:

Հարավային Կովկասում այսպիսի համաձայնագիր Միացյալ նահանգները կնքել է Վրաստանի հետ 2007 թվականին: Նույնպիսի փաստաթուղթ ստորագրվել է նաեւ Ուկրաինայի եւ Թուրքիայի հետ:

Բացի այս համաձայնագիրը, ըստ Չուլջյանի, վերանայման կարիք ունի նաեւ երկու երկրների միջեւ հարկերի վերաբերյալ համաձայնագիրը, քանի որ ներկայիս համաձայնագիրը խորհրդային ժամանակներից է մնացել:

«Այլեւս այդ օրերը անցել են եւ ժամանակն է, որ այսօրվա իրականությանը համապատասխան մի համաձայնագիր գործի, որը կդյուրացնի երկու երկրների միջեւ ներդրումների հնարավորությունը, կօգնի խուսափել կրկնակի հարկումից», - ասում է նա:

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերանայման օգտին ամերիկահայերը մի քանի փաստարկ են բերելու. նախ` միջազգային զեկույցներում Հայաստանի դիրքերի բարելավումը, Համաշխարհային բանկի Doing business զեկույցում Հայաստանի 38 -րդ հորիզոնականը, ինչպես նաեւ Եվրամիության հետ հարաբերություններում վերջերս գրանցված առաջընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG