Մատչելիության հղումներ

Արդիական սահմանային անցակետերը` մոտ ապագայում


Բավրայի սահմանային անցակետը ձմռանը, արխիվ
Բավրայի սահմանային անցակետը ձմռանը, արխիվ
Այսօր կայացել է «Հայաստանի եւ Վրաստանի ահմանին գտնվող Բավրա - Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի բացման արարողությունը:

Մեկնարկային համաժողովին Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը եւ Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն ու հեռանկարները:

Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիոն 403 հազար եվրո, նպատակ ունի հայ - վրացական պետական սահմանի «Բավրա» եւ «Նինոծմինդա» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաեւ մարդկանց միջսահմանային տեղաշարժի հեշտացմանը:

Համաժողովին իր ելույթում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, ասել է. - «Մենք բավականին արդյունավետորեն համագործակցում ենք մեր գործընկերների հետ Հայաստան - Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ: Մեր աշխատանքները մտել են վճռորոշ փուլ, եւ մենք շուտով լավ արդյունքներ կգրանցենք Բագրատաշեն, Բավրա, Գոգավան հատվածներում` ունենալով Եվրամիության «Դեղին գրքի» ժամանակակից պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածքներ»:

«Այս ծրագրի լիարժեք կենսագործումը կնշանակի կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցում կամ վերացում, մաքսանենգության դեմ պայքարի մեխանիզմների կատարելագործում, բեռների եւ քաղաքացիների առավել արագ եւ ազատ տեղաշարժ, բյուրոկրատական քաշքշուկների եւ ավելորդ թղթատարության վերացում», - նշել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG