Մատչելիության հղումներ

Մշակվել է նոր վարկային ծրագիր ուսանողների համար


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, արխիվ

Բանկերի միության եւ կառավարության նախաձեռնությամբ պետական եւ ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին կտրվի ուսումնական վարկ: Վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, 10 տարի ժամկետով, 12 տոկոս տոկոսադրույքով:

Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը այսօր նշեց, որ ուսումնառության 4 տարիների ընթացքում ուսանողը կմարի միայն տոկոսը, իսկ մայր գումարը կսկսի մարել ուսումնառությունից հետո` տոկոսագումարի հետ զուգահեռ:

«2 տոկոս կառավարության կողմից վարկի համար լինելու է սուբսիդիա, այսինքն շահառու ուսանողների համար վարկի արժեքը լինելու է տարեկան 10 տոկոս եւ կառավարությունը հատուկ գերազանցիկ ուսանողների համար իրականացնելու է 3 տոկոս սուբսիդավորում: Առավելագույն վարկի գումարը լինելու է 1 800 000, վարկը տրամադրվելու է 4 փուլով, քանի որ ուսման տեւողությունը 4 տարի է, մի փուլի առավելագույն արժեքը լինելու է 450 000 դրամ», - տեղեկացրեց Օսիպյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, իրենք հաշվարկել ու պարզել են, որ մեկ տարվա ուսման վարձը միջինը կազմում է 450 000 դրամ, հետեւաբար պատահական չէ, որ վարկի մեկ փուլի համար տրամադրվում է հենց այդքան գումար:

«Կան բուհեր, որտեղ ուսման վարձն ավելի մեծ է, կան բուհեր, որտեղ փոքր է: Ուսանողական վարկերը պարտադիր չէ, որ ամբողջությամբ ծածկեն ուսման վարձը որեւէ բուհում, այսինքն 450 000 դրամը, դա այն գումարն է, որը զգալիորեն թեթեւացնելու է թանկ ֆակուլտետներում սովորող ուսանողների բեռը եւ ամբողջությամբ ծածկելու է միջին գնային շրջանակներում մատուցվող կրթական ծառայությունները», - ընդգծեց նախարարը:
Նախաձեռնությունն իրականացվում է 14 առեւտրային բանկերի միջոցով, բանկերի անունների ցանկը կհրապարակվի վաղը: Վարկերը կտրամադրվեն ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ: Օսիպյանի խոսքով` երաշխավորից կպահանջվի դրական վարկային պատմություն, սակայն մերժման պատճառ չի հանդիսանա նաեւ առհասարակ բանկի հետ որեւէ վարկային գործարք իրականացրած չլինելու հանգամանքը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կլուծվի խնդիրը, եթե 4 տարի հետո ուսանողն աշխատանք չգտնի, իսկ երաշխավորն էլ ի վիճակի չլինի վարկը մարել, Օսիպյանը պատասխանեց. - «Ապահովությունը երաշխավորությունն է, այդ ռիսկը կրում է բանկը, դրա համար բանկը պետք է ուսումնասիրի ում է վարկավորում, նայելու է առաջադիմությունը, մասնագիտությունը եւ այդ չափանիշներով, ինչպես միջազգային պրակտիկայում, կիրականացվի վարկավորումը»:

Որպեսզի տրամադրվող վարկը չօգտագործվի այլ նպատակներով, կրթության նախարարի հավաստմամբ` վարկի գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին: Իսկ մեր այն հարցին, թե կլինե՞ն ուսանողներ, որոնց վարկ, այնուամենայնիվ, չի տրամադրվի Աշոտյանը պատասխանեց. - «Վստահ եմ` վատ սովորող ուսանողին որեւէ բանկ չի տա համապատասխան միջոց, որովհետեւ եթե նայեն նույն այդ մարդու ոչ միայն վարկային այլեւ ակադեմիական պատմությունը, ակնհայտ է, որ ուսման մեջ խնդիրներ ունեցող ուսանողները չեն կարող օգտվել այս հնարավորությունից: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի խրախուսենք ուսանողներից դեպի գիտելիք եւ սովորելու պրոցեսը, մենք չենք երաշխավորում իրենց դիպլոմի հանձնման արարողությունը, մենք պետք է երաշխավորենք իրենց գիտելիքի փոխանցման արարողությունը»:
XS
SM
MD
LG