Մատչելիության հղումներ

Ժամանակավոր փաստաթղթի նշանակությունը` քվեարկության օրը


Ընտրություններ հայաստանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Ընտրություններ հայաստանյան ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը բացառում է այդ փաստաթղթի օգտագործմամբ բազմակի քվեարկությունը, ԿԸՀ-ի նախկին անդամը, սակայն, տեսնում է նման հնարավորություն։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել անձնագրային եւ վիզաների վարչություն` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ ստանալու համար: Անհրաժեշտ է միայն երկու լուսանկար: Ի դեպ, սա այն բացառիկ դեպքն է, երբ քաղաքացուց պետական տուրք չի պահանջվում:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք մեկ օրվա՝ հենց քվեարկության օրվա համար ստանալ այդ ժամանակավոր փաստաթուղթը՝ դիմելով հենց քվեարկության օրը, պատասխանեց. - «Տեղ կա նշելու, թե քանի օրով` քաղաքացու ցանկությամբ, բայց որպեսզի 9 ձեւը ես քաղաքացուն տամ, պիտի հասկանա, որ կորած անձնագիրը այլեւս անվավեր է, եւ նա էլ չի կարող հետո այդ անձնագիրն օգտագործել, օրինակ, սահման հատելիս»։

«Կարեւորը, որ մենք տեսնում ենք` ով է անձը, մեր Բնակչության պետական ռեգիստրում նրա վերաբերյալ տեղեկատվություն կա՞, թե՞` ոչ, եւ դիմողը համապատասխանո՞ւմ է այդ տվյալներին, թե՞` ոչ։ Եթե մարդը ունեցել է անձնագիր` վերջ, նա մեր քաղաքացին է, նրա քաղաքացիությունը պարզված է, եւ 9 ձեւը որեւէ ձեւով չի վտանգում գործընթացի օրինականությունը», - հավելեց նա։

Հարցին` բացառո՞ւմ է արդյոք, որ կարող է լինել, օրինակ, մի խումբ, որը այդ 9 ձեւից օգտվելով` կարող է մի քանի անգամ քվեարկել, Քոչարյանը արձագանքեց. - «Իհարկե, բացառում եմ։ Մի քանի անգամ քվեարկելու համար մարդը պետք է մի 100 տեղ լինի ցուցակում: Մի մոռացեք, որ ցուցակում մարդը ընդամենը մեկ տեղ է լինելու»։

Մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ, ներկայումս Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ժամանակավոր փաստաթուղթն ընձեռում է կրկնակի քվեարկության հնարավորություն։

«Մտավախություն կա հաստատ, որովհետեւ նախորդ տարիների ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում տալիս են տեղեկանք բազմակի քվեարկության մասնակցելու նկատառումներով», - ընդգծեց Թադեւոսյանը։

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը վկայակոչում է ժամանակավոր փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը։ «Կարեւորելով համապետական ընտրություններում այս հարցի շահարկելու բացառման անհրաժեշտությունը` մենք շատ արագ կառավարության որոշումով 9 ձեւի հետ կապված հարաբերությունները կարգավորեցինք», - ասաց Հովհաննես Քոչարյանը։

Դիտորդական արտոնագիր ստացած «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մատնանշեց կառավարության որոշման սողանցքը. - «Կոնկրետ վերահսկողության խիստ մեխանիզմները, կրկին կառավարության որոշմամբ, սահմանված չեն։ Եվ մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ այդ տեղեկանքները որեւէ կերպ հնարավոր չլինի ոչ հաշվառել, ոչ վերահսկել, թե քանի անձ դիմեց անձնագրի կորստի դիմումով եւ քանի անձ ստացավ այդ տեղեկանքը»:

Ընտրությունների նախապատրաստմանը հետեւող Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարեւոր է համարում հին անձնագրի տվյալները ընտրացուցակներից հանելը` անգամ քվեարկության օրը: Սակայն անձնագրային վարչության պետը ասում է, որ ոստիկանությունը ժամանակավոր փաստաթուղթ ստացող անձի տվյալները չի հանի ընտրացուցակներից:

Անկախ նրանից թե ինչ կանի ոստիկանությունը, քաղաքացին, ըստ Լեւոն Բարսեղյանի, պիտի հաշվի նստի իր գործողությունների հետ. - «Եթե նույն անձնավորությունը երկու տարբեր մատյաններում` հիմնականում եւ լրացուցիչ ցուցակում կստորագրի, որ ինքը քվեարկել է, կստացվի, որ ինքն իրեն քրեական պատասխանատվության առաջ կկանգնեցնի: Մարդն էլ պիտի իմանա սա, անկախ այն հանգամանքից` ոստիկանությունը որեւէ միջոց ձեռք կառնի հին անձնագրի տվյալները ցուցակներից հանելու համար, թե` ոչ», - ասում է նա:

Իրավաբանները կարեւոր են համարում հիշեցնել, որ անկախ ժամանակավոր փաստաթուղթ տրամադրելու կարգ սահմանող կառավարության որոշումից, Ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

Տիգրան Եգորյանը նշում է, որ 9-րդ ձեւի տրամադրման եղանակով լուծվում է հավելյալ անձնագրեր տպագրելու խնդիրը: Կեղծ անձնագրերի հարցը, հիշեցնենք, մեծ աղմուկ էր առաջացրել նախորդ ընտրությունների ժամանակ:
XS
SM
MD
LG