Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 6-ի մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է. - «Եթե պարզունակացնենք խնդիրը, ապա պետք է նկատենք, որ ընտրությունների հետաձգումը ձեռնտու չէր իշխանություններին: Լրացուցիչ ֆինանսներ, քարոզարշավի լարված օրեր, նոր անախորժությունների հավանականություն: Փոխարենը ձեռնտու էր ընդդիմությանն ու իշխանափոխության հակված զանգվածին: 15 լրացուցիչ օրը կարող էր էականորեն փոխել իրավիճակը՝ թեկնածուներից յուրաքանչյուրի հանդես գալու հնարավորությունները կմեծանային, ձնագնդի էֆեկտ կարող էր առաջանալ, էլ չենք խոսում մարտիմեկյան հանրահավաքից հետո հասարակական ակտիվացման մասին: Այնպես որ միանշանակ կարելի է պնդել, որ Պարույր Հայրիկյանն այս պարագայում, ինչ պատճառաբանություն էլ բերի, շարժվեց իշխանական սցենարով: Եվ եթե այդ չարաբաստիկ կրակոցն անսպասելիորեն բարձրացրել էր նրա վարկանիշը, ապա Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նույնքան անսպասելիորեն իջեցրեց: Միաժամանակ ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունների հետ ոչ մի գործարքի չգնացող անձն անգամ նորանկախ երկրի իշխանությունների «հմայքին» չի դիմանում եւ հեշտությամբ հանձնվում է՝ տեղավորվելով իր համար գծված շրջանակի մեջ»:

ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժամանակ» թերթի թղթակցի հարցին` Դո՞ւք էլ եք այն կարծիքին, թե նրա մահափորձի հետեւում այն ուժերն են, որոնք թեկնածու չեն առաջադրել, պատասխանել է. - «Բնականաբար, կարելի է այդպես էլ հասկանալ: Յուրաքանչյուր մարդ իր մտքում կարող է շատ բան առաջարկել, բայց իրավունք չունի հանիրավի մեղադրել մեկ այլ թիմի»: Դիտարկմանը, թե Պարույր Հայրիկյանը թիրախն ուղղեց Ռուսաստանի կողմը, Սահակյանը հակադարձել է. - «Ես ոչ ուզում եմ որեւէ երկրի կողմը ուղղել, ոչ էլ ներսի, որովհետեւ չի կարելի նման դեպքերը շահարկել: Մեղադրել՝ անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով, դա լոկ քաղաքական շահարկում է կամ բամբասանք»:

«Ժողովուրդ» թերթը զրուցել է «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, ինչպես թերթն է ներկայացնում` կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանի հետ: Նա ԵվրԱզԷՍ-ում Հայաստանի հնարավոր ընդգրկման կապակցությամբ ասել է. - «ԵվրԱզԷՍ մտնելու առաջարկն ի սկզբանե եղել է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ հենց Հայաստանի: ՀՀ ներկայացուցիչներն են ասել` մենք գանք, մենք մասնակցենք: Իսկ Տիգրան Սարգսյանը գալիս Հայաստանում ասում է, թե մենք կնայենք, կքննարկենք: Բայց Ռուսաստանի նախագահի, վարչապետի, ղեկավարության հետ տարբեր մակարդակների հանդիպումների ժամանակ նրանք բոլորն էլ ասում են, թե խոստանում են անել: Վստահ եղեք, որ Ռուսաստանը ոչ մի վատ բան չէր ասի, եթե Հայաստանից գային ու ասեին, որ մենք ընտրված լեգիտիմ իշխանություն ենք, մեր ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը քննարկել ու ծրագիր է ներկայացրել: Ըստ դրա` մենք գնում ենք Եվրամիության հետ սերտ հարաբերությունների: Բայց իրենք որեւէ տեղ վերջնական պատասխան չեն տալիս, ձգում են ամեն ինչ: Դրա համար էլ ո'չ այնտեղ են հավատում իրենց, ո'չ էլ այստեղ»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը փորձում է ցույց տալ իշխանության խոստումների եւ իրականության տարբերությունը փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, մասնավորապես, անշարժ գույքի գործակալներին եւ ատամնաբույժներին հասցված վերջին հարվածի օրինակով` գրելով. - «Ենթադրենք` ինչ-որ գործակալություն չորս բրոկեր ուներ եւ ամսական, ասենք, 60 հազար դրամ հարկ էր վճարում: Հիմա այդ գործակալությունը բրոկերներից երկուսին կկրճատի եւ պետությանը կվճարի 120 հազար դրամ հարկ, բայց կրճատվածները կհամալրեն գործազուրկների շարքերը: Ի՞նչ ստացվեց. հարկային մուտքերն ավելացան, բայց ավելացավ նաեւ գործազրկության մակարդակը: Իսկ այդ մարդիկ, հասկանալի է, ուզած-չուզած պիտի արտագաղթեն Հայաստանից: Բա հո սոված չե՞ն կոտորվելու: Նույնն էլ ատամնաբուժական կլինիկաների դեպքում է. կառավարության ընդունած որոշման միակ տեսանելի հետեւանքը լինելու է այն, որ հազարավոր մարդիկ գործազուրկ են դառնալու: Հակասությունն ակնհայտ է. Սերժ Սարգսյանը վերացական ելույթներ է ունենում արտագաղթը կասեցնելու մասին, իսկ Տիգրան Սարգսյանը կոնկրետ քայլերով բացահայտորեն խթանում է արտագաղթը»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG