Մատչելիության հղումներ

«Սեպտեմբերի 11»-ից հետո 50-ից ավելի պետություններ աջակցել են ԿՀՎ-ին


ԱՄՆ - Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին` հարձակումներից հետո

ԱՄՆ - Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին` հարձակումներից հետո

Հարավային Կովկասում ԿՀՎ-ի գործողություններին չմասնակցած միակ պետությունը Հայաստանն է:

Աշխարհի ավելի քան 50 պետություններ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ակտիվորեն աջակցել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի գործողություններին` մասնավորաբար արտոնելով ազատազրկման գաղտնի վայրերի գործունեությունն իրենց տարածքում, անօրինական մեթոդների կիրառմամբ հարցաքննությունների անցկացումն ու «Ալ-Ղաիդա»-ի հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող անձանց ձերբակալություններն ու արտահանձնումը: Այս մասին ասված է «Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն» իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակված զեկույցում:

Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից ստեղծված Բաց հասարակության հիմնադրամների ցանցին մաս կազմող այս կառույցի ներկայացուցիչները պնդում են, որ ամերիկյան հետախուզությանն ակտիվորեն աջակցել են նաեւ հետխորհրդային տարածքի` այդ թվում Հարավային Կովկասի մի շարք պետություններ: Հարկ է նկատել, որ մեր տարածաշրջանում ԿՀՎ-ի գործողություններին չմասնակցած միակ պետությունը Հայաստանն է: Փոխարենը, թե՛ Վրաստանը եւ թե՛ Ադրբեջանը «Սեպտեմբերի 11»-ից հետո ընկած բավական տեւական ժամանակահատվածում ակտիվորեն համագործակցել են ամերիկյան հետախուզության հետ:

Վրաստանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համատեղ գործողությունները հիմնականում ծավալվել են 2002 թվականին, երբ պաշտոնական Թբիլիսին ամերիկյան կողմին է հանձնել Ալժիրի, Եմենի, Եգիպտոսի եւ Հորդանանի մի շարք քաղաքացիների, որոնք Պանկիսի կիրճում վարժանքներ էին անցկացնում չեչեն զինյալների հետ: Ուշագրավ է, որ առնվազն մեկ դեպքում, ըստ զեկույցի հեղինակների, Վրաստանի իշխանությունները օգտագործել են տեղական մաֆիայի կարողությունները` հետագայում հանցավոր խմբի կողմից առեւանգված ազգությամբ արաբ կասկածյալին հանձնելով ամերիկացիներին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, զեկույցի հեղինակների պնդմամբ, պաշտոնական Բաքուն Կենտրոնական հետախուզական վարչության հետ շատ ավելի սերտորեն է համագործակցել, քան Թբիլիսին: «2001-ից հետո Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն դարձել էր կասկածյալների գաղտնի տեղափոխման հիմնական տարանցիկ կետերից մեկը: Հենց Ադրբեջանի մայրաքաղաքում էին շատ հաճախ հանդիպում կասկածյալներին տեղափոխող օդանավերն ու դրանց ուղեւորները, այստեղ էր ձեւավորվում այդ օդանավերի անձնակազմը», - նշում են «Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն» կազմակերպության իրավապաշտպանները` հավելելով, թե 2001-ից մինչեւ 2005 թվականները ամերիկյան հետախուզական ծառայությունները 76 անգամ օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքն ու օդանավակայանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG