Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը գովեստներ է շռայլում իր մրցակիցների հասցեին


Հայաստանի նախագահ, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր համակիրների հետ հանդիպման ընթացքում երեքշաբթի օրը գովեստի խոսքեր շռայլեց նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուների հասցեին։

Նա, մասնավորապես, նշեց, թե չի կասկածում, որ բոլոր թեկնածուներն էլ հայրենասեր, երկրի ապագայով մտահոգ եւ Հայաստանի զարգացման սեփական տեսլականն ունեցող մարդիկ են։

«Մեր հասարակության մի հատվածը, իհարկե, ընտրելու է Պարույր Հայրիկյանին, մարդ, որ իր ողջ կյանքով ու ճակատագրով մարմնավորում է անկախ Հայաստանի միշտ վառ գաղափարը։ Հասարակության մեկ այլ հատված կընտրի Հրանտ Բագրատյանին, մարդ, որ ունի մեր երկրի զարգացման սեփական տեսլականը։ Հասարակության մի հատվածն էլ կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, մարդ, ով դարձել է անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ», - մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով․ - «Մնացածների մասին էլ կարող եմ դրական բաներ ասել, բայց ես եկել եմ ձեզ ներկայացնելու, թե ինչու հասարակության մի հատվածն էլ ինձ կընտրի»։

Նշելով, որ իր մասին եւ իրեն սատարող թիմի մասին հավաքվածները գիտեն գրեթե ամեն ինչ, նախագահի թեկնածուն հայտարարեց, որ դեպի ապահով Հայաստան իր ծրագիրը Հայաստանը մոտեցնելու է եվրոպական ոչ մեծ պետությունների զարգացման աստիճանին եւ խոստացավ տուն բերել երկրից արտագաղթած քաղաքացիներին։

Ելույթից հետո Սերժ Սարգսյանը դահլիճում հավաքվածներին կոչ արեց հարցեր ուղղել իրեն։ Մասնավորապես, քաղաքացիներից մեկը հարցրեց, թե ե՞րբ են Երեւանում դադարելու կրակոցները։

«Ցույց տվեք աշխարհում մի քաղաք, որտեղ չեն կրակում։ Ցույց տվեք աշխարհում մի երկիր, որտեղ հանցագործներ չկան։ Դա երեւի միայն դրախտն է», - հարցին այսպես պատասխանեց գործող նախագահը։

Քաղաքացիներից մեկը հարց ուղղեց աշխատատեղերի բացակայության հետ կապված։ Սերժ Սարգսյանն էլ ասաց, թե դա Հայաստանում այլեւս հարց չէ, որովհետեւ այսօր շատ աշխատատեղեր կան, բայց մարդիկ չեն ցանկանում 150 հազար դրամով (ամսական մոտ 375 դոլար) աշխատել։ Աշխատավարձի այս չափի մատնանշումը մեծ իրարանցում առաջացրեց դահլիճում` մարդիկ զարմացել էին, որ երկրում 150 հազար դրամով թափուր աշխատատեղ կա։

Երբ նախագահը տեսավ մարդկանց զարմանքը, անմիջապես դիմեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. - «Ուզում ե՞ք, Տարոն, խնդրեմ, ասա, թե քանի վարորդի կարիք ունենք` հարյուրից ավե՞լ»։ «150 աշխատատեղ` վարորդի, մոտ 200 աշխատատեղ` կոմունալ ծառայությունում», - արձագանքեց քաղաքապետը` այդպես էլ չմատնանշելով, սակայն, թե այդ թափուր աշխատատեղերի համար որքան աշխատավարձ է նախատեսված։

Հարցերից բացի, Մալաթիա-Սեբաստիայի Հայորդաց տան դահլիճում հավաքվածները նաեւ գովեստի խոսքեր հղեցին Սերժ Սարգսյանին։

Հանդիպմանը Սերժ Սարգսյանին դիմավորելու էր եկել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հիշեցնենք, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում այս համայնքում Հայաստանի նախագահը բնակիչներին կոչ էր անում իրենց ձայնը տալ Ալեքսանյանին։

Մալաթիա-Սեբաստիայից բացի, Սերժ Սարգսյանը ուշ երեկոյան հանդիպում ունեցավ նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում։ Այստեղ էլ անցնելով հարցերին, քաղաքացիներից մեկը մի ուշագրավ դիտարկում արեց` ասելով, թե իրեն դուր չի գալիս, թե ինչպես է նախագահի թեկնածուներից մեկը ոչ կոռեկտ հայտարարություններ անում գործող նախագահի հասցեին. թե խոսքը որ թեկնածուի մասին էր` չկոնկրետացրեց։ «Ես` որպես ազատամարտիկ, չեմ ընդունում, չգիտեմ ինչքանով եմ ճիշտ, բայց ուզում եմ նաեւ խնդրելով Ձեր կարծիքը իմանալ», - ասաց նա։

«Ես էլ չեմ ընդունում։ Եթե որեւէ մեկը կարող է ասել, որ իրեն դուր է գալիս, երբ որ իրեն քննադատում են, եւ առավել եւս` իրեն դուր է գալիս, երբ որ իրեն հայհոյում են, ես չեմ հավատա այդպիսի մարդու։ Ինձ էլ չի դուր գալիս։ Բայց մյուս կողմից էլ` դա է այդ մարդու մակարդակը, հիմա ի՞նչ անենք, գնանք մենք էլ իրեն ծեծե՞նք», - Սերժ Սարգսյանի այս պատասխանին հաջորդեցին բուռն ծափահարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG