Մատչելիության հղումներ

Սիրիահայ ընտրողները բավականաչափ իրազեկված չեն


Սիրիահայերը ժամանում են Հայաստան, արխիվ
Սիրիահայերը ժամանում են Հայաստան, արխիվ
Հայաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիները, այդ թվում՝ սիրիահայերը հավասար ընտրական իրավունք ունեն, ինչպես Հայաստանի բոլոր քաղաքացիները: Սակայն քաղաքացիություն ստացած սիրիահայերից շատերը Հայաստանում հաշվառված չեն ու բնակության հասցե չունեն: Ու թեեւ նրանց մի մասը պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, սակայն, տեղյակ չէ, թե ինչպես կարող է իր անունը տեղ գտնել ընտրացուցակներում:

Սիրիահայ Թամարա Երանոսյանն վերջերս է Հայաստանի քաղաքացի դարձել: Թամարան ամուսնու ու երեխաների հետ վարձով է բնակվում ու այդ բնակարանում հաշվառված չէ: Նա որոշել է մասնակցել ընտրություններին, բայց իրականում չգիտի, թե որ ընտրատեղամասում կարող է քվեարկել: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Թամարան ասում է, թե պետական մարմիններն իրենց ընտրելու ընթացակարգի մասին չեն տեղեկացրել, ինքն էլ որոշել է այդ մասին հարցնել տան տիրոջը:

Որպեսզի քաղաքացու անունը ներառվի ընտրացուցակներում, նա կամ պետք է հաշվառված լինի որեւէ հասցեում կամ էլ ոստիկանությանը տեղեկացնի այն բնակարանի հասցեն, որտեղ բնակվում է այդ պահին:

Հայաստանի քաղաքացիություն ստացած սիրիահայերի գերակշիռ մասը Հայաստանի բնակչության ռեգիստրում հաշվառված չէ մի պարզ պատճառով` նրանցից շատերը հայրենիքում սեփական բնակարան չունեն եւ շարունակում են հաշվառված մնալ Սիրիայում գտնվող իրենց բնակարաններում: Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ հաշվառում ունեցող քաղաքացիները ներառվում են, այսպես կոչված, հիմնական ընտրացուցակներում ու քվեարկում են հաշվառման վայրում գտնվող ընտրատեղամասում: Նրանք, ովքեր չունեն հաշվառում, քվեարկելու համար մի շարք քայլեր պետք է կատարեն:

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ երկքաղաքացիները ընտրացուցակում ընդգրկվելու համար անձնագրային ստորաբաժանումներ պարտավոր են դիմում գրել: Դիմումում նրանք պետք է մատնանշեն իրենց բնակության հասցեն, ինչից հետո եռօրյա ժամկետում կընդգրկվեն լրացուցիչ ընտրացուցակներում: Դիմումները պետք է ներկայացվեն քվեարկությունից ոչ ուշ, քան յոթ օր առաջ:

«Իրենք պետք է հասկանան, որ իրենց քվեարկության համար ինչ-որ առանձնահատուկ կարգ գոյություն չունի: Եվ ընդհանրապես Ընտրական օրենսգիրքը «երկքաղաքացի», «ոչ երկքաղաքացի» հասկացությունները չի տարբերակում: Տարբերակումը հետեւյալ կատեգորիաների համար է` հաշվառում ունեցող քաղաքացիներ եւ հաշվառում չունեցող քաղաքացիներ», - ասաց Քոչարյանը:

Հովհաննիսյանն ասում է, որ իր ղեկավարած կառույցն է պարտավոր տեղեկացնել սիրիահայերին մանրամասները. իրազեկելու տարբերակները մի քանիսն են:

«Այդ պարտականությունը մենք կատարում ենք իրավական քարոզչության ձեւով, իրավական իրազեկման աշխատանքների ձեւով: Եթե մեր սիրիահայ քաղաքացիները ուշադրությամբ հետեւեն police.am եւ passportvisa.am կայքերում հրապարակվող տեղեկատվություններին, ապա կտեսնեն, որ իրենց հուզող հարցերի պատասխանները մենք այնտեղ տրամադրում ենք», - ասաց Անձնագրային վարչության պետը:

Հալեպահայ Թամարան, մինչդեռ, այս ամենի մասին չգիտի: Նա հիշում է Սիրիայում անցկացվող ընտրությունները, ասում է` այնտեղ ազատ ընտրություններ են անցկացվում, ընտրողը ում ուզում է, նրան էլ ընտրում է, ընտրակաշառք էլ չկա:

Ինչպես Թամարան, այնպես էլ այլ սիրիահայերը, ոչ բոլոր նախագահի թեկնածուներին են ճանաչում: Թոմաս Բաղդոյանն ասում է, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում, թեկնածուներից մի քանիսին գիտի ու դեռեւս չի որոշել, թե ում կտա իր քվեն:

«Ինձ հետաքրքրում է, որ ղեկավարը, եթե տանը տաքուկ նստած երեխա ունենա, ամեն ինչ անի, որ հեռու գյուղում գտնվող ցանկացած երեխա էլ տաք ապրի», - ասաց Բաղդոյանը:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալներով, 2012 թվականի ընթացքում Հայաստանի քաղաքացու անձնագիր է ստացել մոտ 3.000 սիրիահայ: Հայաստանում այժմ բնակվում է ավելի քան 6.000 սիրիահայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG