Մատչելիության հղումներ

Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան չի դիմի


Հայաստանի նախագահի թեկնածուն «ուղղակի չի ուզում շահարկել» իր հետ տեղի ունեցածը։

Անցած շաբաթ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի օգտվի իրեն վերապահված իրավունքից եւ չի դիմի Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

Սահմանադրությունը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հնարավորություն տալիս է թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ անհաղթահարելի խոչընդոտներ առաջացել են, բայց թեկնածուն չի ցանկանում դա «շահարկել»:

«Բոլորի համար պարզ է, որ սա անհաղթահարելի երեւույթ է, բայց եթե Հայրիկյանը դա անի, արդեն շահարկում է: Ինքը դա չի ուզում», - ասաց Հայրիկյանի շտաբի պատասխանատուներից Կարո Եղնուկյանը:

Միաժամանակ «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդի շտաբը պատրաստակամություն է հայտնում նախագահի մյուս թեկնածուների հետ քննարկել «միասնական մոտեցմամբ» հանդես գալու հարցը, եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա ընտրությունները հետաձգելու պահանջով դիմել Սահմանադրական դատարան:

«Որոշ թեկնածուներ արդեն հայտարարել են, որ իրենց մեքենան պիտի վառեն եւ պիտի դիմեն Սահմանադրական դատարան, որպեսզի հետաձգվի, մենք հետեւաբար, դուռը բաց ենք թողնում իրենց [համար]: Եթե ուզում են բանակցել միասնական մոտեցումով, մենք պատրաստ ենք», - ասաց Եղնուկյանը:

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դեռ երեկ կեսօրին լրջորեն հակված էր Սահմանադրական դատարան դիմելուն` համոզմունք հայտնելով, որ «ահաբեկչությունն ու ժողովրդավարական սկզբունքներով ընտրություններն անհամատեղելի են»:

Հայրիկյանի շտաբի պատասխանատուն այսօր հաստատեց, որ նրան երեկ այցելել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը: Ավելի վաղ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` հանրապետության նախագահի մակարդակով, Հայրիկյանին տեսակցել էին հիվանդանոցում: «Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշտել` Սահմանադրական դատարան չդիմելը Պարույր Հայրիկյանի անձնակա՞ն որոշումն էր, թե այնուհանդերձ, իշխանությունների հորդորով է կայացվել:

«Այո, իր որոշումն է. կարող եմ ասել, որ մասնակցել են իր մի քանի մտերիմները, բայց ոչ Դալլաքյան, ոչ Սերժ Սարգսյան, ոչ Տիգրան Սարգսյան իրենց ազդեցությունը Հայրիկյանի վրա չեն ունեցել», - պատասխանեց Եղնուկյանը:

Պարույր Հայրիկյանը ավելի ուշ անսպասելիորեն միացավ ասուլիսին: Հայտարարելով, որ հարցերի չի պատասխանելու, այնուհանդերձ, արձագանքեց նախագահության որոշ թեկնածուների այն տեսակետներին, թե ինքը իշխանությունների հետ գործարքի մեջ է մտել Սահմանադրական դատարան չդիմելու համար:

«Ես բոլոր այդ թեկնածուներին ասում եմ, թող վերցնեն իրենց տարիքը, նայեն, թե էդ տարիքում Հայրիկյանը ինչով է զբաղված եղել, հետո նոր հիմարություններ դուրս տան», - հայտարարեց թեկնածուն:

«Նրանք, ովքեր այս մահափորձի հետ կապված «հուզվում են», ես հիշեցնում եմ, որ ԿԳԲ-ն փորձել է ինձ բազմիցս սպանել տարբեր ժամանակներում», - հայտարարեց Հայրիկյանը` պատասխանելով ռուսական մամուլի այն հրապարակումներին, որ իր դեմ մահափորձի հետեւում ռուսական հետք տեսնելը «անհիմն, սադրիչ քայլ է եւ կեղծիք»:

Քիչ չեն մեկնաբանությունները, որ հատուկ ծառայությունների կողմից Հայրիկյանին սպանելու նպատակով ուղարկված անձը չէր կարող այդքան ոչ պրոֆեսիոնալ գործել:

«Ինչ վերաբերում է նրան, թե պրոֆեսիոնալ չէր... պատկերացնո՞ւմ եք դեպք, սիրելիներ, 25 սանտիմետր փամփուշտը մարդու մարմնով անցնի եւ մարդը կենդանի մնա: Ես Տիրոջ կամքով կենդանի մնացի, բայց դա չի նշանակում, որ դիմացինը սխալ էր արել: Ինքն ինչ անելու էր արել էր, բայց հրեշտակները չթողեցին, որ դա կատարվի, որպեսզի ես … երեւի ինչ-որ բան կա, որով պիտի դեռ օգտակար լինեմ», - ասաց նա:

«Եթե սպանելու նպատակ կար, ինչո՞ւ կրակողը դիմակավորված չի եղել եւ Հայրիկյանին հնարավորություն է տվել տեսնել իր դեմքը» հարցին թեկնածուի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը ուշագրավ պատասխան տվեց. - « Մարդուն ոչնչացնելու նպատակ հետապնդող մարդասպանները դիմակ չեն հագնում»:

«Դու չես վախեցնում մարդուն մի հատ կրակելով, կամ երկու հատ կրակելով` տվյալ դեպքում, դա վախեցնել չի, դա սպանել է : Եվ որ դիմակ չունի…. քիլլերը դիմակ չի հագնում, երբ որ գնում է գործը կատարելու: Նա եթե գնում է միայն վախեցնելու, էն ժամանակ է դիմակ հագնում, որ իրեն չճանաչեն, հետո ցուցմունք չտաս: Եթե ուզում էին Հայրիկյանին վախեցնեին, քացիի տակ կգցեին, չէին կարո՞ղ դա անել: Ինչի քի՞չ են արել, Մանուչարյանին չեն ծեծե՞լ. Վահե Ավետյանին չեն արե՞լ: Վախեցնելու շատ ավելի դաժան ձեւեր կան, որ ավելի լավ է տեղ հասնում», - ասաց նա:

Դիտարկմանը, թե «վերլուծություններ կան, որ դա թատերական ներկայացում է եղել», Եղնուկյանը հակադարձեց. - «Եկեք դուք էլ այդ թատերական ներկայացումն արեք, բեմադրեք, ձեր դերասաններին ընտրեք, բայց նայեք, որ իսկական փամփուշտ օգտագործեք եւ տեսեք` էդ մարդը ողջ կմնա՞ վերջում, թե՞ չէ»:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի փաստի առիթով քննվող քրեական գործի վերաբերյալ դեռեւս որեւէ նորություն չի հաղորդվում, այնուհանդերձ, թեկնածուի շտաբը գոհ է քննության ընթացքից:

Քարոզարշավը շարունակելու մասին հարցին Պարույր Հայրիկյանը այսօր պատասխանեց, որ «արդեն գործի մեջ է»: Թեկնածուն ասուլիսի էր եկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից եւ վերադարձավ հիվանդանոց:

«Եկա ընդամենը ցույց տալու, որ ներկա եմ. թող ամեն հայ իմանա, որ ահաբեկչությունը հայ քաղաքական կյանքը իր բնականոն ուղուց չպետք շեղի», - ասաց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG