Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը եւ Անդրիաս Ղուկասյանը թերահավատ են ընտրացուցակների «աննախադեպ ճշգրտության» հարցում:

«Արդեն Տիգրան Մուկուչյանը ի վերուստ դարձնում է այս ընտրությունները ոչ լեգիտիմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց նախագահի թեկնածու, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Օրեր առաջ, հիշեցնենք, ԿԸՀ նախագահը հայտարարել էր. - «Որեւէ երկրում անհնար է պատկերացնել, որ այդ ցուցակներում բացարձակ, 100 տոկոսանոց ճշմարտություն է: Պետք է նկատել, որ այս առումով մեր ցուցակներն ունեն աննախադեպ ճշգրտություն»:

«Ցուցակներում ընտրողների թիվը արդեն մոտեցել է բնակչության մշտական թվին: Խայտառակություն է», - այսօր վրդովված ասաց Հրանտ Բագրատյանը:

Նախագահի թեկնածու, ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իր ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին Հայաստանում կա 1 մլն 500 հազար ընտրող (պաշտոնական թիվը մեկ միլիոնով ավելի է):

«Եվ այդ մեկուկես միլիոնից քվեատուփերին կմոտենա առավելագույնը 1 միլիոն 300 հազար մարդ: Եթե դրանից ավելի մարդ ցույց տվեց պաշտոնական վիճակագրությունը, դա նշանակում է, որ ընտրությունները կեղծված են», - հավելեց Մելիքյանը:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ` եթե Տիգրան Մուկուչյանն ասում է, որ ընտրացուցակները վստահելի են, ուրեմն ստում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թեկնածուն փաստարկեց հետեւյալ կերպ. եթե 1992 թվականից հետո ծնունդների թիվը Հայաստանում երկու անգամ կրճատվել է, ուստի նույնքան պակաս պիտի լիներ 2008-ին ընտրելու իրավունք ստացածների թիվը: Իսկ դա, ըստ նախագահի թեկնածուի, նշանակում է, որ «2012 թվականին եթե ընտրողների ցուցակը մեծանում է 180 հազարով, դա նշանակում է, որ 2008 թվականից մինչեւ 2012 թվականը Հայաստանում ոչ ոք չի մահացել»:
XS
SM
MD
LG