Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանը խուսափեց շփվել լրագրողների հետ


Գագիկ Ծառուկյանն ու Գալուստ Սահակյանը հեռանում են ԱԺ նիստերի դահլիճից:

Գագիկ Ծառուկյանն ու Գալուստ Սահակյանը հեռանում են ԱԺ նիստերի դահլիճից:

Մայիսյան ընտրություններից հետո առաջին անգամ խորհրդարան եկած Գագիկ Ծառուկյանը խուսափեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփվելուց` Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ դահլիճից հեռանալով Ազգային ժողովի նախագահի համար նախատեսված (լրագրողների համար ոչ հասանելի) մուտքով:

Ծառուկյանը նիստերի դահլիճում անցկացրեց շուրջ 20 րոպե, մասնակցեց մի քանի քվեարկությունների:

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ իրարանցումն իրեն ուրախացնում է, բայցեւ` զարմացնում. - «Ցանկացած քաղաքական գործչի, պատգամավորի, այդ թվում նաեւ պարոնի Ծառուկյանի իրավունքն է, ինքն է որոշում` պատասխանե՞լ լրատվամիջոցների հարցերին, թե՞ ոչ: Ինքն է որոշում պահը»:

Դիտարկմանը, թե բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ այլ թեկնածու չսատարելու որոշմանը, կուսակցության առանձին ղեակավար անդամների` Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարություններին, բաց են մնում, Զոհրաբյանն արձագանգքեց. - «Նախագահական ընտրությունների վերաբերյալ որեւէ հարցի ես չեմ պատասխանելու: Կա Քաղաքական խորհրդի որոշումը` «Բարգավաճ Հայաստան»-ը որեւէ թեկնածու չի առաջադրում եւ չի սատարում որեւէ թեկնածուի: Մնացյալ հարցերով դիմեք տվյալ քաղաքական գործիչներին»:

Վիրահատությունից հետո առաջին անգամ այսօր խորհրդարան էր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նա հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը չի պատրաստվում հեռանալ ընդդիմադիր դաշինքից:

Դեմիրճյանը չցանկացավ որեւէ վարկած հնչեցնել Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի կապակցությամբ:

Նույնն արեց եւ Նաիրա Զոհրաբյանը. - «Կարծում եմ, խնդիրն իրավապահներինն է: Ես ձեռնպահ կմնամ նաեւ որեւէ վարկած հնչեցնելուց»:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) բացառեց արտաքին ուժերի մասնակցությունը Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպմանը:

ԱԻՄ առաջնորդը, հիշեցնենք, ասել է, թե կրակողը հայկական դիմագծեր չուներ` կասկածելով «ռուսական իմպերիալիզմի հատուկ ծառայություններին»:

«Ամբողջ աշխարհում նման դեպքերը հնարավոր են: Այստեղ պետության խնդիրը, իշխանություն խնդիրն է` կկարողանա՞ բացահայտել, որքա՞ն արագ դա կարող է անել», - ասաց Սամվել Նիկոյանը` հույս հայտնելով, որ հանցագործությունը կբացահայտվի. - «Դա ե'ւ պետության վարկի հարց է, ե'ւ իշխանության վարկի հարց է, ե'ւ վերջ ի վերջո, այս իրավիճակին վերջ տալու հարց է… Նման նախընտրական շրջանում առավել ուշադիր եւ զգոն պետք է լինեն [հատուկ ծառայությունները]»:

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարող են արդյոք այլ պետություններ մահափորձ կազմակերպել Հայաստանում, պատասխանեց. - «Եթե դուք այլ պետություն ասելով նկատի ունեք Թուրքիան կամ Ադրբեջանը, ապա չեմ կարծում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Հայաստանում ամեն ինչ լինի հարթ: Բայց ես չեմ էլ կարող պնդել որեւէ բան, որովհետեւ ես որեւէ փաստ չունեմ, եւ սա իմ լիազորությունների շրջանակում չէ: Փաստն այն է, որ սա ձեռնտու է նրանց, ում քուն ու դադար չի տալիս Հայաստանում նախընտրական պրոցեսների հանգիստ, հանդարտ, ժողովրդավարական եւ կոռեկտ բնույթը»:
XS
SM
MD
LG