Մատչելիության հղումներ

«Ուզում են մենաշնորհել ոլորտը»


Ատամնաբուժական ծառայությունների արտոնագրային վճարների բարձրացմամբ, ըստ այսօր խորհրդարանի շենքի մոտ բողոքող առամնաբույժների, կառավարությունը ցանկանում է «մենաշնորհել» ոլորտը:

Բողոքի լուռ ակցիայի մասնակիցները համաձայն չեն նաեւ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում ատամնաբույժների որոշ կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում մշակված փոփոխության նոր նախագծին, որն այսօր բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Օրենքում ավելի վաղ կատարված եւ ընթացիկ տարեսկզբից ուժի մեջ մտած փոփոխություններով, հիշեցնենք, զգալիորեն բարձրացել են ատամնաբույժների վճարները. եթե նախկինում նրանք ամսական մեկ բազկաթոռի համար վճարում էին 10-15 հազար դրամ, ապա այժմ օրենքը պարտադրում է ամսական վճարել 80 հազար դրամ` ներառյալ ատամնատեխնիկական սեղաններն ու ռենտգեն-բազկաթոռները, որոնք նախկինում չէին հարկվում:

Բաբլոյանի ներկայացրած տարբերակում 80.000 դրամը նվազեցվում է մինչեւ 60.000 դրամի, նվազեցվում են նաեւ այլ քաղաքներում գործող ատամնաբուժարանների համար սահմանված վճարները (մինչեւ 45.000 դրամ) եւ այլն:

Ատամնաբույժները թեեւ դեռ չեն քննարկել այս տարբերակը, բայց արդեն նշում են, որ այն եւս գոհացուցիչ չէ: Նրանք պահանջում են օրենքը փոփոխել ու իրենց թույլ տալ աշխատել նախկինի պես:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ակցիայի մասնակիցները համոզմունք հայտնեցին, թե օրենքում կատարված փոփոխությամբ կառավարությունը նպատակ ունի այս ոլորտը մենաշնորհել՝ աստիճանաբար իրենց դուրս մղելով դաշտից:

«Մենաշնորհման համար է», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից «Մանեդ» ընկերության տնօրեն Մանուկ Գեւորգյանը` պարզաբանելով, թե պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմամբ մեծ գումարներ են շրջանառվելու. - «Արդեն հաշվել են, որ մեծ գումար է կազմում, որ կարելի է մեկ-երկու ձեռքում գնա: Յուրաքանչյուր մարդ այդ գումարը վճարելու է ու գնալու է իրենց ուզած կլինիկաները»:

«Ակտիվ գործունեություն է ծավալվել ատամնաբուժական շուկայի մենաշնորհման ուղղությամբ», - հավելեց մեկ այլ բողոքավոր:

Բողոքի ակցիայի եկածներն ասում են, թե արդեն շատերը ճամպրուկային տրամադրության մեջ են, ու երկրից հեռանալը կախված է իրենց պահանջների կատարումից:

«Մանեդ» ընկերության տնօրենն ասաց, որ հունվարի 1-ից չի աշխատում. - «Դիմումը գրված է, որ ես չեմ աշխատելու: Բացի հարկերը բարձրացնելուց, պահանջ է դրվել, որ նախապես` 2 ամիս առաջ պետք է վճարվեն այդ արտոնագրային վճարները: Գումարը չունենք մենք նախապես վճարելու»:

Մանուկյանի խոսքով, շարունակում են աշխատել նրանք, ովքեր բանկերից վարկեր են վերցրել ու ստիպված են դրանք մարելու համար աշխատել:

Ատամնաբույժները կանխատեսում են, որ եթե իրենց շարունակեն հարկել փոփոխված օրենքով, ապա առնվազն երկու անգամ կբարձրանան իրենց ծառայությունների գները:
XS
SM
MD
LG