Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Պետք է շարունակենք անխափան, հստակ աշխատանք


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) այցելում է մահափորձի հետեւանքով վիրավորված Պարույր Հայրիյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․

Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանը (աջից) այցելում է մահափորձի հետեւանքով վիրավորված Պարույր Հայրիյանին, Երեւան, 1-ը փետրվարի, 2013թ․

Գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երկուշաբթի Արարատի մարզում անցկացրած քարոզարշավի ժամանակ, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, ընդգծեց, որ թույլ չեն տալու խափանել ընտրությունների բնականոն ընթացքը:

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ին իրականացված մահափորձից հետո Սերժ Սարգսյանը հետաձգել էր իր քարոզարշավը, եւ այսօր Մասիս քաղաքի երաժշտական դպրոցում իր համակիրների հետ հանդիպումը սկսեց Հայրիկյանի դեպքին անդրադառնալով: Սարգսյանն ասաց` հաճելի է տեսնել, թե ինչպես է Հայրիկյանը արագ ապաքինվում:

«Չնայած այն զազրելի հանցագործությանը, որ, իմ համոզմամբ, ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի դեմ, այլ նաեւ մեր պետականության դեմ, ուղղված էր մեր առաջընթացի դեմ, մեզանից յուրաքանչյուրը սա պետք է հասկանա եւ իր գործը ավելի լավ կատարի, եւ մենք պետք է շարունակենք անխափան, հստակ աշխատանք, որովհետեւ այդ հանցագործության նպատակը հենց կայանում է նրանում, որ խափաներ մեր ընտրությունների բնականոն ընթացքը: Բայց ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին, մեր թիմի հետ միասին, մեր համաքաղաքացիների հետ միասին դա թույլ չենք տա: Այս իրավիճակում միայն ու միայն պետք է գործի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ ես` որպես այդ Սահմանադրության երաշխավոր, խոստանում եմ ձեզ, որ բոլոր գործընթացները համապատասխանելու են Սահմանադրության տառին եւ ոգուն», - հայտարարեց նախագահը:

Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ Վեդի քաղաքում, սակայն այդպես էլ չբացեց փակագծերը, թե կոնկրետ ում էր ձեռնտու խափանել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները:

«Ակնհայտ է, որ այդ հանցագործության նպատակը ազդելն էր ընտրությունների վրա, ուրիշ բան լինել չէր կարող: Նույնիսկ եթե ինչ-որ մի հրաշքով բացահայտվի, որ դա կենցաղային հողի վրա է եղել, միեւնույն է, որովհետեւ մարդը բոլոր դեպքերում նախագահի թեկնածու է, եւ հանցագործություն կատարելու պահը ընտրվել է նախընտրական շրջանում», - ասաց Սարգսյանը:

Գործող նախագահը նշեց, թե հատկապես Հայրիկյանի հետ կատարված դեպքից հետո պարտավոր են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խնդրի վրա մեծ ուշադրություն դարձնեն:

«Մենք պետք է ավելի համախմբվենք, մեր վճռականությունը պետք է ավելի մեծանա, եւ ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին կարողանալու ենք անցկացնել լավ ընտրություններ` ոչ միայն մեր գնահատմամբ, այլեւ մեր ժողովրդի եւ մեր գործընկերների տեսակետից», - ասաց նա:

Նկատենք, որ եթե անցած շաբաթ Կոտայքի մարզում Սերժ Սարգսյանը ընդգծում էր, որ ընտրություններում ձեռք բերված տոկոսները էական չեն, ապա այսօր Արարատի մարզում նա հայտարարեց, թե անգամ մեկ քվեն իր համար չափազանց կարեւոր է:

«Յուրաքանչյուր լրացուցիչ քվե ինձ ավելի մեծ ուժ է տալու, իմ հնարավորությունները ավելացնելու է: Մի պակաս քվեն իմ հնարավորությունները քչացնելու է», - հայտարարեց թեկնածուն:

Արարատ քաղաքի մշակույթի տանը համակիրների հետ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը։ Վերջինս հայտարարեց, որ բոլոր արարատցիներին կոչ է անելու քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նքը եւս Սերժ Սարգսյանին է տալու իր ձայնը, Արմեն Սարգսյանը ասաց. - «Միանշանակ Սերժ Սարգսյանին, որովհետեւ ուրիշ ավելի հզոր թեկնածուի ես չեմ տեսնում, որը կարող է մեր երկիրը այս վիճակից հանել, մարդը գործ է արել, հասել է գործի այն պահին, որ պետք է շարունակվի։ Կիսատ թողնելը եւ վստահ ուրիշին, չեմ կարծում, որ նպատակահարմար է»։

Հարցին, թե կոնկրետ ինչի՞ է հասել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ - «Ինչո՞ւ եք դու մենակ վատը տեսնում, շատ լավ բաներ կան, որ դուք չեք ուզում տեսնել։ Եկեք չխորանանք, թե կոնկրետ ինչ»։

Հարցին, թե ընտրությունների վերաբերյալ Արամ Սարգսյանի հայտարարությունների մասին ինչ կարծիք ունի, մասնավորապես, որ դրանք «տուն-տունիկ» են լինելու, գործող նախագահը կեղծիքներով է վերընտրվելու եւ այլն, Արմեն Սարգսյանը պատասխանեց․ - «Նա իմ եղբայրն է, արյունը երբեք ջուր չի դառնում։ Մենք տարբեր հայացքներ ունենք քաղաքականության առումով։ Ես այսօր ընտրում եմ Սերժ Սարգսյանին, եւ դա մեկնաբանելու կարիք չկա»:

Եվ Մասիսում, եւ Արարատում Սերժ Սարգսյանին դիմավորելու էին եկել բազմաթիվ դպրոցականներ` բացակայելով դասերից: Դպրոցականներն ասում էին` «օգնելու բան կար եկել ենք, դրոշակները պիտի բռնենք»:
XS
SM
MD
LG