Մատչելիության հղումներ

Հայրիկյանը ենթադրում է, որ կրակողը հայ չէր


Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում զրուցում է լրագրողների հետ, Երեւան, 2-ը փետրվարի, 2013թ.

Պարույր Հայրիկյանը հիվանդանոցում զրուցում է լրագրողների հետ, Երեւան, 2-ը փետրվարի, 2013թ.

Ընտրությունների հետաձգման հարցով իր որոշումը նախագահի թեկնածուն կհրապարակի երկուշաբթի օրը։

Հունվարի 31-ի գիշերը մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը երկուշաբթի օրը կհայտարարի` տեսնո՞ւմ է արդյոք նախագահական ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն: Այդ մասին Հայրիկյանը տեղեկացրեց շաբաթ օրը հիվանդանոցի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում:

Ինչպես հայտնի է, ընտրությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգելու անհրաժեշտություն առաջանում է նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում, իսկ այդ խոչընդոտների չվերացման պարագայում նշանակվում է նոր ընտրություն` նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո 40-րդ օրը:

Նախօրեին վիրահատված Պարույր Հայրիկյանը այսօր արդեն քայլում էր, քայլելով դուրս եկավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի շտապօգնության եւ վերակենդանացման բաժանմունքից, մոտեցավ բաժանմունքի դռների մոտ հավաքված լրագրողներին։

«Լավ եմ, բժիշկների սպասածից ավելի լավ, տառապյալ չեմ խաղա: Ես կարծում եմ, երբ վերքի զտիչները հանեն, դրանից հետո նույնիսկ մտածում եմ միանալ ձեզ ընդհանրապես», - ասաց «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդը։

«Ես ընտրությունները հետաձգելու իրավունք ունեմ: Իմ կյանքում առաջին դեպքն է, երբ ինձանից է կախված` ընտրությունները հետաձգե՞լ, թե՞` ոչ: Ընտրությունը ժողովրդավարական գործընթաց է: Մնացածի մասին ես երեւի վաղը չէ մյուս օրը կասեմ: Վաղը չէ մյուս օրը կասեմ` կդիմե՞մ Սահմանադրական դատարան, թե՞` ոչ», - նշեց Հայրիկյանը ի պատասխան լրագրողների հարցերի։

Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ, հիշեցնենք, իրականացվել էր Երեւանի Տպագրիչների փողոցում գտնվող իր բնակարանի մոտակայքում: Այսօր նա հայտարարեց, որ սկսում է հիշել իր վրա կրակողի դեմքը եւ կարծում է, որ նա հայ չի եղել, հայկական դիմագծեր չի ունեցել։ Հայրիկյանը «ռուսական իմպերիալիստական ուժերին» է կասկածում իր մահափորձը կազմակերպելու մեջ եւ համոզված է, որ իրեն սպանելու նպատակ են ունեցել, ինչն ուղղված է եղել ողջ հայ ժողովրդի «ինքնորոշման իրավունքի դեմ»։

«Ինձ համար շատ մտահոգիչ է, որ այդ այլանդակը չէր խոսում, ոչ մի բառ չխոսեց, նույնիսկ էն պահին, երբ որ ինքը ճգնում էր, որ ես դադարեցնեի էդ շարժումները, գոնե մի բառ կասեր` «արա» կամ մի բան: Ոչ մի բառ: Ես ենթադրում եմ , որ դա հայ չէր, աստիճանաբար դեմքը ուրվագծվում է, եւ հայկական դիմագծեր չէին», - հայտարարեց նախագահի թեկնածուն։

«Բոլոր պետություններն ունենում են էդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար, երբեմն էլ պետություններ չեն ունենում, այլ լինում են կազմակերպություններ: Այս անողները իմ դեմ չի, որ արել են` սա արված է բոլորիս դեմ, բայց տվյալ փուլում իրենք նաեւ մի գործնական նպատակ են հետապնդում` խախտել մեր, մեր ժողովրդի, մեր պետության ընթացակարգը, խախտել, եւ, իհարկե, ոչ հօգուտ մեզ», - համոզմունք հայտնեց Հայրիկյանը։

«Դուք կասկածում եք ռուսական հատուկ ծառայությունների՞ն», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին նա պատասխանեց. - «Ոչ, ես ասում եմ` ռուսական իմպերիալիզմը եղել է եւ մնում է մեր հիմնական թշնամին: Ռուսական իմպերիալիզմն է, որ մտածում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդը երբեք չպետք է հզորանա, որովհետեւ եթե հզորացավ, ապա այս տարածքներից իրենց ոտքը պետք է քաշեն: Մենք իրենց համար չկանք, կանք որպես ֆորպոստ: Հայկական երկաթուղին վերանվանեցին «Հարավկովկասյան»` այնքան «Հայաստան» անունը լսել չեն ուզում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Պուտինին ձեռնտու չե՞ն Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները», Հայրիկյանը հակադարձեց. - «Պուտինի մասին ես չեմ խոսում: Ռուսական իմպերիալիզմը կարող է լինել Ստալինի տեսքով , կարող է լինել Աթարբեկյանի տեսքով, կարող է լինել որեւէ մեկի տեսքով, ես խոսում եմ ավելի ընդհանուր: Ռուսական իմպերիալիզմը չի ուզում, որ Հայաստանը հզորանա, հայերը հզորանան: Էդպիսի դրվագներ ունեցել ենք, ինչ-որ պահի` Ելցինի ժամանակներում, ինչ-որ պահի` Կերենսկու ժամանակ... Ես դրականն էլ եմ հիշում եւ ուզում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լավը լինեն: Բայց մեր ինքնորոշման իրավունքից վեր ոչինչ չկա»:

«Բացառո՞ւմ եք ներքին թշնամին», - լրագրողներից մեկի այս հարցին էլ նա արձագանքեց. - «Ներքին թշնամին թշնամի է դառնում այն ժամանակ, երբ լինում է դրսինի գործակալը, ինքնին ներքին թշնամի չկա` կա դրսի թշնամու գաղտնի գործակալ: Աթարբեկյանն ի՞նչ էր` հայ էր, բայց նա ներքին թշնամի չէր, նա ռուսական իմպերիալիզմի ներկայացուցիչն էր, որ եկել էր Հայաստան հայ մտավորականությանը վերացնելու: Որեւէ հայ չի կարող, նույնիսկ գաղափարական հակառակորդ, իրեն ինքնորոշման գաղափար մատուցող մարդու նկատմամբ թշնամաբար տրամադրվել, դա բացառվում է: Ինքնորոշման սկզբունքը թշնամի է օտար նվաճողի համար»:

Պարույր Հայրիկյանը խստորեն դատապարտեց այն տեսակետները, որ իր վրա ընդամենը վախեցնելու համար են կրակել. - «Այն ողորմելիները, ովքեր ասում են, որ ընդամենը վախեցնելու համար էր, որ դա իրականում կրակոց չէր, այսինքն` այնքան լավ մասնագետ էր վախեցնողը, որ կրծքավանդակից կրակում էր, փամփուշտին ուղղորդում, որ ոսկորներս չվնասելով թեւիս տակից դուրս գա, ես նրանց ուղղակի մաղթում եմ, որ երբեք իրենց կյանքում իրենց որեւէ մեկը էդպես չվախեցնի: Եկել էին սպանելու, եւ սպանելու ձեր ինքնորոշման իրավունքը: Սա ինձ չի վերաբերում` կրակել են ձեզանից յուրաքանչյուրի վրա»:

«Լավանում եմ, այդ ուղղությամբ մտահոգություն մի ունեցեք: Ինչ վերաբերում է նրան, թե չե՞մ վախենում, որ նորից կրկնվի` դա բոլորիս մտահոգող երեւույթ է, իհարկե, մենք պիտի նվազագույնի հասցնենք: Բայց որ իմ միջոցով պիտի փորձեն Հայաստանին [ներկայացնել որպես] տեռորիզմի ճիրաններում հայտնված երկիր` էդպիսի հույսեր փայփայողները թող հենց սկզբից հիասթափվեն», - ասաց ԱԻՄ-ի առաջնորդը։

Նախագահի թեկնածուն փոխանցեց, որ «երեւի արդեն պարտավոր է օգտվել թիկնազորից, քանի որ չեն բացահայտվել նրանք, ովքեր այս ամենը կազմակերպել են»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մտավախություն չունի՞, որ ընտրությունների հետաձգումը կարող է խորացնել լարվածությունը երկրում եւ նոր միջադեպերի առիթ դառնալ, թեկնածուն պատասխանեց. - «Լարվածություն չկա, կա տեռորիստական ակտ, ոչ մի լարվածություն չկա, եւ իմ մասով Հայաստանում լարվածություն չի ավելանա: Եթե դու սիրում ես քո հայրենիքը, դու չպետք է քեզ վերաբերող մանրուքները, նույնիսկ եթե դրանք հետագայում կարող են անդրադառնալ ամբողջ ժողովրդի վրա, այն տեսանկյունով մատուցես, որ այն համարվի ողբերգական մի երեւույթ` կյանքը դադարեցնող: Ասենք ինձ խփեին` դրանից ի՞նչ էր փոխվելու։ Այնպես որ, դա, մեկ է, ոչինչ չէր փոխելու։ Փոխելու էր միայն ընտրության ժամանակահատվածը, որը պետք է երեւի ինչ-որ ուժերի, որ հետին հաշվարկով տեսան, որ իրենք սխալվել են, չեն առաջադրվել... Որ ես տրամաբանական եմ համարում»:

Այս խոսքերից հետո Հայրիկյանը ասաց` «շնորհակալություն», եւ հեռացավ, անպատասխան թողնելով այդ «ինչ-որ ուժերի» մասին կոնկրետացնող հարցը:

Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի տեղեկացնում` կասկածյալների որոշակի շրջանակ կա՞, թե՞` ոչ: Հայտնի է, որ Հայրիկյանի մահափորձի գործով մի քանի վարկած է մշակվել, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է: Պաշտոնապես չի հաղորդվում, թե կոնկրետ որոնք են հնարավոր վարկածները:

Նախագահի թեկնածուին այցելել են գրեթե բոլոր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, նաեւ` նախագահ Սերժ Սարգսյանը: Դեռ չեն այցելել առաջին եւ երկրորդ նախագահները: Առանցքային քաղաքական գործիչներից Հայրիկյանին դեռեւս անձամբ չի այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ԲՀԿ-ի առաջնորդը արդյոք մտադի՞ր է այցելել, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանն «առաջիններից է արձագանքել կատարվածին», դեպքից հետո նա կուսակցությունում խորհրդակցություն է հրավիրել, որից հետո ԲՀԿ-ն պաշտոնապես իր զորակցությունն է հայտնել Հայրիկյանին, պատրաստակամություն հայտնելով ինչով հնարավոր է աջակցել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG