Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ ընտրությունների ժամանակացույցը փոխված չէ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ

Թեկնածուի համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու իրավասությունը վերապահված է ՍԴ-ին, ընդգծում է ԿԸՀ-ի նախագահը։

Ընտրական օրենսգիրքը սահմանել է ժամկետներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չունի իրավասություն` կասեցնել կամ երկարաձգել այդ ժամկետները: Այս մասին շաբաթ օրը հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այսօր շատերին հետաքրքրող հարցին, թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցածը կարո՞ղ է արդյոք ժամկետային փոփոխություն մտցնել ընտրություններում, Մուկուչյանը նաեւ ասաց. - «Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար առաջացած խոչընդոտները անհաղթահարելի ճանաչելու իրավասությունը վերապահված է Սահմանադրական դատարանին»։

Հիշեցնենք, որ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, թե ակնկալում է, որ ընտրությունները 15 օրով հետաձգվեն` իր առողջական վիճակի հետ կապված: Իսկ արդեն այսօր նախագահի թեկնածուն հաղորդել է, որ դեռեւս որոշում չի կայացրել Սահմանադրական դատարան դիմելու համար, եւ այդ մասին նա ավելի մանրամասն կտեղեկացնի հաջորդ շաբաթվա սկզբին: Իսկ սա նշանակում է, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների ժամանակացույցը փոփոխված չէ` դրանք տեղի կունենան փետրվարի 18-ին:

Մտահոգված լինելով Հայրիկյանի հետ տեղի ունեցածով` տեղական դիտորդներից մեկը առաջարկով հանդես եկավ, որպեսզի, անկախ նախագահի թեկնածուների ցանկությունից, թեկնածուներին թիկնապահ կցվի:

Տիգրան Մուկուչյանը չբացառեց, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելիս այս հարցը եւս կքննարկվի:

Տեղական դիտորդների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի նախագահը, ընդհանուր առմամբ խոսելով ընտրությունների ընթացքից, տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ 19 դիմում են ստացել հասարակական կազմակերպություններից` ընտրությունների ժամանակ դիտարկումներ իրականացնելու համար: ԿԸՀ-ն ստացել է եզակի թվով դիմումներ, խախտումների մասին կոնկրետ ահազանգեր չկան:

Խոսվեց նաեւ ընտրություններին հաշմանդամության խնդիր ունեցողների մասնակցության մասին: Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններում առաջին անգամ կկիրառվեն հատուկ միջոցներ, որպեսզի տեսողության խնդիր ունեցող մարդիկ խոչընդոտների չհանդիպեն:

«Մենք բոլոր թեկնածուների կենսագրական տվյալները հրապարակեցինք նաեւ բրայլ համակարգով, եւ կարծում ենք` սա հնարավորություն կտա բոլոր ընտրողներին լիակատար պատկերացում կազմել, լիարժեք տեղյակ լինել նաեւ թեկնածուների կենսագրական տվյալներին», - նշեց ԿԸՀ-ի նախագահը։

Ընտրացուցակների խնդիրը դեռեւս շարունակում է մտահոգել նախագահի թեկնածուներից շատերին: Այսօր խոսելով այդ մասին` Տիգրան Մուկուչյանը բացառեց, թե ընտրացուցակները ուռճացվում են: Դա անթույլատրելի եզրույթ է, ասաց նա` հերթական անգամ հիշեցնելով, որ տվյալները վերցված են Բնակչության պետական ռեգիստրից: Ընտրացուցակները հասցված են իդեալականի, հավելեց Մուկուչյանը։

«Որեւէ երկրում անհնար է պատկերացնել, որ այդ ցուցակներում բացարձակ, 100-տոկոսանոց ճշմարտություն է։ Բայց պետք է նկատել, որ այս առումով մեր ցուցակները, համենայն դեպս, ունեն աննախադեպ ճշգրտություն», - հայտարարեց նա։

Իսկ այն, որ ցուցակներում կան Հայաստանից բացակայող քաղաքացիների անուններ, օրենսդրական տեսանկյունից խնդիր չի կարող լինել, ասաց Մուկուչյանը` ավելացնելով. - «Մենք կարող ենք ունենալ, օրինակ, ցուցակ, ենթադրենք, թե ցուցակում կա 100 քաղաքացու անուն, այդ 100 քաղաքացիներից քվեարկության օրը, ենթադրենք, բացակայում են 50-ը, ու այստեղ, կարծում եմ, որեւէ մեկի մոտ անգամ տարակույս չի կարող առաջանալ, որ այն ցուցակի մեջ, որ կային 50 քաղաքացիներ, որոնք հանրապետությունում չէին, որոնք չեկան չքվեարկեցին, դա ազդեց քվեարկության ընթացքի վրա»։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներից մասնավորապես Արման Մելիքյանը բազմիցս նշում է, որ նախկինում անցկացված համապետական ընտրությունների ժամանակ 400 - 500 հազար ձայն է հավելագրվել իշխանական թեկնածուի օգտին հենց երկրից բացակայող քաղաքացիների ձայների հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG