Մատչելիության հղումներ

Փետրվարի 2-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Մեզանում քաղաքական հանցագործությունների չբացահայտման հզոր ավանդույթ կա, եւ չեմ կարծում, թե այս դեպքում դա խախտվի։ Բայցեւ ուզում եմ նկատել, որ բոլորը փորձելու են կատարվածից «շահած» դուրս գալ։ Եվ իրավապահները, եւ նախագահի թեկնածուները, եւ իշխանությունը։ [...] Տա Աստված, վերքերն արագ լավանան, ու էլ երբեք Հայաստանում հրազեն չկրակի։ Բայց մենք ոչ միայն քրեական հանցագործություններից ու դրանց չբացահայտումից ենք հոգնել, այլեւ քաղաքական շահարկումներից, սոփեստությունից, երկակի խաղերից»։

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը «Առավոտ»-ին ասել է. - «Չեմ կարող ասել, թե դրանից ինչ կստացվի, բայց որ սա Հայաստանում նորություն է` հաստատ կարող եմ ասել։ Հայաստանում առաջին անգամ են կրակում նախագահի թեկնածուի վրա։ Ճիշտ է, նախագահի թեկնածուների նկատմամբ նախկինում բռնություններ եղել են. հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքերը, եղել է մարտի 1, Ազատության հրապարակի «մաքրում», ամեն ինչ եղել է, բայց կրակել թեկնածուի վրա` սա առաջին դեպքն է»։ Լրագրողը հարցնում է. - «Չե՞ք կարծում, որ Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները կրակոց էին` ուղղված ուղղակի Սերժ Սարգսյանին»։ Պատասխան. - «Չգիտեմ` ում էր պետք, ում պետք չէր եւ ով դրանից օգուտներ կքաղի կամ չի քաղի, բայց կրակոցի արդյունքում գնդակը կպել է Պարույր Հայրիկյանին, ոչ թե Սերժ Սարգսյանին»։

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը «168 ժամ» թերթում այսպես է մեկնաբանել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը. - «Բոլորը գիտեն, որ Հայաստանում կարող ես այսպիսի բան անել։ Հիշեցնեմ` առաջին քաղաքական սպանությունը Հայաստանում Համբարձում Գալստյանի սպանությունն էր, բայց հետո եղան բազմաթիվ դեպքեր. Լեռնային Ղարաբաղ` Արկադի Ղուկասյանի հետ կատարվածը, այստեղ` Հոկտեմբերի 27, եւ այլն։ Սա նշանակում է, որ մարդիկ կարծում են, թե այստեղ կարելի է ինչ-որ բաներ նման ձեւով անել, մենք էլ պետք է նկատի ունենանք հետեւյալը. առաջին քայլը` այսպիսի դեպքերից հետո` ինչպիսին պետք է լիներ առաջին արձագանքը, ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի երկիրը չհայտնվի ցնցումների մեջ»։ Թերթը հավելում է, որ Աշոտ Մանուչարյանը, հաշվի առնելով վերոնշյալը, միանշանակ ճիշտ է համարում այն, որ Հայրիկյանի մահափորձի հետ կապված հետախուզական օպերատիվ աշխատանքները իրականացնում է ոչ թե Ոստիկանությունը, այլ` Ազգային անվտանգության ծառայությունը։

Առողջական խնդիրներով պայմանավորված երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ առաջին հարցազրույցն է տվել «Հայկական ժամանակ»-ին։ Նա ասում է. - «ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն։ ՀԺԿ-ն եղել եւ մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը։ Դուրս գալու հարց չկա։ Հակառակը, թե ՀԺԿ-ն, թե ՀԱԿ-ի մեջ մտնող մյուս քաղաքական ուժերը, վերլուծելով ողջ անցած ուղին, պետք է փորձեն ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ, եւ այդ կապակցությամբ Կոնգրեսում, իհարկե, քննարկումներ դեռ կլինեն։ Եթե լինեն ռացիոնալ առաջարկներ, ապա դրանք, կարծում եմ, կընդունվեն»։ Լրագրողը հարցնում է. - «Իսկ ընդդիմությունը պատասխանատու չէ՞ այս վիճակի համար»։ Պատասխան. - «Ընդդիմությունը կարող է ունենալ սխալներ, թերություններ, բացթողումներ, ընդդիմությանը կարելի է քննադատել այս կամ այն քայլի համար, բայց այս վիճակի համար պատասխանատու է իշխանությունը, որը ձախողել է բոլոր բնագավառներում, որը շարունակաբար կեղծում է ընտրությունները, ժողովրդին մատնել է թշվառության, որի գործունեության հետեւանքով աճում է արտագաղթը, երկիրը հայտնվել է աղետալի սոցիալ-տնտեսական վիճակում։ Երբեմն լսում ենք, թե բոլորս ենք մեղավոր. դա պարզապես դեմագոգիա է»։

«Ժամանակ»-ը զրուցել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկանյանի հետ։ Հարց. - «Ձեր հայրը հայտարարում է, որ այսօր քաղաքական հետապնդում է իրականացվում իր դեմ։ Դուք համաձա՞յն եք դրա հետ»։ Պատասխան. - «Միանշանակ։ Փողերի լվացում են կպցնում, բաներ են կպցնում, ինձնից լավ հորս թող մարդ չիմանա, ես գիտեմ` ինքը ինչ ձեւի ա։ Ազնիվ, մաքուր մարդ ա եղել, տասը տարի աշխատել ա։ Ոչ մի առիթ, ոչ մի բան չի չարաշահել։ Այդ առումով ուրիշ էդտեղ բան չկա հասկանալու, մենակ քաղաքական նպատակով է»։ Հարց. - «Իսկ կարելի՞ է իմանալ` Դուք ի՞նչ գործով եք զբաղվում հիմա»։ Պատասխան. - «Բետոնի, ցեմենտի վաճառքով եմ զբաղվում։ Բետոն-ուզել եմ աշխատացնում շինարարության ոլորտում։ «Միկա ցեմենտի» հետ էի աշխատում։ Լրատվամիջոցները գրեցին, որ ես եմ վարձակալել «Միկա ցեմենտը», ընդհանրապես կապ չունի իրականության հետ, բայց հիմա քանի որ «Միկա ցեմենտը» փակ է, ցեմենտը «Արարատ ցեմենտից» եմ գնում։ Ցեմենտը գնում ենք, օգտագործում ենք բետոնի մեջ։ Բետոն ենք արտադրում»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG