Մատչելիության հղումներ

Ստալինյան շրջանը հայկական պատմության դասագրքերում


Ռուսաստանի կոմունիստները եւ Ստալինի հետեւորդները նրան նվիրված միջոցառում են անցկացնում Մոսկվայում, արխիվ
Ռուսաստանի կոմունիստները եւ Ստալինի հետեւորդները նրան նվիրված միջոցառում են անցկացնում Մոսկվայում, արխիվ

Դրանք ներկայացնում են փաստեր, սակայն չեն բացատրում աշակերտին, թե ինչ է տոտալիտարիզմը, ընդգծում է պատմաբանը։

Հայաստանում դպրոցական դասագրքերը ստեղծում են Կրթության ազգային ինստիտուտի հայտարարած մրցույթում հաղթող հեղինակների խմբերն ու հրատարակչությունները: Կրթության ինստիտուտը մրցույթներ հայտարելուց առաջ հրապարակում է չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն դասագրքերը, բացի այդ` հեղինակներին տրամադրում է դասագրքերի հիմքում դրվող մեթոդաբանական ու ծրագրային պահանջները:

«Ազատություն» ռադիոկայանին հետաքրքրել է, թե մասնավորապես ստալինյան շրջանը դպրոցական դասագրքերում ինչպես է ներկայացվում:

«Դասագրքերում արխիվային նյութերի հիման վրա տվյալներ պետք է ներկայացվեն, թե կոնկրետ տարիների որքան հայ ենթարկվեց բռնաճնշումների, կամ գնդակահարվեց, կամ աքսորվեց երկրից», - հայտնում է Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, Հայոց պատմության դպրոցական դասագրքի մեթոդական մասի պատասխանատու Արման Մալոյանը:

Ժամանակակից հայկական պատմության դասագրքերը նման չեն խորհրդային տարիների գրքերին. այստեղ Իոսիֆ Ստալինը հերոս չէ` նա Խորհրդային Միության առաջնորդն է, ում օրոք տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես` բռնությունները, դասագրքում ներկայացվում են:

«Հիմնական դպրոցում դասաժամը մեկեւկես ժամ է. այստեղ ծրագրային պահանջները հնարավորություն տալիս են համապատասխան նյութը շարադրելու, բայց հեղինակը չի կարող ավելի ընդլայնել, պետք է տեղավորվի այդ մամուլի շրջանակում, կարողանա ներկայացնել շարադրանքը», - շարունակում է Մալոյանը:

Թեեւ ընդամենը մի քանի էջով, բայց դասագիրքը պատմում է Ստալինի իշխանության տարիների՝ նախ` 30-ականների, ապա` 40-ականների վերջին տեղի ունեցած բռնությունների, աքսորի ու ձերբակալությունների մասին: Դասագիրքը հայտնում է, որ որոշ հաշվարկներով` 30-ականներին Հայաստանում բռնությունների է ենթարկվել 15 հազար մարդ, որոնց մեկ երրորդը գնդակահարվել է:

Նշվում է նաեւ, որ Ստալինի շուրջ ձեւավորվել էր անհատի պաշտամունք, եւ նաեւ այն մասին, որ խորհրդային իշխանությունները վարում էին ամբողջատիրական քաղաքականություն:

«Մենք շեշտը հուզական կողմի վրա չենք դրել: Թվական տվյալներով երեւում է՝ ինչքան մարդ ենթարկվեց ճնշումների, բայց դասագիրքն ավելի օբյեկտիվորեն է ներկայացնում», - ասում է Մալոյանը:

Երեւանի թիվ 114 դպրոցի ուսուցիչ Աշոտ Ամիրյանը կարծիք է հայտնում, որ Ստալինի ժամանակաշրջանի բռնաճնշումները դասագրքում համապարփակ ներկայացված չեն ու կցկտուր են: Նրա համոզմամբ` եթե աշակերտը չստանա լրացուցիչ ինֆորմացիա ուսուցչից կամ իր ընտանիքից, դժվար թե դասագիրքն ընթերցելով կարողանա պատկերացնել, թե ինչ է իսկապես տեղի ունեցել 30-ականներին:

«Ինձ որպես մասնագետի [դասագիրքը] այդքան էլ չի բավարարում, բայց դրա համար էլ գոյություն ունեն բազում այլ աղբյուրներ, որոնցից կարող է օգտվել ուսուցիչը», - նշում է Ամիրյանը։

Պատմաբան Տիգրան Զաքարյանը դասավանդում է բուհում եւ հետազոտություններ է կատարել հայկական հասարակագիտական դասագրքերի վերաբերյալ: Նա հայտնում է, որ ո՛չ ստալինյան շրջանի պատմությունը, ո՛չ Խորհրդային Հայաստանի ամբողջ պատմությունը շարադրելիս պատմության դասագիրքը չի բացատրում աշակերտին, թե ինչ է տոտալիտարիզմը:

«Դասագրքերից չի զգացվում վախի ընդհանուր մթնոլորտը, այնինչ պետք է ներկայացվի, թե ինչ է նշանակում տոտալիտարիզմ առօրյա կյանքում: Պետք է գրվի ոչ միայն, թե քանի հարյուր ընտանիք է աքսորվել, այլ նաեւ պետք է բացատրել բնույթը: Տոտալիտարիզմը պարտադրում է իր աշխարհայացքը` սա է առաջին բնորոշումը եւ ոչ թե՝ քանի մարդ աքսորվեց», - ասում է Զաքարյանը:

Նրա կարծիքով` հայկական պատմության դասագրքերը ավելի շատ նման են հանրագիտարանի, հաղորդում են փաստեր, բայց չեն պատմում հասարակ մարդկանց կյանքի մասին:

«Որպեսզի այսօրվա քաղաքական կյանքից որեւէ աշակերտ կարողանա գլուխ հանել, պետք է հասկանա՝ ինչ է նշանակում տոտալիտարիզմում ապրել, դեմոկրատիայում ապրել: Ես կուզեի, որ Ստալինի շրջանի մասին ավելի շատ սովորեին աշակերտները, որովհետեւ այդ շրջանը շատ բան է ասում այսօրվա մասին», - եզրափակում է Տիգրան Զաքարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG