Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին վերլուծություն է հրապարակել National Interest պարբերականը:

Հոդվածի հեղինակ, «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդ» հասարակական կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Ուեյն Մերին ներկայացնում է հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները` գրելով. - «Աֆղանստանից մինչեւ Սիրիա ձգվող հակամարտության գոտում եւս մի պատերազմ կա, որ սպասում է վերսկսմանը: Այս հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, Բարաք Օբամայի նոր արտաքին քաղաքական թիմի ուշադրության ներքո կլինի, ցանկանում են նրանք դա, թե` ոչ»:

Ուեյն Մերին համառոտ ներկայացնում է հակամարտության պատմությունը` նշելով, որ թեեւ Հայաստանը հաղթել է պատերազմը, սակայն կողմերից ոչ մեկը խաղաղության չի հասել, իսկ «1994 թվականին կնքված փխրուն հրադադարը դիվանագիտական միակ շոշափելի նվաճումն է եղել. այդ օրվանից Վաշինգտոնը, Մոսկվան եւ Փարիզը միջնորդական ջանքերով ձգտում են լուծել խնդիրը, ու չնայած դրան, կողմերը չեն բանակցում եւ չեն էլ բանակցի»:

«Այս փակուղային իրավիճակը նպաստել է, որ հակամարտությունը վերջին տարիներին հետպատերազմյանից դառնա նախապատերազմյան», - գրել է Ուեյն Մերին. - «Նոր պատերազմը պյուռոսյան կլինի եւ հավանաբար շատ ծանր կնստի երկու կողմերի վրա էլ: Եթե առաջին հակամարտությունը սահմանափակվում էր Ղարաբաղով ու հարակից շրջաններով եւ հիմնականում հետեւակային բախում էր, ապա հաջորդ պատերազմը ուղղակիորեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կլինի, զգալիորեն ավելի մեծածավալ ռազմամթերքով եւ զինատեսակներով»:

Փորձագետը շարունակում է. - «Երկու կողմերն էլ սպառնում են պատերազմի դեպքում թիրախի տակ վերցնել կարեւոր ենթակառուցվածքները, ինչպիսին խողովակաշարերն են: Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումները վերջերս ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում են, այլ նաեւ հայ-ադրբեջանական սահմանին»:

Բանակցային գործընթացին անդրադառնալով` Ուեյն Մերին նշում է, որ միջազգային միջնորդների ջանքերը, չնայած բարդությանը, ենթադրում են հակամարտության վերջնական կարգավորումը «հող խաղաղության դիմաց» սկզբունքով: Այժմ, փորձագետի կարծիքով, «հող խաղաղության դիմաց» մոտեցումը երկու կողմի համար էլ մեռած է, երկու կողմն էլ զիջումներ անելու հակված չէ:

Ավելի մեծ վտանգը, ըստ Մերիի, սակայն, այն հարաբերություններում է, որ ունեն այս երկու երկրները տարածաշրջանի տերությունների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ:

«Անկարան եւ Մոսկվան ուղղակի չեն բախվի ղարաբաղյան նոր պատերազմում, սակայն երկուսն էլ կարող են ներգրավվել վտանգավոր հանգամանքներում: Ադրբեջանական պոչն արդեն իսկ թափահարել է թուրքական շանը` Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավումը կասեցնելով», - գրում է փորձագետը:

Հակամարտության կողմերը ցույց են տվել, որ առանց միջնորդների խաղաղ լուծումը հնարավոր չէ, այնուամենայնիվ, միջազգային միջնորդների ջանքերը հետեւողաբար չարաշահվել են եւ կողմերը նրանց հետեւում են պահվել, որպեսզի խուսափեն իրական բանակցություններից: Այն դեպքում, երբ միջնորդների այս ջանքերը 90 -ականների հետպատերազմյան իրադրությանը համապատասխան էին, այժմյան մթնոլորտը ավելի ուղղակի եւ հարկադիր մոտեցում է պահանջում, եզրակացնում է փորձագետը:

«Միայն Մոսկվան եւ Անկարան միասին աշխատելով կարող են իրենց հովանավորյալներին հետ պահել պատերազմի վերսկսումից եւ իրական բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել, ուստի Վաշինգտոնը պետք է քաջալերի Թուրքիայի առավել ակտիվ դերակատարմանը եւ ողջունի Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը որպես կովկասյան խաղաղարարներ», - եզրակացնում է Ուեյն Մերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG