Մատչելիության հղումներ

Հայրիկյանի մահափորձի գործով մի քանի վարկած է մշակվել


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Այսօր մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին է այցելել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան եւ զրուցել նրա հետ:

Ինչպես փոխանցում է գլխավոր դատախազության տեղեկատվության վարչությունը, Հայրիկյանը զրույցի ժամանակ գլխավոր դատախազին նկարագրել է դեպքի մանրամասները։

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Պարույր Հայրիկյանին ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 2013թ. փետրվարի 1-ին հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը: Միաժամանակ գլխավոր դատախազը գրավոր ցուցում է տվել ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության փորձառու քննիչներին համատեղ քննչական խումբ կազմելու վերաբերյալ` նկատի ունենալով, որ քրեական գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում եւ անհրաժեշտ է կատարել անհետաձգելի մեծածավալ քննչական գործողություններ, որոնք օրենքով սահմանված ժամկետում բազմակողմանի եւ լրիվ ծավալով արդյունավետ կիրականացվի քննչական խմբի միջոցով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը: Մշակվել են մի քանի աշխատանքային վարկածներ, որոնցից յուրաքանչյուրը քննչական խմբի կողմից ստուգվում է», - տեղեկացնում է դատախազությունը:

Գլխավոր դատախազությունը նաեւ փոխանցում է, որ քրեական գործով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, մատնադրոշմային, ինչպես նաեւ՝ դատաձգաբանական, դատամանրաթելային եւ դատաքիմիական համալիր փորձաքննություններ։ Փորձաքննության է ներկայացվել դեպքի վայրից առգրավված 7,62 մմ տրամաչափի 1 գնդակը, ինչպես նաեւ՝ վիրահատության ընթացքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված միեւնույն տրամաչափի եւս 1 գնդակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG