Մատչելիության հղումներ

Հայաստանը նախագահ Սերժ Սարգսյանը այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելեց երեկ կեսգիշերին մահափորձի ենթարկված եւ առավոտյան վիրահատության ենթարկված նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին:

Հիվանդասենյակում Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել նրան եւ մաղթել շուտափույթ ապաքինում:

«Այս զազրելի հանցագործությունը ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլ նաեւ մեր պետականության դեմ», - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում Հայրիկյանի հետ տեսակցելուց հետո դիմելով լրագրողներին՝ ասաց Հանրապետության նախագահը, - «Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետեւում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա»:

Հայաստանի նախագահը վստահություն հայտնեց, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանը կապաքինվի: Նա նաեւ հայտարարեց, որ իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործներին:

«Բոլորին խնդրեք Պարույրին առողջություն մաղթեն», - եզրափակեց նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե արդյոք ընտրությունները հետաձգվելո՞ւ են, Սերժ Սարգսյանը անպատասխան թողեց:

Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն, «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»։

Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի եւ Հանրային հեռուստատեսության հետ զրույցում Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու տարբերակը, քանի որ «ի վիճակի չէ»:

Այդուհանդերձ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր անդրադառնալով այս խնդրին ընդգծեց, որ նախագահի թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտ սահմանելու իրավասությունը վերապահված է Սահմանադրական դատարանին:

«Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են եւ տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին», - նշեց Մուկուչյանը ու հավելեց, որ ՍԴ-ն կարող է հարցը քննել, եթե թեկնածուն՝ Պարույր Հայրիկյանը, այդ հարցով դիմի դատարան: Թեկնածուի հայցը քննելու համար 4-օրյա ժամկետ է սահմանված:

Ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց էր այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշեց, թե վիրահատու վիրահատությունից հետո, հակառակ սպասումներին, վերականգնման գործընթացը ավելի արագ է գնում, եւ դա ուրախացնում է։

Գոյություն ունեցող վարկածներին վերաբերող հարցին, մասնավորապես` թե որքանով է հնարավոր արտաքին ուժերի ներգրավվածությունը տեղի ունեցածում, վարչապետը արձագանքեց. - «Ոչ մի վարկած բացառելու իրավունք չունենք»։

Տիգրան Սարգսյանն ասաց, թե տեղյակ է, որ թեկնածուները քարոզարշավի հետ կապված իրենց ծրագրերը չեղյալ են հայտարարել։ «Կոնսուլտացիաներ պետք է տեղի ունենան, ամեն ինչ պետք է անել, որպեսզի բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծվեն, եւ նախընտրական փուլը չխաթարվի», - ընդգծեց վարչապետը։

Այսօր ողջ օրվա ընթացքում Պարույր Հայրիկյանին տեսակցելու էին գալիս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը որեւէ վարկած նշել չցանկացավ, ընդամենն ասաց, թե Հայաստանի մասին թեկուզ մի փոքր մտածող մարդը նման բան անել չէր կարող:

«Որովհետեւ սա իսկապես հարվածում է Հայաստանի հեղինակությանը: Որեւէ մեկին, ես կարծում եմ, սա պետք չէր: Համենայնդեպս, ես մաղթում եմ Պարույր Հայրիկյանին շուտափույթ ապաքինում, վերադարձ ընտրարշավին, որեպսզի կարողանանք բարեհաջող հասցնել իր ավարտին եւ ամեն ինչ նորմալ իր հունով ընթանա», - նշեց նա:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նույնպես չցանկացավ խոսել վարկածների մասին, ասելով, թե իրենց միակ պահանջն այն է, որ պետությունը բացահայտի մեղավորներին:

«Եթե այդ հանցագործությունը անմիջապես չի բացահայտվում, ուրեմն իսկապես պետությունը չի կարողանում կատարել իր կարեւորագույն գործառույթներից մեկը, նախ՝ մարդու իրավունքի պահպանման գործառույթը, բայց նաեւ բնականոն ընտրությունների անցկացման գործառույթը», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG