Մատչելիության հղումներ

Քերրին խոսել է Հայաստանին առնչվող խնդիրների մասին


ԱՄՆ - Ջոն Քերրին Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության հաստատումից հետո, Վաշինգտոն, 29-ը հունվարի, 2013թ.
ԱՄՆ - Ջոն Քերրին Սենատի կողմից պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության հաստատումից հետո, Վաշինգտոն, 29-ը հունվարի, 2013թ.

Հայամետ գործիչը սրբագրումներ է կատարել իր մոտեցումներում։

Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը ստանձնող Ջոն Քերրին Սենատում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ ստիպված է եղել մի քանի անգամ անդրադառնալ Հայաստանին առնչվող եւ ամերիկահայությանը հուզող խնդիրներին։

Քերրիին հարցերի մի ամբողջ շարք են ուղղել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը։

Բոքսերի հարցերից մեկը եղել է այն մասին, թե Քերրիի թեկնածությունը հաստատվելու դեպքում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Միացյալ Նահանգները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նկատմամբ, որպեսզի վերջինս բանտ վերադարձնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին։

Քերրին պատասխանել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելուց անմիջապես հետո Միացյալ Նահանգները այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել ադրբեջանական կառավարությանը, բացի այդ, Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը խիստ հայտարարություններով են հանդես եկել Սաֆարովի արտահանձնման եւ ներման առնչությամբ։ Սաֆարովը դատված է եղել ծանր հանցագործության համար, եւ Միացյալ Նահանգներին մտահոգում է այն, որ նա չի կրում իր պատիժը։

Ջոն Քերրին հավելել է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Միացյալ Նահանգները անում է ամեն ինչ` օգնելու համար կողմերին` կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ասել է նա։

Բարբարա Բոքսերի մյուս հարցը վերաբերում էր Ադրբեջանի սպառնալիքներին` ուղղված Ստեփանակերտի օդանավակայանին։ «Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից թռչող օդանավերը։ Ինչպե՞ս եք փորձելու հրապարակային կամ մասնավոր ուղիներով կարգավորել Ադրբեջանի հերթական սպառնալիքները», - հարցրել է հայամետ սենատորը։

Քերրին պատասխանել է, թե Միացյալ Նահանգները այն կարծիքին է, որ այդ հարցը կողմերը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով։ «[ԱՄՆ-ի] Վարչակազմը դեմ է բոլոր այն քայլերին, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում կամ սպառնում են վնաս հասցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` ի դեմս Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների, անմիջապես արձագանքել են Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին, իսկ ԱՄՆ-ի վարչակազմն էլ, իր հերթին, շարունակում է հետեւողական լինել այդ հարցում», - ասել է նա` վստահեցնելով. - «Երբ ես հաստատվեմ որպես պետքարտուղար, կշարունակեմ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ պայքարել այն գործողությունների դեմ, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում կամ վնասել խաղաղ կարգավորման գործընթացը»։

Ամերիկացի սենատորը նաեւ հետաքրքրվել է` արդյոք իր թեկնածությունը հաստատվելու դեպքում Քերրին կհանդիպի՞ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներին եւ կրոնական առաջնորդներին։

«Իմ պարտքն է հավատարիմ լինել նախագահի եւ վարչակազմի կողմից վարվող քաղաքականությանը», - ասելով Ջոն Քերրին` հիշեցնելով նախագահ Բարաք Օբամայի հայտարարություններն ու Միացյալ Նահանգների դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ միաժամանակ նշելով, որ իր թեկնածության հաստատվելուց հետո ջանքեր է գործադրելու` վերականգնելու համար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունները։

Նույնպես Բարբարա Բոքսերի հարցին պատասխանելով, Քերրին խուսափել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց` փոխարենը խոսելով «20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկի» մասին։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ափսոսանք է հայտնում այդ կապակցությամբ` հիշեցնելով, որ իր ավելի քան 30-ամյա օրենսդիր գործունեության ընթացքում Ջոն Քերրին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւողական կողմնակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG