Մատչելիության հղումներ

Փետրվարի 1-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Քստմնելի այս հարձակումը ցնցող տպավորություն է թողել Հայաստանի քաղաքացիների վրա: Երեկ արդեն հարցեր էին հնչում, թե ինչ ազդեցություն կունենա տեղի ունեցածը նախագահական ընտրությունների վրա, որի հետագա ընթացքը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից: Առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է. ո՞ւմ է սա ձեռնտու: Այս թեմայով, սակայն, վաղաժամ հետեւություններ անել, թերեւս, պետք չէ. հիմա բոլոր ուժերը պետք է ներդրվեն հանցագործությունը բացահայտելու համար: Հանցագործի կամ հանցագործների ինքնության բացահայտումն է, որ կտա բոլոր հարցերի պատասխանը: Մինչ այդ արձանագրենք, որ Հայաստանին չի հաջողվում դուրս գալ այս արյունալի իրադարձությունների շղթայից»:

«Ժամանակ»-ի խմբագրականը շարունակում է նույն միտքը. - «Փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը` ասում են քրեագետները: Կարծեք թե մի բան է քիչ թե շատ որոշակի, որ տեղի ունեցածը քաղաքական տեսանկյունից բացարձակապես ձեռնտու չէր կարող լինել իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին, քանի որ, ըստ էության, արյունոտվում են այն ընտրությունները, որոնք նա խոստացել էր դարձնել լավագույնը, անցկացնել միջազգային չափանիշներին համաձայն եւ այլն: Փաստորեն, թեկնածուի դեմ մահափորձով այդ ամենը ի չիք է դառնում, եւ ըստ այդմ` Սերժ Սարգսյանը կարծես թե բոլորովին մոտիվացված չէր դիմել նման քայլի եւ ստվեր նետել իր իսկ խոստումների եւ պարտավորությունների վրա` լավ իմանալով, որ դրանք չափազանց կարեւոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ անձամբ իր համար»:

«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով Հայաստանում կուսակցական շինարարության խնդիրներին, գրում է. - «Ես բացարձակապես չեմ ուզում ասել, որ այսօր ստալինյան ժամանակներ են, բռնապետություն է եւ այլն: Սակայն եկեք համաձայնենք, որ 22 տարում մեր կուսակցականները չկարողացան հնարել կուսակցության այլ կառուցվածք, քան այսպես ասած դեմոկրատական ցենտրալիզմը: Արդյունքում կա՛մ որոշումներն ընդունվում են միաձայն, կա՛մ էլ կուսակցության մեջ հայտնվում են «թշնամական տարրեր», որոնցից այդ քաղաքական կառույցը պարբերաբար մաքրվում եւ բյուրեղանում է: Դուք կարո՞ղ եք, օրինակ, պատկերացնել, որ Հանրապետական կուսակցության վերջին համագումարում տեղից վեր կենար մի պատվիրակ եւ ասեր, որ նա դեմ է կամ գոնե ձեռնպահ է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելուն: Այդպիսի մարդուն լավագույն դեպքում կառաջարկեին վայր դնել կուսակցական տոմսը եւ դուրս գալ Մարզահամերգային համալիրից»:

«Իրատես de facto» թերթը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ընտրություններից հետո հնարավոր համարո՞ւմ եք իշխանական կամ ընդդիմադիր նոր ձեւաչափ, նոր կոալիցիա»: Պատասխան. - «Քաղաքականության մեջ ոչինչ չբացառենք, մենք ականատես ու մասնակից ենք քաղաքական դաշտի զարգացման որոշակի շրջափուլի: Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում քաղաքական փոփոխություններ կատարվելու են, որովհետեւ այսօր ընդդիմադիր դաշտը բաց է իրականում, հրապարակը դատարկ է, այդ հատվածում եւս մրցակցություն կա առաջնորդի թափուր աթոռի եւ ընդդիմադիր գլխավոր ուժի տիտղոսի համար: Ընդհանրապես նոր իրավիճակում ընդդիմությունը ինքն իրեն դեռ որոնում է, որ իր տեղը գտնի: Ժամանակի հրամայականն է, որ այս դաշտում ճշտումներ լինեն»:

«Հրապարակ» թերթն անդրադարձել է ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած քաղաքացիական պայմանագրի գաղափարին: Լրագրողը Փաշինյանին հարցնում է. - «Հնարավո՞ր է այս քաղաքացիական պայմանագիրը հետագայում դառնա նոր քաղաքական ուժի հիմք»: Պատասխան. - «Թե ինչ կդառնա քաղաքացիական պայմանագիրը հետագայում, դա արդեն կորոշեն քաղաքացիական պայմանագրի մասնակիցները: Նախագծով նախատեսվում է, որ առնվազն 3 տարվա ընթացքում պետք է տեղի ունենա համաժողով, որի ժամանակ պետք է տեղի ունենան կառավարման մարմինների ընտրություններ, եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված մարմինը կորոշի պայմանագրի հետագա ճակատագիրը: Քաղաքացիական պայմանագրում իմ դերը տվյալ փուլում զուտ տեխնիկական է, եւ ես այն կկատարեմ պայմանագրի հետագա ընթացքն ապահովելու համար»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG