Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը անդրադարձել է Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրներին


Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը ելույթ է ունենում Բրյուսելում, արխիվ

Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոթը ելույթ է ունենում Բրյուսելում, արխիվ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն այսօր հրապարակել է հերթական տարեկան զեկույցը աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ Հայաստանի իշխանությունները հիմնականում քննադատվում են բանակում արձանագրված մահվան դեպքերի մտահոգիչ ցուցանիշի, կալանավայրերում ազատազրկվածների նկատմամբ շարունակվող բռնությունների եւ փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի համար։

Առաջին անգամ Հայաստանի վերաբերյալ զեկույցներում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է նաեւ առողջապահության ոլորտում հայաստանցիների իրավունքների ոտնահարմանը՝ ընդգծելով, որ անբուժելի հիվանդությամբ տառապող հազարավոր մարդիկ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով չեն կարողանում ցավազրկող դեղեր ստանալ։

Մեջբերելով ՄԱԿ-ի վիճակագրությունը՝ կազմակերպությունը փաստում է, որ ամեն տարի Հայաստանում մոտ 7000 մարդ է մահանում քաղցկեղից կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, մինչդեռ անտանելի ցավի դեմ անհրաժեշտ դեղամիջոցները մատչելի են միայն 600-ին՝ հիվանդների տասը տոկոսից էլ պակասին։

Այս առնչությամբ Կովկասում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գիորգի Գոգիան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Հայաստանում կարծես բնական է դարձել, որ քաղցկեղով կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ ստիպված են մահկանացուն կնքել ցավի մեջ տառապելով։ Սա լուրջ մտահոգության տեղիք տվող խնդիր է հազարավոր մարդկանց համար, եւ մեր կազմակերպությունն այժմ առանձին զեկույց է պատրաստում միայն այս հարցի շուրջ, որը կհրապարակվի ամենայն հավանականությամբ 1-2 ամիս անց»։

Վերջին տարիների մեջ առաջին անգամ միջազգային կազմակերպությունը իր զեկույցում որեւէ կերպ չի անդրադարձել Մարտի 1-ի հետաքննությանը, այն դեպքում, երբ նախորդ զեկույցներում պարբերաբար նշվում էր, որ Հայաստանի իշխանությունները էական առաջընթաց չեն արձանագրել ողբերգությունը բացահայտելու գործում։

«Սա ամենեւին չի նշանակում, թե մենք փակել ենք այդ էջը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է միջազգային կազմակերպության ներկայացուցիչն ու ընդգծում, - «տարեկան զեկույցի ծավալի սահմանափակ լինելու պատճառով մենք չէինք կարող անդրադառնալ բոլոր խնդիրներին, սակայն շարունակում ենք հորդորել Հայաստանի իշխանություններին բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին»։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Human Rights Watch նշում է, որ իշխող կոալիցիան վերստին մեծամասնություն ստացավ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, որոնք, սակայն, ուղեկցվեցին վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին, լրագրողներին ու դիտորդներին ահաբեկելու մասին պնդումներով։

Փաստելով, որ ըստ միջազգային դիտորդների այդ ընտրությունները եղել են մրցակցային եւ հիմնականում խաղաղ, Human Rights Watch-ը միաժամանակ նշում է, որ քարոզարշավի ընթացքում արձանագրվել են բռնության մի քանի դեպքեր, այդ թվում՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների նկատմամբ։

«Այս բոլոր միջադեպերի շուրջ ոստիկանությունը քննություն է սկսել», - նշում է կազմակերպությունը եւ մեջբերում մեկ այլ միջադեպ՝ Հելսինկյան ընկերակցության դիտորդ Արման Վեզիրյանի հետ կապված։ Վերջինս բողոք էր ներկայացրել Երեւանի բնակիչ Տիգրան Մանուկյանի դեմ եւ պնդել, թե նա խոչընդոտել է իր աշխատանքը դիտորդական առաքելության ժամանակ։

«Դատախազությունը հետաքննություն իրականացնելու փոխարեն Վեզիրյանին ստիպել է ետ վերցնել իր բողոքը, հետո էլ նրա դեմ մեղադրանք է ներկայացրել՝ նշված քաղաքացուն ծեծելու համար, այն դեպքում, երբ վերջինս երբեւէ որպես տուժող հանդես չի եկել»,- փաստում է Human Rights Watch-ը։

Այս տարվա զեկույցում գրեթե չեն փոխվել շեշտադրումները ազատազրկման վայրերում արձանագրվող բռնությունների եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ «Հայաստանի իշխանությունները հաճախ մերժում են հետաքննել այս մասին մեղադրանքները կամ հարկադրում են քաղաքացիներին հրաժարվել բողոքներից»։ Նշվում է նաեւ, որ Կտտանքների կանխարգելման եվրոպական կոմիտեն 2011-ին Հայաստան կատարած այցելությունից հետո հաղորդել էր երկու կալանավայրերում առկա ոչ հիգիենիկ պայմանների, գերծանրաբեռնվածության եւ ոչ համարժեք բժշկական խնամքի մասին, մինչդեռ 2012-ին այս վայրերից որեւէ նոր հաղորդում չի ստացել վատ վերաբերմունքի մասին։

Առանձին բաժնով զեկույցը անդրադառնում է բանակում խաղաղ պայմաններում արձանագրվող մահվան դեպքերին։

«Տեղական իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, թե Պաշտպանության նախարարությունը անհապաղ հետաքննություններ չի նախաձեռնում, հաշվի չի առնում բռնության հետքերը կասկածելի ինքնասպանությունների դեպում եւ ձախողում է բազմաթիվ սպանությունների հանգամանքների բացահայտումը», - փաստում է Human Rights Watch-ը․ - «Իրավապաշտպանները նաեւ քննադատում են Հայաստանի իշխանություններին՝ կրոնական նկատառումներով զինծառայությունից խուսափողներին իրական այլընտրանք չառաջարկելու, եւ միայն 2012-ին՝ Եհովայի 16 վկաների ազատազրկելու համար»։

Այս տարվա զեկույցում Human Rights Watch-ը որոշակի առաջընթաց է արձանագրել Մամուլի ազատության բաժնում՝ փաստելով, որ «քաղաքական դրդապատճառներ ունեցող դատական հայցերը՝ զրպարտության հոդվածներով, կարծես թե այլեւս լուրջ խնդիր չեն հանդիսանում»։

Այդուամենայնիվ, նշվում է, որ մամուլի բազմազանությունը դեռեւս կաղում է, խորհրդարանական ընտրությունները լուսաբանող որոշ լրագրողներ էլ ենթարկվել են բռնությունների։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցն այս անգամ առանձին կետով անդրադառնում է նաեւ սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքին ու 2012-ին արձանագրված հարձակումներին․ - «Մայիսի 8-ին անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկ նետեցին փոքրամասնությունների հեռ առնչություն ունեցող DIY ակումբի վրա։ Խորհրդարանի փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը այդ հարձակումները որակեց ճիշտ եւ արդարացված»։

Անդրադառնալով միջազգային գործընկերներին՝ զեկույցն ընդգծում է, որ Եվրամիության արտգործնախարարները, Եվրամիության նախագահը եւ Եվրոպական բանկը նախորդ տարվա հայտարարություններում ու զեկույցներում ընդգծել են կոռուպցիայի դեմ պայքարելու, օրենքի գերիշխանություն հաստատելու եւ փետրվարյան ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու խիստ կարեւորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG