Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ դեսպանի հանդիպումը լրատվամիջոցների հետ․ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ


Ջոն Հեֆերն. - Դեկտեմբերի սկզբին` երկու շաբաթ, մենք հանդիպումներ ունեցանք ամերիկահայ համայնքի տարբեր կառույցների հետ` Լոս Անջելսում, Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում եւ Նյու Յորքում: Եվ այդ բոլոր հանդիպումների ժամանակ ես հանդես եկա հակիրճ ներածական խոսքով, որովհետեւ կարեւորում եմ այն հանգամանքը, որ ամերիկահայ համայնքը տեղյակ լինի, թե Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատունն ինչ գործունեություն է ծավալում: Այն, ինչ մեր առաքելությունն է, բառերով արտահայտելը հեշտ է` մենք փորձում ենք այստեղ անել այնպես, որ Հայաստանը հաջողություններ ունենա որպես ժողովրդավարական, բարեկեցիկ ու անվտանգ պետություն: Իսկ ինչպե՞ս ենք մենք դա անում: Առաջին` մենք դա փորձում ենք անել ներքին` քաղաքական, սոցիալական եւ տնտեսական, բարեփոխումներին աջակցելու միջոցով: Երկրորդ` Հայաստանի համար հնարավորությունների ստեղծումն է, եւ սա ասելով` նկատի ունեմ աջակցությունը Հայաստանին տարածաշրջանային ինտեգրման հարցում: Երրորդ` փորձում ենք այնպես անել որ Հայաստանն հայացքն ուղղի դեպի Արեւմուտք` դեպի Արեւմտյան Եվրոպա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ, որովհետեւ ցանկացած երկիր պետք է ունենա տարբերակներ, որպեսզի կարողանա ընտրություն կատարել: Ոչ մի երկիր չի կարող հիմնվել բացառապես մեկ գործընկերոջ, մեկ տարբերակի վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանը եւս ունենա տարբերակներ, որոնցից կկարողանա ընտրություն կատարել:


Եվ ինչպե՞ս անցան մեր հանդիպումները [ամերիկահայ համայնքի հետ]… մենք հանդիպումներ ունեցանք տարբեր խմբերի հետ` կանանց, երիտասարդների, գործարարների, մեծ ընդհանուր ժողով անցկացրեցինք: Բոլոր հանդիպումներում տարածաշրջանային խնդիրներն էին առաջ քաշվում, բազմաթիվ հարցեր էին հնչեցվում Թուրքիայի, հայ-թուրքական արձանագրությունների, պատմության, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, սիրիահայ համայնքի վերաբերյալ: Երկրորդ` շոշափվում էր նաեւ այսօրվա Հայաստանը, եւ շատ գոհացուցիչ էր լսել, որ հարցեր էին հնչում այս թեմայի վերաբերյալ: Ուրախալի էր տեսնել, որ ամերիկահայերը հետաքրքրված էին Հայաստանի ժողովրդի բարեկեցությամբ եւ թե ինչպես է զարգանում Հայաստանի Հանրապետությունը: Խոսեցինք ընտրությունների, մարդու իրավունքների, գործարար միջավայրի, կառավարման հարցերի եւ ներհայաստանյան բազմաթիվ այլ խնդիրների շուրջ: Շատ ուրախ էի, որ հետաքրքրություն կա Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված: Եվ երրորդ թեման, որը շոշափվում էր բոլոր հանդիպումներում, թե ինչպես կարող ենք օգնել: Բոլորը այդ հարցն էին տալիս, թե ինչ կարող են անել` օգնելու Հայաստանի Հանրապետությանը: Այստեղից է բխում գործընկերությունը, որը իմ շրջագայության ողջ ընթացքում ինձ համար կարեւոր հարց էր:


Հանդիպումներ ունեցանք ամերիկահայ հայտնի խմբերի հետ` ՀԲԸՄ եւ այլ կառույցների հետ, որոնք գործունեություն են իրականացնում նաեւ այստեղ` Հայաստանում: Հանդիպումներում ընդգծվում էր նաեւ կրթության հարցը: «Դավիդյան» հիմնադրամը Նյու Յորքում շատ հետաքրքիր աշխատանք է իրականացնում` Հայաստանի Հանրապետության շուրջ երկու հարյուր պաշտոնյաներ այս հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Ֆլեթչերի հայտնի դպրոցում են ուսանել: Նյու Յորքից Քարնեգի կորպորացիան նույնպես հետաքրքրված էր Հայաստանում կրթական ոլորտում աշխատանքներ իրականացնել, եւ մենք կփորձենք նրանց հետ եւս աշխատել: Կրթական ոլորտի նկատմամբ կա բավականին հետաքրքրություն:


Ձեզ շնորհակալություն եմ հայտնում [այստեղ ներկա գտնվելու համար], ու նաեւ օգտգվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` հայ-ամերիկյան հարաբերություններում իր ունեցած ներդրման եւ տարածաշրջանում իր գործունեության համար: Պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում նա երկու անգամ այցելեց Երեւան: Ցանկանում եմ ողջունել մեր նոր պետքարտուղարին` Ջոն Քերիին, ով, թերեւս, ուրբաթ օրը արդեն կստանձնի պետքարտուղարի պաշտոնը… նա մի անձնավորություն է, ով ծանոթ է տարածաշրջանին, հայտնի է տարածաշրջանում, եւ կարծում եմ շատ լավ պետքարտուղար կլինի Միացյալ Նահանգների համար եւ լավ գործունեություն կծավալի այս տարածաշրջանի ու ողջ աշխարհի հետ կապված:

1in.am. - եթե չեմ սխալվում ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ նրանց հորդորել եք գալ Հայաստան եւ ներդրում կատարել: Եթե այդպես է, ապա ի՞նչ երաշխիքներ է հաղորդել դեսպանը ամերիկահայերին, որ Հայաստանում նրանց ներդրումները պաշտպանված կլինեն, հատկապես մենք ունենք դաժան օրինակներ, օրինակ Էդմոնդ Խուդյանի գործը:

Ջոն Հեֆերն. - Մենք շատ ենք խոսել առեւտրի եւ տնտեսական խնդիրների մասին: Այն ինչ ես տեսա Սան Ֆրանցիսկոյում` «Արմթեք» համաժողովում, շատ հուսադրող էր: Երբ ճիշտ միջավայր կա, ապա տաղանդը կարող է հաջողությունների հանգեցնել տնտեսության մեջ, եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան ընկերությունների ներդրումները հանդիսանում են հիմնական հատվածը եւ այդ ոլորտում ներդրումները շատ հաջողված են: Չնայած ամերիկյան ընկերությունները ներդրումների ծավալով առաջինը չեն, սակայն ներդրումների որակով ամենաբարձր ներդրումները կատարվում Միացյալ Նահանգների կողմից, եւ ամերիկյան բարձրորակ ներդրումները կարող են օգնել, որպեսզի Հայաստանը վերափոխվի ու դառնա 21-րդ դարին հարիր գիտելիքահեն տնտեսությամբ երկիր:

Բայց կա նաեւ պատմության ոչ այնքան դրական կողմը, որին ձեր հարցը առնչվում էր: Հայաստանում գործարար միջավայրի հետ կապված, թերեւս, կան լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, եւ մենք այդ հարցերի շուրջ աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ: Հայաստանի տնտեսության մեջ պետք է ավելի մեծ մրցակցություն լինի, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման եւ ծաղկման հնարավորություն լինի: Եվ այսօր առավոտյան Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես վերստին լսեցի հավաստիացումներ, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Երկրորդ` անհրաժեշտ է, որ ավելի մեծ թափանցիկություն լինի, մասնավորապես հարկային եւ մաքսային վարչարարության մեջ:

Եվ երրորդ, որին հիմնականում առնչվում էր Ձեր հարցը, դա անկախ դատական համակարգի խնդիրն է: Այո´, ամերիկյան ներդրողների համար անհրաժեշտ է, որպեսզի երաշխիքներ ունենան, որ գործընկերների կամ այլոց հետ խնդիրներ, վեճեր առաջանալու դեպքում կլինեն անկախ որոշումներ կայացնող դատարաններ: Ուստի, Հայաստանում Միացյալ Նահանգների ներդրումները ես գնահատում եմ «լավ», բայց դա կարող է ավելի լավ լինել, կարող է ավելի խորը եւ ավելի ծավալուն լինել: Եվ մենք շարունակելու ենք աշխատել իմ նշած բոլոր խնդիրների ուղղությամբ՚:

«Երկիր մեդիա». - Շարունակելով տնտեսական համագործակցության թեման` որքանով գիտեմ տնտեսական համագործակցության վերաբերյալ կառավարական մակարդակով Հայաստանը պայմանագիր չունի Միացյալ Նահանգների հետ: Առաջիկայում նման պայմանագիր կլինի՞: Ինչքան գիտեմ, ամերիկահայ համայնքն այս հարցի առնչությամբ մտահոգություն է բարձրացրել պարոն դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

Ջոն Հեֆերն. - Տնտեսական հարցերի շուրջ մենք ակտիվ երկխոսություն ունենք: Այդ երկխոսությունը իրականացվում է տնտեսական համագործակցության հարցերով աշխատանքային խմբի շրջանակում: Վերջերս ընդլայնել ենք շրջանակը, եւ առեւտրի, ներդրումների ու համագործակցության հարցերն են դիտարկվում այդ երկկողմ աշխատանքային խմբում: Եվ երկու կողմն էլ շատ բարձր մակարդակով են ներկայացված այդ խմբում: Անցած հոկտեմբերին տեղի ունեցավ խմբի նիստը, բացի այդ աշխատանքային մակարդակում հանդիպումներ են տեղի ունենում ենթախմբերում: Կարծում եմ, որ մեր համագործակցությանն առնչվող հարցերը կարող են լուծում ստանալ այս ձեւաչափում: Սա իհարկե չի նշանակում, որ այլ մեխանիզմներ չկան: Որոշ մարդիկ առաջարկում են համաձայնագրերի ստորագրում, օրինակ` առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիր… Այն ինչ ես ասում եմ այս պահին հետեւյալն է, որ երկխոսությունը կա այս ասպարեզում, այն արդյունավետ կերպով ընթանում է, մեխանիզմները գործում են, եւ այն ինչ անհրաժեշտ է ու վերաբերում է առեւտրին, ներդրումներին եւ տնտեսական համագործակցությանը մենք կարող են այս ձեւաչափով իրականացնել:

Հանրային հեռուստաընկերություն. Պարոն դեսպան, 2012-ի վերջին Հայաստանը տարբեր մակարդակներում ամփոփեց հայ-ամերիկյան հարաբերությունները` դրանք գնահատելով բարձր: Խնդրում եմ անփոփեք 2012 թվականը, եւ ինչպիսին կլինեն 2013-ի ծրագրերը՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է եւ Հայաստանը բազմիցս շեշտել է Միացյալ Նահանգների հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ:

Ջոն Հեֆերն. 2012թ. մեր երկկողմ հարաբերությունների համար կարeuոր տարեթիվ էր` լրանում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մենք մի շարք միջոցառումներ ունեցանք, այդ թվում դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առիթով տեղի ունեցավ պետքարտուղար Քլինթոնի այցը: Նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներում բովանդակալի քննարկումներ տեղի ունեցան, եւ այցի ընթացքում քննարկված առանցքային խնդիրներից մեկն էր Լեռնային Ղարաբաղի հարցը: 2013թ.-ին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների առումով, կարծում եմ, աշխատանքներ կտեսնենք տնտեսական համագործակցության ասպարեզում եւ կրթության ոլորտներում: Եվ պարտադիր չէ, որ այդ ամենն իրականացվեն կառավարությունների մակարդակով, սովորական մարդկանց միջեւ էլ կարելի այն իրականացնել: 2013թ. նախատեսում ենք, որ հայ-ամերիկյան հարաբերությունների առանցքային ուղղությունները կլինեն տնտեսական համագործակցությունը եւ կրթական ծրագրերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված շատ կարճ խոսեմ. կուզենայի հաջողությունների մասին պատմել, բայց, ցավոք, չեմ կարող: Բայց կարող եմ ասել, որ այս երկուշաբթի Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Կողմերը դեռ բանակցային սեղանի շուրջ են, բանակցությունները շարունակվում են, 18-20 տարի հնարավոր է եղել կողմերի միջեւ պահպանել երկխոսությունը, ինչը թույլ է տվել կանխել մեծամասշտաբ թշնամական գործողությունները: Դա բավարար չէ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հաջողություն է:

«Ազատություն» ռ/կ. - Հայաստանի հանրությանը շատ են հետաքրքրում գալիք նախագահական ընտրությունները, ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ: Կա՞ն Ձեզ հուզող ինչ-որ խնդիրներ, մտահոգություններ, որոնք կցանկանայիք կիսել մեզ հետ:

Ջոն Հեֆերն. - Ընտրությունները շատ կարեւոր են: ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընտրությունների հարցին հաճախակի անդրադարձ էր լինում, ես անդրադառնում էի մայիսին տեղի ունեցած ընտրություններին, նշում էի դրական տեղաշարժերի մասին, որ նկատվել են այդ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` բարելավվել էր լրատվամիջոցների հասանելիությունը, լսելի էին դարձել ընդդիմության, անկախ ձայները, նաեւ ընտրատեղամասերում ընտրությունների անցկացման աշխատանքներն էին լավ կազմակերպված: Սակայն մայիսյան ընտրություններում նաեւ խնդիրներ կային, եւ այդ խնդիրները արձանագրվել էին ԺՀՄԻԳ դիտորդների եւ մյուսների կողմից: Օրինակ, ընտրակաշառքների մասին, վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին բազմաթիվ հաղորդումներ կային, որոնք առկա են ԺՀՄԻԳ-ի զեկույցում: Ուստի, միջազգային հանրությունը ակնկալում է, եւ Հայաստանի նախագահն է պատրաստակամություն հայտնել` բարելավել ընտրությունները մայիսյան ընտրությունների հետ համեմատած` եւ հատկապես բարելավել այս երկու ուղղությունների հետ կապված: Մենք հուսով ենք, որ փետրվարյան ընտրությունները նոր նշաձող կհանդիսանան հայաստանյան հետագա ընտրությունների համար: Եվ սա շատ լավ կլինի: Ընտրությունների հետ կապված մի դիտարկում էլ անեմ: Մենք ԵԱՀԿ եւ Եվրամիության համատեղ, մի համաժողով էինք կազմակերպել՝ ընտրական օրենսգրքի կյանքի կոչման հետ կապված, եւ ուրախ էինք տեսնել, որ այնտեղ ներկա էին Հայաստանի ոստիկանության, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակավ հայտարարություններ եղան, որոնք արձանագրվել են, որ բողոքների, դժգոհությունների պարագայում համակողմանի քննություն կանցկացվի: Կցանկանայի, որ ընտրողները այդ հանձնառությունները լուրջ կնդունեն եւ եթե նկատում են խնդիրներ, այդ մասին հաղորդեն, որպեսզի այդ ամենը իրավապահ կառույցների համար փորձություն դառնա, որպեսզի իրենց խոստումը կատարեն եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, պատշաճ քննություններ իրականացնեն, որպեսզի այս ընտրությունները լինեն ամենալավ հայաստանյան ընտրությունները, ինչպես Հայաստանի նախագահն է պարբերաբար հայտարարում:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն. - Եթե Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացվեն, այսինքն լինեն ժողովրդավարական, եվրոպական չափանիշներին համապատասխան, հնարավո՞ր է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դարձյալ գործարկվի:

Ջոն Հեֆերն. - «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ առաջին ծրագիրը, որ Հայաստանն ունեցավ, հաջողված ծրագիր է: Այն ավարտվեց անցած տարի, եւ ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ 170 միլիոն ամերիկյան դոլարի ոռոգման եւ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը գոհ էր Հայաստանում իրականացված ծրագրերի աշխատանքներից: Մենք շատ հուսով ենք, որ Հայաստանն առաջիկայում իրավասու կլինի մասնակցել ծրագրին եւ մրցութային հիմունքներով ծրագրի իրականացման հնարավորություն ստանալ: Եվ որպեսզի իրավասու լինեն ֆինանսավորում ստանալու համար, այդ երկրները պետք է որոշակի չափանիշների, որոշակի ցուցանիշների մասով իրենց համապատասխանությունը ցույց տան: 13 տարբեր ցուցանիշներ են դիտարկվում այդ նպատակի համար: Կան նաեւ ցուցանիշներ, որոնք առնչություն ունեն ընտրությունների հետ: Եվ Հայաստանում արդարացի, ազատ ընտրությունների անցկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով դիտարկվելու խթան կարող է հանդիսանալ: Բայց Հայաստանի համար դա չէ հիմնական խոչընդոտը` ծրագրի ցուցանիշներին համապատասխանելու համար. այս տարի Հայաստանին խանգարող հիմնական հանգամանքը կոռուպցիային վերաբերող ցուցանիշն էր: Այս հարցը եւս շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսօր էլ վարչապետի հետ քննարկման ժամանակ անդրադարձ եմ կատարել: Կառավարման թափանցիկության, հակակոռուպցիոն ոլորտում աշխատանքների շարունակական բարելավումը կարող է օգնել, որպեսզի Հայաստանը կարողանա համապատասխանել ծրագրային պահանջներին:

Hetq.am. - Պրն դեսպան, Դուք ապահով երկիր համարո՞ւմ եք Հայաստանը ներդրողների համար, եւ Ձեր հանդիպումներում Դուք խրախուսե՞լ եք ներդրումներ կատարել Հայաստանում, եւ որպես դեսպան երաշխավորե՞լ եք [ներդրումների անվտանգությունը]:

Ջոն Հեֆերն. - Երկրորդ հարցին ես ավելի հեշտ կպատասխանեմ` ո´չ, քանի որ սա իմ երկիրը չէ, սա ձեր երկիրն է, ես ոչինչ չեմ կարող երաշխավորել: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ես ներկայացրել եմ պատկերի հավասարակշիռ դրվագները: Ամերիկյան ներդրումների հետ կապված այստեղ մենք ունենք հաջողված պատմություններ, այստեղ գործում են բազմաթիվ ամերիկյան ընկերություններ, ամերիկյան առեւտրային պալատն այստեղ տարբեր ոլորտներում ունի բազմաթիվ անդամներ, որոնք Հայաստանում հաջող գործունեություն են իրականացնում: Տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներն այստեղ նույնպես լավ ցուցանիշներ ունեն: Վերջերս մեկ ընկերություն ավելացավ այս ոլորտում: Հայտնի Intel ընկերությունը ստորագրեց փոխըմբռնման հուշագիր, եւ Synopsys, Microsoft, National Instruments եւ ամերիկյան այլ հայտնի ընկերությունների ներկայացուցչությունների հետ մեկտեղ Հայաստանում կբացվի Intel-ի ներկայացուցչությունը: Կան առանձին դեպքեր, որոնց հետեւանքով սփյուռքում հնարավոր ներդրողների շրջանում առկա է բավականին զգուշավորություն, եւ այդ մասին ես անկեղծորեն անդրադարձել եմ նաեւ վարչապետի, [ԱՄՆ-ում] Հայաստանի դեսպանի հետ հանդիպումների ժամանակ: Այո´, խնդիրներ կան, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն:

Hetq.am. - Կա՞ն տվյալներ, թե Հայաստանում 2012թ.-ին ամերիկյան ներդրումները որքա՞ն են կազմել:

Ջոն Հեֆերն. - Հստակ վիճակագրության չեմ տիրապետում այս պահին, բայց 2011թ.-ին ամերիկյան ներդրումները Հայաստանում կազմել են շուրջ 40 միլիոն դոլար, 2012թ.-ին դրանք, ցավոք, կարծես ավելի քիչ էին: 2013թ.-ին [Հայաստանում ամերիկյան] մեկ-երկու խոշոր ներդրումներ, կարծում եմ, կլինեն, եւ կարծում եմ, որ կկարողանանք, ընդհանուր առմամբ, Հայաստանում ամերիկյան ներդրումները բարելավել:

1in.am. - Տեղեկություններ կան, որ նախատեսված չեն եղել Հայաստանի վարչապետի հանդիպումները ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարի հետ: Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, կասե՞ք խնդրեմ, ո՞րն է պատճառը որ նման անսպասելի հանդիպումներ են կազմակերպվել:

Ջոն Հեֆերն. - Հայաստանի վարչապետը Միացյալ Նահանգներում շատ վայրերում է եղել: Ես վարչապետին հանդիպեցի Լոս Անջելեսում: Այնտեղ մենք առիթ ունեցանք ճաշել քաղաքապետի հետ: Թերեւս, առաջիկայում Լոս Անջելեսից առեւտրի հարցերով մի պատվիրակություն ժամանի Հայաստան: Հետո մենք միասին Սան Ֆրանցիսկոյում էինք` «Արմթեք» համաժողովին մասնակցելու համար. շատ լավ միջոցառում էր: Այնուհետեւ Հայաստանի վարչապետը մեկնեց Բոստոն եւ այնտեղ MIT լրատվական լաբորատորիայում միջոցառում եղավ, որը նվիրված էր երկու երկրների հարաբերությունների 20-ամյակին, որից հետո վարչապետը ժամանեց Վաշինգտոն: Այս ամենը ասում եմ նրա համար, որ հանդիպումների նշանակումը` հատկապես պետական բաձրաստիճան այրերի հետ, ժամանակ է պահանջում եւ հանդիպումների մասին պայմանավորվածությունները երբեմն կարող են վերջին պահին ձեռք բերվել: Մինչեւ մեկնելը՝ դեկտեմբերի սկզբին, վարչապետի գրասենյակից դիմել էին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն եւ դեսպանատունն էլ դիմել էր Սպիտակ տուն: ԱՄՆ փոխնախագահը հետաքրքրություն էր ցուցաբերել հանդիպման առնչությամբ եւ սկզբունքորեն ընդունել էր հանդիպման առաջարկը: Խնդիրը միայն այն էր, թե Հայաստանի վարչապետը ե՞րբ կարող է լինել Վաշինգտոնում` հանդիպման օրը եւ ժամը հստակեցնելու համար, եւ կարող եմ ասել, որ սա նորմալ ընթացակարգ է հանդիպում կազմակերպելու համար:

«Ազատություն» ռ/կ. - Ձեր ներածական խոսքում Դուք ասացիք, որ Հայաստանի համար պետք է այլընտրանք պահպանվի, եւ նշեցիք արեւմտյան ուղղությունը: Վերջին շրջանում շատ է խոսվում, որ Հայաստանին ընտրություն է առաջարկված՝ Եվրասիական միություն կամ եվրաատլանտյան կառույցներ: Շատերը մտահոգություն են հայտնում, որ Եվրասիական միությունը Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ է, եւ հետխորհրդային երկրները կարող են կորցնել իրենց անկախությունը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

Ջոն Հեֆերն. - Հայաստանի կառավարությունը հստակորեն իր հանձնառության մասին հրապարակավ նշել է, որ պատրաստ է Եվրամիության հետ աշխատել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակում: Մյուս կողմից, ես ինքս այդ մասին չեմ կարող խոսել, քանի որ Եվրամիության անդամ երկիր չեմ ներկայացնում: Բայց մենք լսել ենք նաեւ Եվրամիության դիրքորոշումը, որ դժվար կլինի երկու ուղղությունները համատեղել: Կարծում եմ, որ այս հայտարարություններն ինքնին խոսուն են: Միաժամանակ կարծում եմ, որ Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը շատ օգտակար կլինի Հայաստանի Հանրապետության, Եվրամիության համար: Դա շահեկան է նաեւ Միացյալ Նահանգների համար:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն. - Նախընտրական շրջանում Մեծ Բրիտանիայի դեսպանի մտահոգություններն իշխանական թեւի կողմից սուր քննադատության արժանացան: Ինչպես եք վերաբերում այս հարցին: Արդյոք իշխանության ներկայացուցիչներն իրավունք ունեի՞ն այդ կերպ արձագանքել, թե՞ դեսպանն իրավունք չուներ այդպես խոսել՚:

1in.am. - Ընդհանրապես կիսո՞ւմ եք Մեծ Բրիտանիայի դեսպանի եւ ԵԽԽՎ դիտորդների հայտարարություններում հնչած մտահոգությունները, թե գալիք ընտրությունները մրցակցային չեն:

Ջոն Հեֆերն. - Քաղաքական մրցակցությունը դրական սկզբունք է եւ այն կարեւոր է: Ընտրությունների ազատ, արդարացի եւ վստահության արժանի լինելը կարեւոր գործոն է, ու մենք ամեն կերպ հորդորելու եւ հետամուտ ենք լինելու, ձգտելու ենք աջակցել, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար եւ վստահության արժանի: Այդ արժեքներով ենք գնահատելու ընտրությունները:

Hetq.am. - Դուք հայտարարել եք, որ հետեւում եք սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործին, ինչպե՞ս եք հետեւում, եւ արդյո՞ք դեսպանը որեւէ բան կարող է անել նման հարցերում:

Ջոն Հեֆերն. - Մեր նպատակը Հայաստանում համակարգային փոփոխություններն են անկախ նրանից, թե ներդրողը ԱՄՆ-ից է, եվրոպական երկրից, Ռուսաստանից, թե որեւէ այլ երկրից: Անհրաժեշտ է, որպեսզի բոլորը նույն խաղի կանոններով առաջնորդվեն, խաղի հավասար պայմաններ լինեն բոլորի համար: Մամուլում եղել են որոշ գործերի մասին հրապարակումներ, որոնք մեր ուշադրությանն են արժանացել: Բայց կրկին նշում եմ, որ մեր նպատակը համակարգային փոփոխություններն են, եւ մեր երկխոսությունը [Հայաստանի] կառավարության հետ համակարգային փոփոխություններին է վերաբերում:

1in.аm. - Խնդրում եմ անդրադառնալ նաեւ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին: Բայցի այդ, Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման եւ արձանագրությունների հետ կապված բանակցություններում շահագրգիռ կողմ էր: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է ակնկալել, որ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո, գալիք տարիներին կվերսկսվեն բանակցությունները` հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար:

Ջոն Հեֆերն. - Այո´, իհարկե: Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ կարեւոր խնդիր է Հայաստանի, Թուրքիայի եւ ողջ տարածաշրջանի համար: Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել [հայ-թուրքական] սահմանի բացման ուղղությամբ: Իրանի հետ կապված՝ Երեւանում մեր գործընկերների հետ Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված քննարկումներ ենք ունենում: Մեր ուղերձը մեր բոլոր գործընկերներին այն է, որ Իրանի հետ կապված խիստ պատժամիջոցները, քաղաքական մեկուսացումը կօգնեն միջուկային զենքի հետ կապված հարցում: Եվ Հայաստանը, չնայած դժվարություններին, որոնք առաջանում են իր համար, շարունակում է հետեւել Միացյալ Նահանգների, Եվրամիության, ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Մենք մեր բոլոր գործընկերներին հավաստիացնում ենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը այս խնդրի խաղաղ կարգավորման տարբերակն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG