Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ քաղաքացիների շրջանում հարցումների հիման վրա մշակվել է կառավարության գործունեության հաշվետվությունը:

«Ըստ մեր քաղաքացիների գնահատականների` վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետեւյալն են. առաջինը բջջային կապի եւ ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել են, որ այս ոլորտում ակնհայտորեն կան դրական տեղաշարժեր վերջին հինգ տարիների ընթացքում», - հայտարարեց վարչապետը:

Երկրորդ տեղում երրորդ անձանց ռիսկի ապահովագրության, կամ այսպես կոչված ԱՊՊԱ-ի ոլորտն է, որտեղ, համաձայն գործադիրի ղեկավարի, կան շոշափելի արդյունքներ:

«Հիշում եք, որ կար նաեւ լուրջ քննադատություն, բայց, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների 82.4 տոկոսը արդյունքները գնահատում են դրական։ Երրորդ ոլորտը` 65.1 տոկոս, կադաստրի աշխատանքն է, որտեղ մեր քաղաքացիները գնահատում են, որ կան լուրջ ձեռքբերումներ։ Մեր քաղաքացիների գնահատականներով այս երեք ոլորտներում մենք ունենք ակնհայտ առաջընթաց», - ասաց վարչապետը:

Կառավարության գործունեության վերաբերյալ մի փոքրիկ հարցում էլ պատահական անցորդների շրջանում մենք անցկացրեցինք: Հարցադրումը հետեւյալն էր` ո՞ր ոլորտներում եք շոշափելի արդյունքներ տեսնում անցած 5 տարիներին կառավարության իրականացրած բարեփոխումների շրջանակում:

«Բոլոր տեղերում կիսատ-պռատ է», «Կան ոլորտներ, որոնք բացարձակապես գնում են դեպի կործանում, դեպի անկում` գիտական, կրթական համակարգը լրիվ քայքայված է», «Ոստիկանությունում որոշ բարեփոխումներ կան, կադաստրում էլ մեծ բարեփոխումներ են եղել, իսկ մնացած ոլորտներում առաջընթաց չեմ զգում», նման պատասխաններ տվեցին երեւանցիները հարցադրմանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG