Մատչելիության հղումներ

Նժդեհի դերակատար. «Կարեւոր հանդիսատեսի կարծիքն է»


Armenia -- Artashes Aleksanyan, actor speaks at a press conference. 30Jan., 2013
Armenia -- Artashes Aleksanyan, actor speaks at a press conference. 30Jan., 2013
Օրերս հանդիսատեսի դատին ներկայացված «Գարեգին Նժդեհ» կինոնկարը քննադատության թիրախ էր դարձել դեռ մինչեւ էկրան բարձրանալը, ինչը ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները «անհեթեթ ու ծիծաղելի» են համարում:

Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը, Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը, Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը տարակուսում էին, թե ինչպես կարելի է քննադատել դեռ չտեսածը:

Նման քննադատությունը, ըստ Արմեն Մազմանյանի, «կուլտուրայի բացակայության արդյունք է». - «Սկանդալային չկամության արդյունք է: Ինձ հետո էլ է պատահել: Իմ ներկայացումներն էլ, դեռ դուրս չեկած, արդեն կարծիքները կային: Այնպես որ, դա մեզանում արատ է եւ մեծ խնդիր է` բարոյաէթիկական, հասարակական, հանրային խնդիր է»:

Քրիստ Մանարյանը մեղադրում է նաեւ լրագրողներին. - «Հիմար կարծիքները տիրաժավորում եք հենց այդ նույն սոցիալական ցանցերում: Որովհետեւ մեկը մի հիմարություն գրում է, հետեւեց հատուկ սարքում են սկանդալային նյութը, մատուցում են: Ես կարդացել եմ այս վերջերս. մարդը քննադատել է մի բոլորովին ուրիշ ֆիլմ, գրել է, որ ռեժիսուրան եւ սցենարը չհավանեցի: Այդ ամենը լրագրողը սարքել է հոդված` վերագրելով «Գարեգին Նժդեհ» ֆիլմին»:

Մանարյանը նաեւ պատմեց, որ ֆիլմի սցենարը գրելիս օգտվել է առաջին հերթին Նժդեհի թողած գրականությունից, նաեւ փաստավավերագրական եւ կենսագրական գրքերից:

Նա հատուկ շեշտեց, որ իրենց աշխատանքը գեղարվեստական ստեղծագործություն է, որը պետք չէ ընկալել որպես պատմության դասագիրք:

Արմեն Մազմանյանն այս կապակցությամբ ասաց. - «Չի կարելի խոսել պատմությունից պատմաբանորեն գեղարվեստական ֆիլմի մասին, որը ունի խնդիր մեր առաջ դնելու հերոսի քաղաքական կերպարը: Դուք կարող եք ասել հերոսը ձեզ դուր եկա՞վ, թե՞ ոչ, բայց չեք կարող ասել, որ Պողոսը այդտեղ չի մահացել, այլ այլ ճակատամարտում… այդպես չի կարելի նման ֆիլմերին մոտենալ»:

Նժդեհի դերակատարները ֆիլմում երկուսն են. երիտասարդ տարիներին կերպարը մարմնավորել է Շանթ Հովհաննիսյանը, ավագ տարիքում` Արտաշես Ալեքսանյանը:

Վերջինս այսօր նշեց, որ իր համար կարեւորը հանդիսատեսի կարծիքն է. - «Այս երկու օրվա ընթացքում, որ զուտ հանդիսատեսն է գնում, ֆիլմի վերջում հոտնկայս ծափահարում է հանդիսատեսը»:

Հավելենք, որ արդեն պատրաստ է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մոտ 5 ժամ տեւողությամբ հեռուստատեսային տարբերակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG