Մատչելիության հղումներ

logo-print

ՀՌԱՀ-ը քարոզչության առաջին շաբաթում խախտումներ չի արձանագրել


Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը փետրվարի18-ի ընտրությունների նախընտրական քարոզչության առաջին մեկ շաբաթվա ընթացքում իրավախախտումներ չի արձանագրել:

Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ալմալյանը լայն սփռում ունեցող լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը «բավարար» է գնահատում։

«Արդյո՞ք հեռուստաընկերությունները հավասար պայմաններ են ապահովում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող թեկնածուի եւ նրա հակառակորդների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին Գրիգոր Ամալյանը պատասխանեց․ - «Բոլոր այն դեպքերը, երբ որեւէ հեռուստաընկերություն կա՛մ թյուրընկալման պատճառով, կա՛մ սխալի պատճառով շփոթ է առաջացրել պաշտոնական գործունեության եւ քարոզչական գործունեության, հստակեցվել եւ ճշտումներ է արվել հանձնաժողովում մեր մասնագետների կողմից»։

Այս ընթացքում որեւէ հեռուստաընկերություն տույժի եւ տուգանքի չի ենթարկվել։

«Քարոզարշավի շրջանում լայն սփռում ունեցող լրատվամիջոցները որքանո՞վ են հաշվի առնում հանրային պահանջները», - հարցին էլ ՀՌԱՀ-ի նախագահը պատասխանեց․ - «Ես կարծում եմ՝ պիտի տրամադրվի այնքան, որքան թեկնածուն է ցանկանում։ Ես կարծում եմ, որ հեռուստադիտողի եւ հանրության շահերի մեջ է առավելագույն հնարավորությունը ունենալ ծանոթանալ թեկնածուներին եւ նրանց ծրագրերին»։

«Ազատություն» ռադիոկայանը փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանում` պարզելու, թե որքանով են ընտրողները հետաքրքրված քարոզարշավով:

«Նայում ենք, բայց ընտրողը ընտրված է», - ասաց միջին տարիքի մի կին:

Վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած մի սիրիահայ ասաց, թե թեկնածուներին դեռ լավ չի ճանաչում, իսկ հեռուստաընկերությունների քարոզչական հաղորդումներին հետեւում է «որոշ չափով»:

Կային մարդիկ, ովքեր ասում էին, թե չեն հետեւում քարոզարշավին: «Չեն կարծում, որ հեռուստաընկերությունները լուսաբանում են այն, ինչ որ հենց իրենք կարծում են: Մեր պետությունում չկա այնպիսի հեռուստաալիք, որը կարող է իր կարծիքը առանց վերեւների հրահանգների հեռարձակի», - ասաց մի տղամարդ:

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ մենք ընտրենք, միեւնույն է, ընտրվելու է այն մարդը, ով պետք է ընտրվի: Դա ժողովրդավարություն չէ, այն, ինչ հիմա անում են», - հայտարարեց մեկ այլ երեւանցի` շարունակելով. - «Երեւի հարյուրամյակներ հետո նոր լինի այնպիսի մրցակցություն, որ ընտրի ժողովուրդը: Այդպիսի բան չկա առայժմ»:
XS
SM
MD
LG