Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Արդեն չափը անցել են»


Բողոքի ցույց ի պաշտպանություն «Սիվիլիթաս»-ի եւ Վարդան Օսկանյանի, Երեւան, 19-ը հոկտեմբերի, 2012թ.

Բողոքի ցույց ի պաշտպանություն «Սիվիլիթաս»-ի եւ Վարդան Օսկանյանի, Երեւան, 19-ը հոկտեմբերի, 2012թ.

«Դա արդեն «Սիվիլիթաս»-ի գործունեությանն է խանգարում», - ընդգծում է նախկին արտգործնախարարը։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) որոշումից հետո էլ այդ կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ահազանգում է «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ շարունակվող ճնշումների մասին:

«Դե գիտեք, «Սիվիլիթաս»-ի հետ կապված ԱԱԾ-ի [Ազգային անվտանգության ծառայություն] գործը կա, եւ անձամբ իմ հետ եւ նաեւ «Սիվիլիթաս»-ի, այդ գործընթացը դեռեւս շարունակվում է, եւ պարբերաբար մարդկանց կանչում են հարցաքննության», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասաց Օսկանյանը։

«Սիվիլիթաս»-ի մասով, ըստ նրա, «արդեն սկսել են տարբեր ծրագրերի մեջ խորանալ»։ «Չգիտեմ` դա մինչեւ ուր կգնա։ Բնականաբար, առաջին օրվանից էլ մենք ասել ենք եւ շարունակում ենք կրկնել, որ այս բոլորը քաղաքական սկիզբ ունեցավ, եւ հիմա, համենայն դեպս, շարունակվում է` անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ են եղել այս ժամանակահատվածում», - նշեց Օսկանյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա հաստատեց, որ իրեն նորից կանչել են հարցաքննության. - «Վերջերս ինձ նորից կանչել էին, այո»։

Հիշեցմանը, որ իր հիմնադրած «Սիվիլիթաս»-ի տնօրեն Սալբի Ղազարյանը եւս օրերս հայտարարել էր, թե ճնշումները մեղմանալու փոխարեն ավելի են ուժեղացել, Վարդան Օսկանյանը արձագանքեց. - «Սիվիլիթաս»-ը տարբեր ծրագրեր է արել այս տարիների ընթացքում, հիմի մի ծրագիր են բռնել` 2009 թվականին իրականացված, եւ սկսել են արդեն դրա մեջ խորանալ` բոլոր մանրուքների, որը, ես կարծում եմ, արդեն չափը անցել է։ Դա արդեն «Սիվիլիթաս»-ի, գիտեք, գործունեությանն է խանգարում, եւ մինչեւ ուր են տանելու` իսկապես ես դժվարանում եմ ասել»։

Հիշյալ ծրագիրը, նախկին արտգործնախարարի վկայությամբ, «սահմանամերձ երկու գյուղերում` Մեղրիի մոտ, 2009 թվականին ջրամատակարարման ծրագիր է եղել, եւ ԱԱԾ-ն հիմի խորացել է այդ հարցի մեջ, եւ կարծեք թե ուղղվածությունը այն է, իբր թե «Սիվիլիթաս»-ը, ժողովրդական տերմինը օգտագործելով, այդ ծրագրից «ատկատ» է վերցրել»։

Փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործը հարուցված է անցած տարվա մայիսից: Օսկանյանը նախ գործով որպես վկա էր անցնում, հետո հոկտեմբերին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, եւ Ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրանք առաջադրեց «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» եւ «յուրացման» հատկանիշներով:

Ի սկզբանե թե՛ Օսկանյանը, թե՛ ԲՀԿ-ն այս հետապնդման մեջ քաղաքական դրդապատճառներ էին տեսնում:
XS
SM
MD
LG