Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է անում «կարգի հրավիրել իր ենթականերին»:

Այսօր Արմավիրի մարզի գյուղեր այցելության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանը հայտարարեց, որ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար նախագահը պետք է «խոստովանի» վարչական ռեսուրսների չարաշահման, իր ստորադասների կողմից պետական հաստատություններում ընտրողների ազատ կամքին խոչընդոտելու փաստը եւ վերջ դնի այդ երեւույթներին:

«Իմ հիմնական զրուցակիցը գործող նախագահն է, մնացածը իր ենթականերն են, եւ դրա համար ինքն իր ենթականերին բոլորին միասին` մարզպետից սկսած մինչեւ գյուղապետ, շտաբի պետ եւ այլ պաշտոնական մարդկանց, պիտի ասի, որ «այո, այդ իրականությունը կա, քաղաքապետարաններում հավաքում են ուսուցիչներին, տնօրեններին, որ հրամանատարները հրավիրում են զինվորներին, որ «Փարոսը» գնում է տնից տուն եւ ցուցակագրում է, որ պետական համալսարանում պետական շարֆեր են բաժանում, պիտի վերջ տանք դրան»: Կամ պիտի ասի` «այո, Րաֆֆի, դրանք գոյություն ունեն, դրանք սխալ են, եւ մենք պիտի ուղղենք այդ սխալը»: Իսկ եթե պիտի դրանք մերժի իր ենթակաների միջոցով, ուրանա, հերքի, ու ասի, որ նման բան չկա, ուրեմն վերջացած է, վերջացած է ազատ ընտրությունների հեքիաթը», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանից բացակայողների ցանկը ընտրողների ցուցակներից առանձին փակցնելու` նախագահի երեք թեկնածուների առաջարկին ոստիկանության պաշտոնական մերժումը արդյոք Սերժ Սարգսյանի պատասխա՞նը չէր իր այս պահանջներին, Հովհաննիսյանը հակադարձեց, թե ինքը հույս ունի լսել անձամբ նախագահի պատասխանը: Իսկ ոստիկանության քայլը վախի դրսեւորում էր, ասաց նա:

«Սա ցուցանում է, որ կա վախ, կա ժողովրդից վախ, որ որքան էլ ասեն, որ ելքը կանխորոշված է, իրենք այնքան մտահոգ են, որ մերժում են այդ ցուցակները փակցնելը», - ասաց թեկնածուն:

Արմավիրի մարզի Շենիկ եւ Նաիրի գյուղերի բնակիչների հետ հանդիպումներում էլ թեկնածուն խորհուրդ էր տալիս չհավատալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներին եւ անպայման մասնակցել քվեարկությանը: Գյուղերում եւս նա ձեռքով բարեւում էր հրապարակներում հավաքվածներին եւ հորդորում` «ազատ ընտրեք»:

Թեկնածուին առանձնապես ոգեւորությամբ ընդունեցին Նաիրի գյուղում. մինչ նա կմոտենար հրապարակին, գյուղացիներից մեկը Հովհաննիսյանի նախընտրական բուկլետը ձեռքին ասաց` «էսքան բան որ գրել ես, ո՞նց ես իրականացնելու»: Իսկ ելույթի ժամանակ գյուղացիները ժամանակ առ ժամանակ նրան ընդհատում էին եւ բողոքում արտագաղթից ու գործող իշխանություններից:

«Ռադիոյից ձայնագրել եմ, անցյալ տարի դեկտեմբերի 2-ի դրությամբ 122 հազար բացակայել են Հայաստանից, ո՞ւր են գնացել ո՞ւր», «Ինչո՞ւ 10 ցուցարարների սպանեցին, ինչո՞ւ մեկին չբռնեցին», «Ո՞ւմ են պետք իրենց խոստումները», հարցնում էին գյուղացիները` եզրակացնելով, որ «ձուկը գլխից է հոտում»:

Նաիրի գյուղում գյուղացիներից մեկը Հովհաննիսյանին գարեջուր առաջարկեց, հետո երբ թեկնածուն գնաց, պարզեցինք, որ գյուղացիները նախագահի 8 թեկնածուներից մի քանիսին գիտեին միայն:

«Ամերիկան որ Ամերիկա ա, երկու թեկնածու ուներ, Հայաստանը ութ թեկնածու, ի՞նչ խաբար ա: Սերժին ենք ճանաչում, Րաֆֆի Հովհաննիսյանին, Բագրատյանին, մեկ էլ «Բարգավաճն» էլ պտի Օսկանյանին դներ, էն էլ ոտերի տակ սապոն դրեցին, գցեցին: Սկի մեր դեպուտատին չենք ճանաչում, չգիտենք, թե ինչ գույնի ա` սե՞ւ ա, թե սպիտա՞կ: Ընտրել ենք, բայց չգիտենք ով ա, չենք տեսել», - դժգոհեց գյուղացիներից մեկը. - «2.5 միլիոն ժողովուրդ, 131 դեպուտատ, ինչի՞ համար: Ինչքա՞ն աշխատավարձ են ստանում` 300 հազար, իմ 11 ամսվա թոշակը, ի՞նչ խոսեմ: Ի՞նչ են անում, ինչների՞ս են պետք»:

Նաիրի գյուղի բնակիչներից մեկն էլ նույնիսկ ցանկանում էր, որ Գերմանիայում բնակվող իր որդիներին վտարեին Գերմանիայից եւ նրանք վերադառնային:

«82 տարեկան եմ, մենակ եմ ապրում, կինս մահացել է, էրեխեքիս հասցեներն էլ չգիտեմ, միայն գիտեմ, որ Գերմանիայում են», - արցունքոտ աչքերով ասում էր տղամարդը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG