Մատչելիության հղումներ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի ներկայացմամբ` միջազգային հանրությունը ակնկալում է, որ հայաստանյան գալիք նախագահական ընտրությունները ավելի լավը կլինեն, քան անցած մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններն էին:

ԱՄՆ դեսպանատանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հեֆերնը նաեւ հավելեց, թե հույս ունի, որ փետրվարյան ընտրությունները նոր նշաձող կհանդիսանան հայաստանյան հետագա ընտրությունների համար:

«Ընտրությունները շատ կարեւոր են: ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընտրություններին հաճախակի անդրադարձ էր լինում, ես անդրադառնում էի մայիսին տեղի ունեցած ընտրություններին, նշում էի դրական տեղաշարժերի մասին, որ նկատվել են այդ ընտրությունների ժամանակ, մասնավորապես. բարելավվել էր լրատվամիջոցների հասանելիությունը, լսելի էին դարձել ընդդիմության, անկախ ձայները, նաեւ ընտրատեղամասերում ընտրությունների անցկացման աշխատանքներն էին լավ կազմակերպված: Սակայն մայիսյան ընտրություններում նաեւ խնդիրներ կային, եւ այդ խնդիրները արձանագրվել էին ԺՄՀԻԳ դիտորդների եւ մյուսների կողմից: Օրինակ, ընտրակաշառքների մասին, վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին բազմաթիվ հաղորդումներ կային, որոնք առկա են ԺՄՀԻԳ-ի զեկույցում: Ուստի միջազգային հանրությունը ակնկալում է, եւ Հայաստանի նախագահն էլ պատրաստակամություն է հայտնել` բարելավել ընտրությունները մայիսյան ընտրությունների հետ համեմատած` եւ հատկապես [բարելավել] այս երկու ուղղությունների հետ կապված: Մենք հուսով ենք, որ փետրվարյան ընտրությունները նոր նշաձող կհանդիսանան հայաստանյան հետագա ընտրությունների համար: Եվ սա շատ լավ կլինի», - ասաց դեսպանը:

Դեսպանը ընտրությունների առնչությամբ մեկ դիտարկում էլ արեց. - «Մենք ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համատեղ մի համաժող էինք կազմակերպել` Ընտրական օրենսգրքի կյանքի կոչման հետ կապված, եւ ուրախ էինք տեսնել, որ այնտեղ ներկա էին ոստիկանության, գլխավոր դատախազության ներկայացուցիչներ: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակավ հայտարարություններ եղան, որոնք արձանագրվել են, որ բողոքների, դժգոհությունների պարագայում համակողմանի քննություն կանցկացվի: Կցանկանայի, որ ընտրողները այդ հանձնառությունները լուրջ կընդունեն եւ եթե նկատում են խնդիրներ, այդ մասին հաղորդեն, որպեսզի այդ ամենը իրավապահ կառույցների համար փորձություն դառնա, որպեսզի իրենց խոստումը կատարեն եւ համապատասխան միջոցներ ձեռնարկեն, պատշաճ քննություններ իրականացնեն, որպեսզի այս ընտրությունները լինեն ամենալավ հայաստանյան ընտրությունները, ինչպես Հայաստանի նախագահն է պարբերաբար հայտարարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG