Մատչելիության հղումներ

Սիրիահայերը դժվարությամբ են հասնում Հայաստան


Սիրիահայերը դժվարությամբ են հասնում Հայաստան
please wait

No media source currently available

0:00 0:02:23 0:00
Մինչ Սիրիայի կառավարությունը հետաձգում է Հալեպի օդանավակայանի վերաբացումը, սիրիահայերը շարունակում են դժվարություններ հաղթահարելով ու ավելի շատ գումարներ ծախսելով հասնել Հայաստան:

Արդեն երկրորդ անգամ Սիրիայի կառավարությանը պատկանող «Սիրիական ավիաուղիները» չվերթ է իրականացնում Լաթաքիա-Երեւան-Լաթաքիա ուղղությամբ: Մինչ այս թռիչքները դեպի Հայաստան իրականացվում էին Հալեպից:

Երեքշաբթի օրը Լաթաքիայից Հայաստան տեղափոխվեց 29, իսկ Սիրիա մեկնեց 20 սիրիահայ:

Ազատյանների ընտանիքը Երեւան տեղափոխվելու համար երկար ճանապարհ է անցել: Նրանք սիրիական Ղամիշլի քաղաքից են: Երեք հոգանոց ընտանիքը երեք ինքնաթիռ է փոխել՝ մինչեւ հասել է Երեւան: Ղամիշլիից հասել են Դամասկոս, այնտեղից՝ Լաթաքիա, որտեղից էլ տեղափոխվել են Երեւան:

Ընտանիքը որոշում է կայացրել այդքան երկար ճանապարհն անցնելով՝ ժամանակավորապես հեռանալ Սիրիայից ապահովության նպատակով: Րաֆֆի Ազատյանը ընկերոջն է թողել սեփական ատամնաբուժարանը ու Երեւան հասել՝ այստեղ նոր գործ սկսելու մտադրությամբ:

«Ձգեցի, եկա հոս, գործը լավ էր, բայց պայմանները դժվար էին պատերազմի պատճառով», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ազատյանը:

Րաֆֆի հայրը՝ Այդին Ազատյանը դերձակ է: Պատմում է, թե ի տարբերություն Հալեպի, Ղամիշլիում իրավիճակը փոքր ինչ խաղաղ է, ապստամբների զորքեր չկան քաղաքում, կրակոցներ չեն հնչում, բայց քաղաքն առաջվանը չէ, աշխատանք չկա, շատերն են ուզում դուրս գալ քաղաքից, բայց հնարավորություններ չունենալու պատճառով շարունակում են մնալ Սիրիայում:

Ընտանիքի անդամները հույս ունեն, որ Հայաստանում կարող են մշտական բնակություն հաստատել: Առաջիկայում նրանք Հայաստանի քաղաքացիություն կստանան:

Դամասկոսահայ Անտուանեթ Փարաշլյանն եւս երկար ճանապարհ է անցել. Դամասկոսից Լաթաքիա, հետո էլ՝ Երեւան: Կինը երեւանաբնակ տղային հյուր է եկել: Պատմում է, թե արդեն սովորել են Սիրիայի իրավիճակին: Էլեկտրականությունը օրվա մեջ մի քանի անգամ խափանվում է, անընդհատ կրակոցներ են լսվում:

«Երեք ժամ կկտրեն, երեք ժամ կտան», - ասում է Փարաշլյանը:

Առայժմ պարզ չէ, թե Սիրիայի կառավարությունը երբ կվերաբացի Հալեպի օդանավակայանը: Այն փակվել էր անցած տարեվերջին՝ վերանորոգման համար, թեեւ միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սիրիայի կառավարությունը օդանավակայանը փակել է այդ շրջանն ընդդիմադիրներից վնասազերծելու նպատակով:

Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ոչ պաշտոնական տվյալներով օդանավակայանը կվերաբացվի մինչեւ փետրվարի կեսերը: Նա նշեց նաեւ, որ Հալեպից Լաթաքիա ավտոճանապարհը վտանգավոր է, ու հալեպահայերը ճիշտ կանեն, եթե հրաժարվեն այդ ճանապարհով Հայաստան հասնելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG