Մատչելիության հղումներ

logo-print
Ամերիկյան The National Interest պարբերականը այսօր հրապարակել է ռուսաստանցի հայտնի փորձագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովի հոդվածը, որում անդրադարձ կա Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, թեեւ հոդվածի մեծ մասը նվիրված է Հայաստանի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին։

Գործող նախագահն այստեղ ներկայացված է որպես մի քաղաքական գործիչ, ով կարողացել է առանց լուրջ «քաղաքական սթրեսների» չեզոքացնել իր հիմնական հակառակորդներին։

Մարկեդոնովը գրում է, որ 2013-ի ընտրությունների արդյունքները կանխատեսելի են ավելին, քան 2008-ինը։

Փորձագետի կարծիքով, այսպիսի իրավիճակ է ստեղծվել, քանի որ գործող նախագահը նախ ապացուցել է, որ իր նախորդի՝ Քոչարյանի ստվերի տակ չէ եւ ինքնուրույն քաղաքական գործիչ է։ Բացի այդ, Սարգսյանին հաջողվել է խուսափել լուրջ ներքաղաքական հակամարտությունից, ինչը չէր հաջողվել Քոչարյանին։

Մարկեդոնովը ակնարկում է, որ Սարգսյանին հաջողվել է Մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակը հեռու պահել լուրջ հակամարտությունից նաեւ փոխզիջումների շնորհիվ, այսպես՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը տեղեր է ստացել խորհրդարանում եւ փողոցից իր պայքարը տեղափոխել է Ազգային ժողով։

Ռուսական Politcom.ru կայքում որոշ փոփոխություններով հրապարակված նույն հոդվածում Մարկեդոնովը նույնիսկ Սերժ Սարգսյանի թիմը համեմատում է Կրեմլի հետ, եւ գրում է, որ ի տարբերություն Կրեմլի, Հայաստանի գործող նախագահի թիմը չի ուռճացրել այսպես կոչված «նարնջագույն վտանգը» եւ համակարգից դուրս ընդդիմությանը ներառել է համակարգի մեջ, տվել է հնարավորություն հանդես գալ Ազգային ժողովի ամբիոնից։ Մյուս կողմից, ըստ փորձագետի, հայաստանյան արմատական ընդդիմությունը ցույց է տվել, որ ի վիճակի չէ առաջարկել լուրջ քաղաքական այլընտրանք գործող իշխանությանը։

Մարկեդոնովը մանրամասնորեն անդրադառնում է նաեւ Սարգսյանի եւ հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարաբերություններին, նկատելով, որ քաղաքական ինտրիգների, ոչ հրապարակային բանակցությունների շնորհիվ Սարգսյանին հաջողվել է լուծել նաեւ այս խնդիրը, եւ Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ որեւէ մեկին չի աջակցելու, իրականում նշանակում է Մարկեդոնովի գնահատմամբ պասիվ աջակցություն գործող նախագահին։

Ամերիկյան The National Interest-ում հրապարակված հոդվածում հետաքրքիր է նաեւ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության գնահատականը։
Մարկեդոնովը գրում է, որ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ընդունելի նախագահ է թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի համար։

Իր նախագահության առաջին տարիներին Հայաստանի նախագահը լուրջ քննադատության էր արժանացել «ֆուտբոլային դիվանագիտության» համար, սակայն Մարկեդոնովը գրում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու իր ջանքերում Սերժ Սարգսյանին հաջողվել է չանցնել այն կարմիր գիծը, որը դիվանագիտությունը բաժանում է միակողմանի զիջումներից։

Ռուսաստանցի փորձագետը Սերժ Սարգսյանի լուրջ ձեռքբերումն է համարում հավասարակշռության պահպանումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում։

«Մի կողմից Սարգսյանը ռուսական ռազմական բազայի մասին պայմանագիր է կնքում 2010-ին, մյուս կողմից՝ չի շտապում միանալ ո՛չ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրասիական միությանը, գրում է Մարկեդոնովը։

Այդուամենայնիվ, փորձագետը ընդգծում է, որ Հայաստանը փոքր, նավթային պաշարներ չունեցող երկիր է, որտեղ իրավիճակը կախված է թե՛ տարածաշրջանային պրոցեսներից, թե՛ հատկապես ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից։

Փորձագետը կանխագուշակում է, որ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետը կտարբերվի նրա նախագահության առաջին ժամկետից։ Իսկ որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է հենց Սերժ Սարգսյանը՝ Սերգեյ Մարկեդոնովը չի կասկածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG