Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ եւ իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր ընտրողների հետ հանդիպեց Տավուշի մարզի մի շարք համայնքներում:

Բերդ քաղաքի կինոթատրոնի շենքում նախագահի թեկնածուի հետ ընտրողների հանդիպմանը կարող էին մասնակցել միայն հրավիրատոմս ունեցողները:

Սերժ Սարգսյանը խոսեց սահմանի ամրապնդման մասին` ընդգծելով. - «Իհարկե, կարեւոր են նաեւ պաշտպանական կառույցները, կարեւոր է սպառազինությունը: Բայց որեւէ սպառազինություն, որեւէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը»:

Իր ելույթում նա նաեւ անդրադարձավ գյուղատնտեսության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, կրթական համակարգին եւ դրա բարեփոխումների անհրաժեշտությանը` մասնավորապես ասելով. - «Միջնակարգ կրթության արդյունավետության բարձրացումը մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ամենավաղ հասակից մեր երեխաներին տանք համակարգչից ու համացանցից օգտվելու հիմնական գիտելիքները»:

Հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե արդյո՞ք բացասական հետեւանքներ չի ունենա նախագահի չափազանց հանդուրժողականությունը որոշ կուսակցությունների նկատմամբ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Այդ մարդիկ, ովքեր այդպես են կարծում, եւ, ես արդեն կարող եմ այստեղ ձեզ հետ համամիտ լինել, միգուցե իրենք սխալվում են իրենց տեսակետներում, ավելի լավ չէ՞ այդպես արտահայտեն, քան դուրս գան փողոց, հետն էլ մի հատ դագանակ վերցնեն, որպեսզի պատահած ցուցափեղկը ջարդեն»:

Նախագահի թեկնածուն հորդորեց ընտրությունները դիտարկել որպես առաջնային խնդիր եւ հայտարարեց, որ հարկավոր է ավելի լավ արդյունք արձանագրել, քան խորհրդարանական ընտրություններում` հայտարարելով. - «Մեզ համար շատ ավելի կարեւոր է լավ ընտրություններ անցկացնելը, քան 1-2 տոկոս ավելի տանելը կամ նույնիսկ 5 տոկոս ավելի տանելը»:

Բերդի կինոթատրոնի մոտ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, ովքեր չէին հրավիրվել հանդիպմանը: Նրանցից ոմանք առաջարկություններ ունեին, մյուսներն ուզում էին նամակներ հանձնել երկրի նախագահին:

«Եկել եմ նամակ տամ եւ խնդրեմ, որ ընտանիքիցս գոնե ով կարող է աշխատել, նրան աշխատանքի տեղավորեն: Աշխատենք, որպեսզի կարողանանք մեր գոյությունը պահենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG