Մատչելիության հղումներ

Օրենքի փոփոխությունը «հիմնավորված չէր»


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյան

Պարտադիր սոցիալական ապահովության վճարներին եւ եկամտահարկին այս տարվա հունվարի 1-ից փոխարինում է մեկ հարկ՝ Եկամտային հարկը:

Սոցապահովության պետական ծառայությունը վստահեցնում է, որ կատարված հարկային փոփոխությունների պատճառով մարդկանց փաստացի աշխատավարձը չի պակասում, չեն նվազում պետության եկամուտները եւ գործատուի ուսերին լրացուցիչ հարկային բեռ չի ավելանում: Այնինչ գործատուներին միավորող կազմակերպությունները այլ կարծիք ունեն:

«Ըստ էության բարձրացվել է 2 միլիոնից ավելի աշխատավարձ վճարողների եկամտահարկը, եւ դա լուրջ խնդիրներ է ստեղծում մեր բարձր որակի աշխատողների համար: Մենք շահագրգռված ենք, որ նրանք այդ բարձր աշխատավարձը հենց Հայաստանում ստանան, այլ ոչ թե ձգտեն դուրս գալ Հայաստանից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը:

Վարդանյանը նկատեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների համար զգալի կլինի հարկային նոր բեռը մի քանի պատճառներով. նախ, որովհետեւ այս ոլորտում շատ ընկերություններ ունեն արտասահմանցի մենջերներ, որոնք վարձատվում են այնքան, որքան կվարձատրվեին արեւմտյան որեւէ երկրում աշխատելիս, ու նաեւ այն պատճառով, որ այս ոլորտում աշխատավարձերը Հայաստանի միջինից հաճախ մի քանի անգամ բարձր են:

«Եկամտային հարկի մասին» օրենքը տարբեր աշխավարձեր վճարող գործատուներին տարբեր կերպ է հարկում. 120 հազար դրամից մինչեւ 2 մլն աշխատավարձի դեպքում գործատուն ամեն ամիս հարկվում է յուրաքանչյուր աշխատողի համար աշխատավարձի 26 տոկոսի չափով, իսկ երբ աշխատավարձը գերազանցում է 2 միլիոնը, հարկվում է 36 տոկոսի չափով:

Աշխատողներից որեւէ մեկին, օրինակ, 2 մլն 100 հազար դրամ աշխատավարձ վճարող գործատուն 2013-ի հուրվարից ամեն ամիս կվճարի մոտ 554 հազար դրամ, նախկին 455 հազար դրամ հարկի փոխարեն:

Հայաստանում բարձր աշխատավարձ վճարող գործատուների շարքում են նաեւ մի շարք արտասահմանյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղեր, որոնք, Կարեն Վարդանյանի վստահեցմամբ, աշխատում են առանց Հայաստանի օրենքները խախտելու ու պարտաճանաչ են հարկերը վճարելու հարցում:

«Օրենքի փոփոխությունը բացարձակ հիմնավորված չէր, որովհետեւ Հայաստանում պարզ է, որ «սեւով» աշխատող ոլորտները 2 միլիոն աշխատավարձ ցույց չեն տալիս: Իսկ ՏՏ ոլորտը, որտեղ շրջանառությունը հիմնականում «սպիտակ» է, ճնշումը դրվում է այս ոլորտի վրա», - նշեց Վարդանյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներին այս հարցերը քննարկելիս չեն հրավիրել. Էկոնոմիակայի նախարարությունը հրավիրել էր Գործատուների միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանին, ով «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ մտահոգություն չի հայտնել, բայց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, թե «հնարավոր է, որ սա լուրջ հարված է գործատուին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG