Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն «մեծացրել է ճնշումը «Սիվիլիթասի» նկատմամբ»


Սալբի Ղազարյան
Սալբի Ղազարյան
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեծացրել է ճնշումը «Սիվիլթասի» նկատմամբ եւ ձեռնամուխ է եղել հիմնադրամի գործունեության ողջ հինգամյա շրջանի ուսումնասիրմանը: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

«ԱԱԾ-ն չի սառեցրել այդ գործը, ընդհակառակը գործը շարունակվում է, կարելի է ասել` նույնիսկ ծավալվել է, այլեւս այդ սկզբնական հարցերի մասին կարծես խոսակցություն չկա, հիմա անցել ենք արդեն լրիվ ուրիշ ուղղությունների, խոսում ենք 2009-ի ինչ-որ ծրագրի մասին: Կարելի է արդեն ասել, որ սա ինչ-որ տեղ տրամաբանական սահմաններից անցել է, այսինքն մենք արդեն խոսում ենք կազմակերպության գործունեության, գործարքների, գործընթացների մասին, այն հարցերի մասին, որտեղ ընդհանրապես պետական հիմնարկները, ըստ օրենքի, միջամտելու տեղ կամ իրավունք չունեն: Բայց այսօր մենք ոնց որ գնում ենք այդ ուղղությամբ, փորձում են նոր հանգամանքներ հայտնաբերել, քննարկում են մեր տարբեր ծրագրերը տարբեր գործընկերների հետ, եւ գնում ենք մի անհայտ ճանապարհով», - ասաց Ղազարյանը:

Ղազարյանը նշեց, թե դեկտեմբեր ու հունվար ամիսներին իրեն ու «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանին մի քանի անգամ կանչել են ԱԱԾ, սակայն իրենք ցուցմունքներ չեն տվել:

Նման ճնշումներ ունենում են մեկ արդյունք. որ դու քո նախաձեռնած գործը մի կողմ դնես եւ զբաղվես ճնշումներով

Հիշեցնենք` անցած տարվա մայիսին ԱԱԾ-ում փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն առնչվում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը: Այդ գործի շրջանակներում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախ անցնում էր որպես վկա, իսկ մի քանի ամիս անց` հոկտեմբերին, այն բանից հետո երբ խորհրդարանը Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց վերջինիս` «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» եւ «յուրացման» հատկանիշներով: Թե Օսկանյանը, թե «Սիվիլթաս» հիմնադրամի ներկայացուցիչները հայտատարել են, որ քրեական գործի իրական նպատակը իրենց նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելն է:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե կարծո՞ւմ է արդյոք, որ Օսկանյանի նկատմամբ ճնշում էր գործադրվում, որպեսզի ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չառաջադրեր, Ղազարյանը պատասխանեց. -«Ես չեմ կարող ասել, թե դա էր նպատակը կամ միակ նպատակը, բայց որ ընդհանրապես նման ճնշումներ ունենում են մեկ արդյունք. որ դու քո նախաձեռնած գործը մի կողմ դնես եւ զբաղվես ճնշումներով: Եթե այդ կերպ նպատակ ունեին կամ Օսկանյանին իր ընտրած քաղաքական ուղուց շեղելու, կամ հիմա նպատակ ունեն «Սիվիլիթասին» իր ծրագրերից շեղելու, դա հասկանալի ավանդական փորձ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG