Մատչելիության հղումներ

logo-print

«Քաղաքական գործիչներ-լրագրողներ հարաբերությունները մտնում են քաղաքակիրթ դաշտ»


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2012 թվականի տարեկան զեկույցի համաձայն, 2012 թվականի ընտրությունների ընդհանուր վիճակը շատ ավելի մեղմ էր, 2007, 2008 թվականների համեմատ, իսկ լրագրողների համար աշխատանքային դաշտը` ավելի բարենպաստ:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշում է, որ համաձայն իրենց դիտարկումների, ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների վրա ավելանում են, երբ սրվում է ներքաղաքական իրավիճակը:

2011 թվականի համամետ 2012 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը նվազել է 1 դեպքով. 2011-ին գրացվել է 5, 2012-ին 4 դեպք:

Մելիքյանի խոսքով, 2012-ին նվազել են նաեւ լրագրողների ու լրատվամիջոցների վրա ճնշումների դեպքերը, սակայն ավելացել են տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտման դեպքերըը. - «2012 թվականին ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների վրա 37 դեպք էինք արձանագրել եւ 49-ը` 2011 թվականին: Իսկ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 2012-ին 23 դեպք էր, իսկ 2011-ին ընդամենը` 7»:

Նրա կարծիքով, սակայն, այս թվերն իրականում շատ ավելի մեծ են, ուղղակի լրագրողները շատ դեպքերում այդ մասին չեն խոսում, հետեւողականություն չեն ցուցաբերում:

Անդրադառնալով լրատվամիջոցների դեմ ներկայացրած դատական գործերին` Մելիքյանը նշեց, որ այդ առումով աննախադեպ էր 2011 թվականը. - «2011-ին 36 դատական հայց էր ներկայացված եւ բոլորը անխտիր վիրավորանքի եւ զրպարտության հոդվածով էին: Մենք նկատում էինք, որ բավականին ակտիվ էին այդտեղ քաղաքական գործիչները: Եվ մենք սա համարում էինք քաղաքական ճնշում լրատվամիջոցների նկատմամբ, իսկ 2012 թվականին մենք նկատում ենք, որ 16 դեպքից միայն մեկ դեպքում է, երբ քաղաքական գործիչը դատական հայցով է դիմել ընդդեմ բլոգերի»:

Մելիքյանի հավաստմամբ, քաղաքական գործիչների, հասարակության հարաբերությունները լրագրողների, լրատվամիջոցների հետ տեղափոխվում են ավելի քաղաքակիրթ դաշտ: Սակայն խնդիրներ առաջանալու դեպքում գայթակղիչ է դարձել հարցերը պարզաբանել հենց դատական ատյաններում:

«Վատն այն է, որ շատ հաճախ ուղղակի այդ դատական հայցերը լրատվամիջոցների հետ հաշիվ մաքրելու բնույթ են կրում», - ասաց նա:
XS
SM
MD
LG