Մատչելիության հղումներ

Շոյգու. «Դաշնակցային հարաբերությունները դինամիկ կերպով խորանում են»


Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը համատեղ մամուլի ասուլիսում:
Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը համատեղ մամուլի ասուլիսում:
«Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները դինամիկ կերպով խորանում են», - Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Սերգեյ Շոյգուն երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ: Նրան արդեն ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են «հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր»:

Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը, ինչպես նշեց Շոյգուն, քննարկվել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր. - «Ցանկանում եմ նշել, որ սա մեր երրորդ հանդիպումն է: Եվ, իհարկե, այն հարցերը, որոնք քննարկել ենք անցած տարի, իրենց լուծումն արդեն գտել են: Մենք նաեւ մանրամասն քննարկել ենք միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այս ուղղությամբ նույնպես ընդունվել են մի քանի լրացուցիչ որոշումներ: Բացի այդ, այսօր Երեւանում ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) ղեկավարությունը այս ուղղություններով աշխատանքներ է տանում եւ փաստաթղթեր են ստորագրվելու նոր տարրերի ձեւավորման համար, որոնք նպաստելու են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հավելեց, որ գալիք փետրվարին երկու երկրների պաշտպանության նախարարությունները պետք է «հստակեցնեն առաջիկա առնվազն հինգ տարիների համագործակցության ծրագիրը»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր հերթին, համոզմունք հայտնեց, որ ռուսաստանցի իր պաշտոնակցի ներկա այցը «նոր ազդակ կհաղորդի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացմանը»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումից հետո այսօր ստորագրվեց Երեւանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման մասին փաստաթուղթը: Ակադեմիան կսկսի գործել այս տարվանից:

Համատեղ ասուլիսում Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր Երեւանում են գտնվում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի «մեծ թվով ձեռնարկությունների ղեկավարներ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Մենք պայմանավորվեցինք խորացնել ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը: Նախանշվեցին կոնկրետ ծրագրեր կոնկրետ ուղղություններով համատեղ ձեռնարկությունների ստեղծման առնչությամբ: Շատ կարեւոր է, որ ավարտվել են հայ-ռուսական նոր ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի մշակման աշխատանքները, եւ ՀԱՊԿ նախագահների որոշմամբ կստեղծվեն ՀԱՊԿ զորամիավորումներ, որոնք հնարավորություն կտան մեր զինված ուժերը է’լ ավելի մարտունակ դարձնել եւ կատարելագործել նրանց հզորությունները», - հավելեց Բաղդասարյանը:

Իր հերթին Բորդյուժան տեղեկացրեց, որ աշխատանքներ են սկսվել Հայաստանում զինտեխնիկայի վերանորոգման համար հատուկ 7 կենտրոնների ստեղծման ուղղությամբ: Այսօր մոսկովյան «Российская газета»-ն գրել է, թե այդ կենտրոններում վերանորոգվելու են զրահատանկային տեխնիկա, հակաօդային պաշտպանության համալիրներ եւ «Ми» տեսակի ռազմական ուղղաթիռներ եւ այլ տեխնիկա:

Հարցին, թե ինչ կարող է ասել Ադրբեջանի կառավարության` տասն օր առաջ կայացրած որոշման մասին, թե Բաքուն կարող է ոչնչացնել դեպի Ստեփանակերտ թռչող ցանկացած ինքնաթիռ, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց. - «Կարդացել եմ այդ հաղորդագրությունը: Կարող եմ ասել, որ դա կա´մ մտքերի անհաջող ձեւակերպում է, կա´մ անհաջող կատակ է, որովհետեւ ես Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակիրթ երկիր, որը հավատարիմ է համամարդկային նորմերին: Խիստ կասկածում եմ, որ մեր օրերում որեւէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական օդանավերի ոչնչացման հրաման տալ: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, եւ մենք հիշում ենք այդ ողբերգությունը Հեռավոր Արեւելքում, բայց մենք հիշում ենք նաեւ ողջ միջազգային հանրության արձագանքը, եւ չեմ կարծում, որ որեւէ պետություն այսօր իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական օդանավեր: Ուստի, այդ տեղեկությունը ես լուրջ չեմ ընդունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG