Մատչելիության հղումներ

Հայրիկյանը թեկնածուների միավորման հնարավորություն տեսնում է


Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյան
Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոստանում է ընտրվելուց հետո իր թիմում ներառել նախագահի երկու թեկնածուներին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:

Հայրիկյանը իր մրցակից այս երկու թեկնածուներին համարում է «Հայաստանի ճակատագրում էական դերակատարություն ունենալուն կոչված քաղաքական անձինք»:

«Մյուս թեկնածուներին ներառում եմ իմ թիմի մեջ, իսկ դա ես հաստատ կանեմ, որովհետեւ ինձ պետք են եւ Րաֆֆի Հովհաննիսյանի եվրոպական պատկերացումներն ու իր անուշությունը, եւ Բագրատյանի տնտեսագիտական գիտելիքները, եւ երեւանցիականությունը: Մյուս դեպքը նա է, որ մենք իրար հետ համաձայնության գանք այսօր, եւ որպես եռանախագահ` գնանք ընտրության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

Ավելի վաղ Հայրիկյանը նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին կոչ էր արել միավորվել` երկրորդ փուլից խուսափելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդեն Հայրիկյանն ասաց, որ վերջին երեք թեկնածուների միավորման հնարավորություն, այնուամենայնիվ, կա, թեեւ հրաժարվեց ներկայացնել դրա մանրամասները:

«Մի դեպքում կա շատ որոշակի, միասին հաղթելու հարյուր տոկոսանոց հնարավորություն, հաղթելու եւ գործին տեր դառնալու, Կա 90 տոկոսանոց հնարավորություն` առաջին փուլով հաղթելու հնարավորություն երկուսի համար, եւ կա միասին պարտվելու մի 50 տոկոսանոց հնարավորություն, եւ առանձին-առանձին` բայց բոլորս պարտված լինելու հնարավորություն», - ասաց թեկնածուն:

Թե ինչ ընթացք կստանա այս երեք թեկնածուների համատեղ գործունեությունը, առայժմ պարզ չէ: Հայրիկյանը միայն նշեց, որ որպես եռանախագահներ ընտրության գնալու տարբերակների մանրամասների մասին ավելի ուշ կխոսի:

Խոսելով ընտրությունների ելքից` ԱԻՄ առաջնորդը նշեց, որ եթե որեւէ երկու թեկնածու համախմբվեն, ապա ընտրությունները կավարտվեն մեկ փուլով:

«Երկորդ փուլը մնում է ուժի մեջ, եթե այս երեք թեկնածուներից գոնե երկուսը չմիավորվեն: Եթե երկուսը միավորվում են, չեմ ասի որ երկուսը, որովհետեւ երրորդի համար մի քիչ շահեկան չէ, ապա իսկապես մեկ փուլով կավարվի: Իսկ եթե երեքը հայտարարության գան, այո, իսկապես ընտրությունները մեկ փուլով կավարտվի», - ասաց նա:

Հայրիկյանն անդրադարձավ իր, Բագրատյանի ու Հովհաննիսյանի՝ երեկ տարածած համատեղ հայտարարությանը: Նա նշեց, որ նախաձեռնությունը պատկանում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս հայտարարությամբ նրանք Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ են անում վճռականորեն մասնակցել նախագահական ընտրություններին: Համատեղ հայտարարությունը թեեւ այս երեք թեկնածուները հրապարակելուց առաջ չեն քննարկել Հայաստանի գործող նախագահ, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սերժ Սարգսյանին ուղարկելու մասին, բայց Հայրիկյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ այն ուղղված է նաեւ նրան: Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանը եւս կարձագանքի այս հայտարարությանը:

«Ես ենթադրում եմ, որ եթե ներկայացված լիներ Սերժ Սարգսյանին, գուցե ինքն էլ ստորագրեր, բայց մենք երեքով ենք հավաքվել, երեքով ենք քննարկել այդ հարցը», - պարզաբանեց Հայրիկյանը:

Ներկայացնելով իր նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության բաժինը՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ Եվրոպական միության ընթացքը կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության «ռազմավարության հիմքերի հիմքը»:

«Դա, սակայն, չի կարող իրականացվել Ռուսաստանի եւ Պարսկաստանի հետ ավանդական հարաբերությունները սահմանափակելու կամ նվազեցնելու հաշվին: Սակայն Հայաստանը պետք է պահանջի Ռուսաստանից դադարեցնել իր պետական այրերի եւ ձեռնարկությունների ուղղակի ու անուղղակի քահամահրական վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ», - կարծում է նախագահի թեկնածուն:
XS
SM
MD
LG