Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայ ժողովուրդը կարող է իրացնել ընտրական հեղափոխություն»


Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Այն վարում է հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը:

«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, սկսեմ այն պատմական ՄԱԿ-ի նստաշրջանից, որին ես բախտ եմ ունեցել ներկա լինելու եւ որտեղ ականատես եմ եղել, թե Դուք ինչպես եք իբրեւ Հայաստանի առաջին արտգործնախարար արտասանում այդ պատմական նախադասությունը, եւ ես հիշում եմ, երբ սկսեցիք անգլերեն, հետո անցաք հայերենի` առաջին անգամ բարձր ամբիոնից հնչեց հայերենը։ Բայց նաեւ հիշում եմ այն պահը, երբ Դուք անգլերենով սկսեցիք խոսել...

Րաֆֆի Հովհաննիսյան. - Հակառակը` հայերենից սկսեցի, շարունակեցի անգլերեն…

«Ազատություն». - Այո, ճիշտ եք ասում։ Բայց ես այն եմ հիշում, երբ Դուք սկսեցիք անգլերենով խոսել, ամբողջ դահլիճը հանկարծ սթափվեց, որովհետեւ նրանք քնած վիճակում էին գրեթե` այդ նախորդ հանրապետությունների ներկայացուցիչների ռուսերեն ճառերից ոչինչ չհասկանալով, հանկարծ տեսան` մեկը խոսում է բնիկ ամերիկացու անգլերենով եւ զարմացած նայում էին` ո՞վ է այս տղան, սա ամերիկացի՞ է, հայ է, ասացին, հայ է։ Եվ հիշում եմ այն պահը, երբ Դուք վերադարձաք Ձեր տեղը արդեն ելույթից հետո, նախ` շատ ծափահարություններ էին, Ձեր վերադարձից հետո սկսվեց ուխտագնացության պես մի բան` բոլոր պատվիրակություններից գալիս եւ Ձեզ շնորհավորում էին, երբ ես նման բան չտեսա մյուս ելույթներից հետո։ Մի խոսքով, պատմական էր ամեն ինչ, եւ այդտեղ երեւաց, թե ինչպիսի մեծ հնարավորություններ ունի Հայաստանը։ Բայց ի՞նչ պատահեց, ի՞նչ պատահեց, ո՞ւր կորցրեցինք այդ հնարավորությունները` մեկնարկային հնարավորությունները...

Րաֆֆի Հովհաննիսյան. - Ամբողջ հարցազրույցը այս մի հարցի պատասխանի վրա կարող ենք իրացնել։ Իսկապես պատմական օր էր, եւ ոչ միայն պատմական, այլ ապագային միտված օր էր, 1992 թվականի մարտի 2-ն էր, Ռիչարդ եւ Վարդիթեր Հովհաննիսյանների ամուսնության 35-րդ ամյակն էր, Ռիչարդի, ով իր ամբողջ կյանքը նվիրեց` որպես ամերիկածին երիտասարդ սփյուռքահայ, Մեծ եղեռնի, Ցեղասպանության վերապրող Գասպար եւ Սիրունի որդի, նվիրել էր հայագիտությանը, ինքը գտել էր, որ Հայաստանը չկար հանրագիտարաններում` Թուլըրի գյուղաքաղաքում Կալիֆորնիայի, եւ ինքը իր ամբողջ կյանքը նվիրեց` լցնելու համար այդ վակուումը, այդ բացը, թե ո՞րն է Հայաստանը` Հայաստան երկիրը, դրոշը, իմաստը։

Բոլոր դեպքերում, երբ վերադարձա ես իմ տեղը, մոտեցավ թե՛ Իսրայելը, թե՛ Պաղեստինի դիտորդը, մոտեցավ ամերիկացին եւ ռուսը, մոտեցավ ֆրանսիացին եւ չինացին... Կուզեմ ասել` սա ոչ թե Րաֆֆու պահն է, կամ Հովհաննիսյանի կամ Թամրազյանի, սա հայ ժողովրդի ներուժն էր այդտեղ դրված։

Ցավոք սրտի, մենք նաեւ մեր ներքին վարքով կորցրեցինք այդ առավելությունը` այ որ այդ պահը պատկերված էր այդտեղ, բայց ես կարծում եմ, որ հիմա այն նախաշեմին ենք, որ կվերադարձնենք այդ ներուժը։

Իմ պատիվը համարեցի այդ ելույթից հետո դուրս գնալ` հայրիկի ուղեկցությամբ, հայրիկի աջը համբուրել, շուրթը համբուրել, թուշը, ժառանգությունը, եւ գնալ եւ նաեւ երկու խոսք ասել մեր հայրենակիցներին, որոնց պահն էր դա։ Եվ այստեղ ոչ թե հայաստանցու եւ սփյուռքահայի, արցախցու եւ երեւանցու` սա հայ ժողովրդի վերադարձն է միջազգային հանրություն, եւ իմ կենսագրության, կարող եմ ասել, ամենանվիրական պահն էր։

«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, հիմա Ձեր ծրագրում գրում եք, որ Դուք ընդդիմադիր եք եղել բոլոր երեք վարչակարգերին, նախագահներին։ Ի՞նչ պատահեց, արդյո՞ք դա լավ է, որ Դուք ընդդիմադիր եք եղել բոլոր երեք վարչակարգերին, ինչո՞ւ չմնացիք այդ կառավարության մեջ եւ չպայքարեցիք, չէ որ գիտեք, որ ընդդիմությունը այս երկրում այդքան մեծ լծակներ չունի, որ կարողանա ազդել որոշ հարցերի լուծման վրա։

Րաֆֆի Հովհաննիսյան. - Շատ լավ հարց է, եւ ես երբեւէ չեմ բացառել իմ սեփական սխալը, երիտասարդության, այսպես, բացթողումը, բայց ես, թեկուզ երիտասարդ, եւ անգամ այս տարիքին, համարում եմ, որ ամենանվիրականը դա սկզբունքն է, ազգային շահն է, սեփական գիտակցությունը եւ ոչ երբեք պաշտոնի տենչանքը։ Դա թող շատ հուզական, կամ ռոմանտիկ, կամ գեղապաշտ չհնչի։ Բայց անգամ այն ժամանակ, ծառայելով մի տարի որպես առաջին արտգործնախարար, որ մեծագույն պատիվն էր իմ, եւ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի առաջին նախագահին այդ պատեհության համար, այդ հնարավորությունը տալու համար, կարող եմ ասել, որ, իհարկե, այդ հնարավորությունը կար այն ժամանակ` բացվելու, սահմանում, խտրականություն, ներքին ջրբաժաններ չտալու, եւ սկսեցինք այդպես։

Ցավոք սրտի, Հայաստանի անկախության առաջին տարվա ընթացքում գոնե ես տեսա, իմ դիտանկյունից, որոշ սխալներ, որոնք թե՛, այսպես, աշխարհաքաղաքական էին, արտաքին քաղաքականությանը վերաբերող, decision making` թե ինչպես որոշումները կայացվում էին նեղ կուսակցական ձեւով, ինչպես է մինչեւ օրս, թե' ավելի լայն, institutional` հանրակարգային... Դրա համար կարող է իմ սխալներից, իմ թերացումներից, սուբյեկտիվ պահից բացի, կային նաեւ հիմքեր` ասելու համար, որ Հայաստանը մի փոքր շեղվում է պետության ինքնիշխանությունից, ազգային շահից, եւ դա կվերաբերի թե՛ Թուրքիային, թե՛ Ռուսաստանին, բայց առաջին հերթին դա կվերաբերի Հայաստանին, որ Հայաստանը ինքը իր ներքին որոշումների կայացումը ավելի քիչ էր վերագրում ժողովրդին, իսկ այն ժամանակ Հայաստանը ուներ, գոնե ընկալման տեսակետից, այդ առավելությունը, որ մենք էինք ժողովրդավարության կղզյակը տարածաշրջանում։ Բայց այն ժամանակ ո'չ վրացին, ո'չ թուրքը, ո'չ իրանցին, ո'չ ադրբեջանցին, ո'չ ռուսը մեզնից չխլեց այդ դափնին` մենք մեր վարքով փոխեցինք այդ բանը, ընտրությունների` 91-ից հետո կայացող ընտրությունների, ժողովրդավարական չափանիշների, ներհասարակական իրավունքների, օրենքների պահով մենք կորցրեցինք այդ առավելությունը։ Եվ դրանից հետո, այո, ճիշտ եք ասում, որ ես դարձա ընդդիմադիր` ընդդիմադիր այդ իշխանությանը եւ այդ նախագահությանը, որի հանրային ծառայողը ես եմ եղել։ Դա ինչ-որ տեղ ցավալի էր, բայց` բնականոն, եւ դրանից հետո, իհարկե, մենք երբեւէ մեր նորագույն պատմության ընթացքում չենք ունեցել ազատ, արդար ընտրությունների միջոցով իշխանության անցում, եւ այդ անցումը այնքան անհրաժեշտ է, կարող է մեր բոլոր խնդիրների լուծումը չէ այդ անցումը, բայց այնքան անհրաժեշտ է` Այբ-ը տալիս է Բեն-ին, Բեն-ը` Գիմ-ին, Գիմ-ը` հետ` Այբ-ին… Ինչ էլ լինի` խորհրդարանական, նախագահական, մենք չենք տեսել այդ օրը, որ ժողովուրդը տեսնի, որ, այո, «իմ կամքը իրացվել է»։

Նայում ենք, թե ինչպես ութ ամիս առաջ` այդ նույն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ուժեր, որոնք մասնակցեցին, էլի անազատ, անարդար, ոչ սահմանադրական իրավիճակում, մասնակցեցին եւ տեղ գրավեցին խորհրդարանում։ Ի՞նչ է պատահել Հայաստանի պատմության մեջ ութ ամիսների ընթացքում, որ մեկը հետ կանգնի պայքարից, ասի, որ «ես երազ տեսա», կամ «հաշվարկ արեցի` չարժի», որ ազատ, արդար չի։

Ես որեւէ մեկիդ դատախազը չեմ կամ քննիչը, բայց կարող եմ ասել, որ հակաքաղաքական որոշում է, որ այն ուժը, որ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, տեղ է գրավում այնտեղ, աթոռ է ունենում, հետո ասում է` «ես չկամ»։ Ես համարում եմ, որ դա սխալ է, հարգում եմ այդ գործչի, կուսակցապետի որոշումը...

«Ազատություն». - Դուք նկատի ունեք ՀԱԿ-ը։

Րաֆֆի Հովհաննիսյան. - ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը` միասին։ Հարգում եմ իրենց որոշումը, ես չէ, որ իրենց փոխարեն պիտի որոշեմ, բայց ներկա դրությամբ ես կարծում եմ, որ սխալ է իրենց չմասնակցությունը, ես կարծում եմ, որ առավել սխալ է իրենց ուղղորդումը սեփական, նախորդ, նախկին ընտրազանգվածին դեպի ոչնչապաշտություն, դեպի ճակատագրապաշտություն, դեպի չմասնակցություն։

«Ազատություն». - Որ ասում եք` ոչնչապաշտություն, մի քիչ, խնդրում եմ, ավելի պարզ ասեք, որովհետեւ երբեմն հայաստանցիները դժվարություն են ունենում...

Րաֆֆի Հովհաննիսյան. - Ասում են` «Րաֆֆի, դու մի քիչ մատչելի լեզվով խոսիր»... Ոչնչապաշտությունը դա նիհիլիզմ է, դա` որ մենք կապ չունենք, որ կանխորոշված է, կանխորոշված է միայն մեր կյանքում Աստծո պատգամը։
Թող ոչ մեկը մեր քաղաքացիներին չասի, որ կանխորոշված է ամեն ինչը` դա մեր ձեռքում է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր ձեռքում ոչ մի բան չլինի, ուրեմն ոչ մի բան չանենք, եթե ուզում ենք երկիր փոխել փետրվարի 18-ին, գնանք մեր գործը անենք։

Բայց մի բան ուզում եմ ասել, եւ սա խնդրում եմ ոչ մեկին չվիրավորի կամ, ես հարգում եմ բոլորին եւ ես երախտագետ եմ` ընդդիմադիր լինելով հանդերձ, նախագահի ինստիտուտին, երախտագետ եմ, որ ես հայ մարդ եմ եւ Հայաստանի քաղաքացի, բայց այս ամբողջ պայքարը ո՞րն էր, մեր «Մարտի 1»-ի զոհերը ինչի՞ համար էին, եթե, թեկուզ ՀԱԿ-ը, եթե Րաֆֆի չի կարող ասել` գոնե Հրանտ ասած լինի. ո՞ւր է այդ շարունակությունը, զոհերը ինչի՞ համար էին։ Դաշնակցությունը` ազգային կուսակցություն, մեծ պատմություն, մեծ թռիչքներ, մեծ սխալներ նույնպես, դեմ էր արձանագրություններին, «Ժառանգություն»-ը միացավ, «Ժառանգություն»-ը իր վարչությամբ աջակցեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, «Ժառանգություն»-ը մասնակցեց ազգային պայքարին առանց որեւէ հավատաքննչության, Դաշնակցության նախաձեռնությանը միացավ, Դաշնակցությունը յոթ կետ ներկայացրեց, մենք ասացինք` համաձայն ենք, այսինքն դա նվազագույն շեմն է ընդհանուր հայտարարի, կարող ենք բանավիճել ավելի թույլ, ավելի ուժեղ, ես գնացի ելույթ ունեցա, որ այո, ես համաձայն եմ ծրագրին: Եթե սա ծրագրային պայքար է, խորհրդարանական կառավարման ապագայի հեռանկարի պայքար, ես համաձայն եմ, հետո ի՞նչ… եւ հետո մարեց այդ պայքարը:

Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը, կարող եմ ասել, որ վերջերս կային գործիչներ, օրինակ, Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, ավելի ընդգծված ընդդիմադիր դարձան, եւ դա ողջունելի է: Ներկուսակցական այլընտրանք դարձան, եւ դա շատ լավ էր, բայց ինչ-որ տեղ, կարող եմ ասել, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը, համեմատության մեջ, շատ ավելի ազնիվ էր, որովհետեւ ինքը նաեւ բիզնեսմեն է, օլիգարխ է: Ուզում եմ ասել, որ ինքը կա ինչպես որ կա, եւ ես հարգում եմ իրեն, որովհետեւ ինքը ի վերջո կողմնորոշվեց ըստ էության, որովհետեւ շահերի բախման, պետական կոռուպցիայի, համատարած այս անօրինության, աղքատության, անգործության վիճակում անհնար է քաղաքական պայքար մղել, եթե անկախ չես: Ես կախվածություն չունեմ, իսկ ինքը նվազագույն անկեղծություն ունեցավ ընդունելու, որ ունի շահեր, շահագրգռվածություններ, եւ դրանք բնական են, ընտանեկան են, եւ ինքը պատրաստ չէր թեկուզ որպես ութ ամիս առաջ այլընտրանքային ուժ այդ պահը հետապնդելու համար:

«Ազատություն». - Ինչպե՞ս եք Դուք պայքարելու այս օլիգոպոլիայի դեմ։ Ի՞նչ եք պատրաստվում անել` ունեզրկե՞լ նրանց, ձերբակալե՞լ, ի՞նչ անել։

Րաֆֆի Հովհաննիսյան. - Սեփական օրինակով ես ասելու եմ, որ ես, իմ ընտանիքը, այն վարչակազմը, որը 20 տարվա մեջ առաջին անգամ ծառայելու է ժողովրդին, ինքը փայ չի մտնելու որեւէ բիզնեսի, արդյունաբերության, նախաձեռնության մեջ, եւ կապ չունի, թե իմ բարեկամն է, գործընկերն է, վարորդն է, թե ինչ է։ Առանց խտրականության մենք ծառայելու ենք։ Բոլորը կգան դաշտ, մենք կձգենք մեր գոտիները։ Ես նախագահության պահպանության ծախսերը կնվազեցնեմ, «ատկատները» կվերացնեմ, կասեմ, որ կամաց-կամաց ստվերը կբերենք։ Եթե կա դիմադրություն, ժողովուրդը եթե ինձ հետ միասին կանգնի, այդ ստվերը կբերենք։ Առաջին տարին ստվերի 40 տոկոսը, որից կհարկվի 18-ը, եւ կունենանք 3 միլիարդ դրամի ներդրում «ատկատների» վերացմամբ եւ ստվերի բերմամբ, որը նաեւ 50 տոկոսով կբարձրացնի կենսաթոշակները, պաշտպանությունը։

«Ազատություն»․ - Հարկայինի միջոցո՞վ եք ստիպելու, ի՞նչ միջոցներով եք ստիպելու։

Րաֆֆի Հովհաննիսյան․ - Հայ ժողովուրդը ջարդելու է այդ հարկային, մաքսային, իշխանական այդ բուրգը։ Դա չի նշանակում, որ որեւէ մեկը պիտի կախաղան հանվի կամ գնդակահարվի, բայց առաջին հերթին փոքր եւ միջին բիզնեսը, ընտանեկան ձեռներեցությունը պիտի պաշտպանվի, հարկերը պիտի իջեցվեն։ Իրենք մեր միջին խավն են, եւ պիտի պաշտպանվեն։ Իսկ մեծ արդյունաբերությունը, հայրենի արտադրանքը, նույնպես պիտի պաշտպանվի, որովհետեւ իրենք նույնպես արժեք են մեզ համար, բայց պիտի դաշտ մտնեն։ Պիտի դաշտ մտնեն, եւ ով դիմադրի, կստանա օրենքի պատասխանատվության հորդորը, եւ դա կվերաբերի բոլորին։ Ով դիմադրի օրենքի ուժի կիրառմանը, ով իրեն համարի շարքային Հայաստանի քաղաքացու ընտանիքի մանր եւ միջին բիզնեսից ավելի բարձր, ինքը կբերվի դաշտ։ Ներկա դրությամբ շատ օրինակներ՝ ատամնաբուժարաններ, ռիալթորներ, փոքր բիզնեսներ հարվածի տակ են, կարծես թե պետությունը բան ու գործ թողած իրենց վրա է սեւեռվում։ Առաջինը իրենք պետք է ստանան արտոնություններ։ Հասկանում եմ, որ նաեւ մեծ բիզնեսը գործատու է, ես դա գնահատում եմ։ Ոչ միայն պիտի մենք գնանք միմիայն բանվորի պաշտպանության, այլ բանվորը, աշխատողը, քաղաքացին պիտի պաշտպանված լինի օրենքով, արժանապատվությամբ, ոչ թե ողորմությամբ։ Իրեն հասանելիքով՝ կենսաթոշակը, աշխատավարձը, դրանք կլինեն, եւ շատ հեշտ է կազմակերպելը, բայց նաեւ մեծ գործատուն նույնպես պիտի հնարավորություն ունենա հայրենի արտադրանք տալ, արտահանում կազմակերպել, աշխատատեղ ստեղծել, բայց միաժամանակ հասկանա, որ դա պիտի չլինի ստվերով։

«Ազատություն»․ - Ձեր իշխանության օրոք մեծ գործարարը հնարավորություն ունենալո՞ւ է նաեւ առաջադրել իր թեկնածությունը խորհրդարանում:

Րաֆֆի Հովհաննիսյան․ - Նախ՝ իմ իշխանություն չի լինելու։ Լինելու է դե յուրե նոր իշխանություն, որը կպատկանի ժողովրդին։ Հինգ տարի ես կծառայեմ, հետո կանցնեմ առաջ եւ կփոխանցեմ իշխանությունը ազատ-արդար ընտրությունների միջոցով նոր սերնդին։ Սա իմ՝ Րաֆֆու իշխանություն չէ, եւ Սերժի հետ չէ իմ պայքարը, այլ նոր Հայաստանի համար, որը բոլորինս է։ Այդ դեպքում որեւէ խտրականություն չի լինելու՝ մարդը աղքատ է, անգործ է, թե հարուստ է, գործավոր է, գործատու է։ Ինքը իրավունք ունի, եթե ուզում է թողնել իր կյանքի մասնագիտությունը եւ դառնալ պատգամավոր, ինքը պիտի մասնակցի, բայց ինքը պիտի հեռանա իր բիզնեսի ոլորտից։ Ինքը պիտի, ըստ էության, ոչ թե ձեւականորեն, ըստ էության ասի, որ ես ավարտում եմ բիզնեսի իմ մասնագիտությունը եւ գնում եմ այստեղ։ Հարուստը կարող է նույնպես։ Ես հպարտ եմ թե՛ մեր հարուստներով, թե՛ մեր աղքատներով, ուղղակի մեզ մոտ այնքան գերկենտրոնացված է մեր պետության եկամուտը, հանքերն են, մեր հայրենի բնությունն է, որը խեղվում է, ցավոք սրտի, եւ պետք է վերականգնվի, բնապահպանական այդ մեր խնդիրները, այնքան կենտրոնացված է, որ ասում ենք, որ այսքան տոկոս աճ ունենք, բայց այդ աճը պատկանում է մի փոքր տոկոսին, հայ ժողովրդին չի պատկանում այդ աճը։ Ես ասում եմ միայն, որ բոլորը իրենց տեղն ունեն։ Թող հարուստը ոչ շատ ուրախանա, ոչ էլ աղքատը տխրի։ Պիտի կարողանանք վերաբաշխել օրինավոր ձեւով բյուջեի միջոցով, եւ մենք կտեսնենք, որ կդառնանք օրինավոր երկիր, իրար նայենք, հայացքը կկիսենք՝ կասենք ի՞նչ ենք անում, 20 տարի ի՞նչ ենք արել։ Սա հայկական առաքելություն է, սա մեր բանն է, ոչ անպայման վրացիների կամ ամերիկացիների, եւ կարծում եմ, որ ինքնակազմակերպման, լավ կառավարման միջոցով, իսկապես օրենքը հավասար կիրառելով բոլորի վրա, մենք կկարողանանք Հայաստան քաղաքացուն վերադարձնել իրեն հասանելիք սահմանադրական իշխանությունը եւ կկարողանանք նաեւ հետապնդել մեր ազգային շահերը, եւ, ինչը որ ես բարձր եմ գնահատում՝ մեր պետության ինքնիշխանությունը, որը այսքան տարիներ մեզանից խուսափել է։

«Ազատություն»․ - Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ եք այդքան քայլում։ Դուք իսկապես քայլում եք քայլելո՞ւ համար, թե՞ մարդկանց հետ զրուցելու եւ այլն։

Րաֆֆի Հովհաննիսյան․ - Ամերիկացիները երկու տարի ընտրարշավ են անում, շատ երկար է՝ ծայրահեղություն է, ժողովրդի զահլեն տանում են։ Մեզ մոտ ավելի կարճ է՝ 28 օր, համ էլ ձմռան կեսին, որը սխալ է, բայց այդպես է, որովհետեւ առաջին նախագահը այս օրերին հրաժարական տվեց։ Պետք է սա սահմանադրորեն ճշտվի, պետք է աշնանը լինի, կամ գարնանը, ոչ թե ձմռան կեսին, եւ ոչ թե 28 օր, այլ միգուցե երկու-երեք ամիս, որ կարողանանք հասցնել բոլոր ընտրատեղամասերում, գյուղերում, քաղաքներում լինել։ Իմ բոլոր բացերով հանդերձ, դուք ինձ տեսնում եք բնական վիճակում․ ես քայլում եմ միշտ։ Այնպես որ, այս 28 օրը լիներ, թե չէ, ես այսօր կգնայի Եռաբլուր, ծաղիկներ կդնեի՝ կամերա լիներ, թե չէ, Ձեզ հետ հարցազրույց լիներ, թե չէ։ Ես կքայլեի փողոցներում, կմտնեի տոնավաճառ, թանգարան, կմտնեի Մատենադարան։

«Ազատություն»․ - Անկախ նրանից՝ ընտրարշավ է, թե ո՞չ։

Րաֆֆի Հովհաննիսյան․ - Ես քայլում եմ։ Երբ որ 50 տարեկան դարձա 3 տարի առաջ, Արմենուհին ասաց, որ դու պիտի քո կենսաձեւը փոխես, եւ ես ասացի՝ լավ։ Սիրում եմ Արմենուհուն, ընտանիքիս, եւ ասացի՝ լավ։ Մի քիչ կնիհարեմ, կմարզվեմ․․․ Իհարկե, այն ժամանակ կանխատեսելի չէր հացադուլի պահը, որի ձգանը եղավ այն, որ նախագահական նստավայրում իմ կարծիքով այդ հակապետական, հակասահմանադրական հուշագիրը ստորագրվեց կուսակցապետության միտված՝ երեք կուսակցությունների միջեւ, բայց շատ չխորանամ այստեղ՝ ամեն ինչ հնարավոր է մեր երկրի վրա, մեր հայրենիքում։ Բայց ես որոշեցի մի փոքր իմ կենսաձեւը փոխել, շատ մարզանք անել, շատ քայլել, քիչ ուտել։

«Ազատություն»․ - Առո՞ղջ եք հիմա։

Րաֆֆի Հովհաննիսյան․ - Առողջ եմ, բայց հացադուլից հետո մի փոքր ավելի լցվել եմ, պիտի զգույշ լինեմ, որովհետեւ ախորժակս տեղն է։ Բայց կուզեմ ասել, որ այդ 15 օրերը հրապարակի վրա (չեմ ուզում այդ տարոսը որեւէ մեկի վրա տարածվի, ո՛չ Անդրիասի, ո'չ մեկի), պետք է մենք կյանքով, առողջությամբ ապրենք։ Աստված մեզ սահմանափակ օրեր է տվել ապրելու եւ իմաստավորելու մեր կյանքը։

«Ազատություն»․ - Պարոն Հովհաննիսյան, ենթադրենք այսպիսի տարբերակ՝ Դուք, իհարկե, չեք ուզում այդ մասին մտածել, բայց, ենթադրենք, չեք հաղթում, հաղթում է մեկ ուրիշը։ Եթե Ձեզ առաջարկի այդ մեկ ուրիշը համագործակցել իր հետ կոնկրետ կառավարության կազմում, կհամաձայնե՞ք։

Րաֆֆի Հովհաննիսյան. - Ես դիտարկում եմ ամեն ինչ, ես չեմ վախենում ո'չ պարտվելուց, ո'չ էլ հաղթելուց։ Վախ ունեմ` մարդ եմ եւ հայ մարդ եմ եւ ունեմ մտավախություններ, ունեմ վախեր, վախից չեմ վախենում` Ռուզվելտի հորդորով։ Բայց ես կարծում եմ, որ պայքարի մեջ է նաեւ իմաստը` ոչ միայն ինչ-որ կոնկրետ նպատակի մեջ է, Մասիսի կատարին հասնելու մեջ է, այլ նաեւ այդ ճանապարհն է. ինքը ճանապարհը, կանգառը կարեւոր է։

Ես, նախ, ժողովրդի մոտ տեսել եմ մի շաբաթվա ընթացքում տրամադրության փոփոխություն։ Մեծ չխոսեմ հիմա։ Չեմ անդրադառնա նաեւ հարցումներին, հարգում եմ հարցումների, նաեւ` պատվիրատու ունեն թե չէ, մեթոդաբանությունը, ինչը հարգում եմ, բայց որոշ բան կա` հայոց ոգին մեկ-մեկ թվերով չի չափվում, ոգին հարցման մեջ չէ...

«Ազատություն». - Դուք համաձայն չե՞ք, որ երկրորդն եք։

Րաֆֆի Հովհաննիսյան. - Ինձ համար կարեւոր չէ, իմ կարծիքով` Հայաստանի քաղաքացին առաջինն է։ Ես եմ երկրորդը, թե Սերժ Սարգսյանը, արդեն կարեւոր չէ, Հայաստանի քաղաքացին առաջինը պիտի դառնա, ինքը պիտի հավատա, որ իր երկրում ինքը առաջինն է, դա իմ եւ Սարգսյան Սերժի եւ մնացած բոլոր մրցակիցների խնդիրն է, որ Հայաստանի շարքայինը ասի, որ «ես եմ առաջինը»։
Եվ ուստի ես ասում եմ, որ ես պատրաստ եմ, եթե արդար, ազատ լինեն, եթե չեն վախեցնում զինվորներին, ուսուցիչներին, համաքաղաքացիներին, եթե դե յուրե ընտրություններ են 20 տարվա ընթացքում առաջին անգամ, ես թե՛ կշնորհավորեմ, թե՛ կընդունեմ շնորհավորանք, կհամագործակցեմ այն դեպքում, եթե լինի իրական հայկական սահմանադրական ընտրություն։

Իսկ եթե չէ` ես կշարունակեմ պայքարը, որքան Աստված տալիս է ինձ ուժ, հնարավորություն, եղանակ` ես կշարունակեմ այդ պայքարը, որովհետեւ սա նաեւ իմ երկիրն է, ոչ թե իմ` որպես սեփականություն, Րաֆֆու եւ կամ Սերժի, այլ իմ` որպես հայ ժողովրդի մասնիկ։

Եվ դրա համար ես, այսօր ամփոփում ենք կարճ ընտրարշավի առաջին շաբաթը, կրկնում եմ այդ ցանկությունը, խնդրանքը, պահանջը, ակնկալիքը գործող նախագահից, որ եթե ինքը ուզում է այդ ազատ, արդար ընտրությունը, որի մասին ինքը խոսում է իր ելույթների ընթացքում, գեղեցիկ ճառերի մեջ` Բրյուսել, Վաշինգտոն, Փարիզ կամ Երեւան, ինքը անմիջապես պետք է այդ հավասար դաշտը ապահովի, խոսքը եւ գործը մեկ անի, հետ քաշի իր մարզպետներին, շտաբի պետերին, քաղաքապետերին, գյուղապետերին, բաժնի պետերին, ովքեր այս պահին, մինչ մենք խոսում ենք, հավաստի տվյալներով, ապացույցով, ուսուցիչներին արդեն ակնարկով, նամյոկով, աչքի թրթիռով ասում են, որ «գիտեք ինչ է ձեր գործը», հրամանատարը` զինվորին, «Փարոս»-ի աշխատողը` հարկաբաժնում ապրողին, եւ այլն, եւ այլն... Եթե սա է ազատ, արդարը, որը պարոն Սարգսյանը ուզում է, ուրեմն` ես դրա հետ գործ չունեմ եւ չեմ ընդունելու։

Իսկ եթե ինքը հիմա ասելու է, որ այո, ես գիտեմ, ես տիրապետում եմ պետական տեղեկատվության, ես գիտեմ ոստիկանությունից, Ազգային անվտանգության գերատեսչությունից եւ բոլոր մնացած աղբյուրներից, որ պետական համալսարաններում իմ օգտին շարֆեր են բաժանվում, ուսխորհուրդները, գիտխորհուրդները ժողովներ են անում, դասախոսների հետ խոսում են, ինձ մուտք չեն թողնում, բայց իրենք իրենց գործը անում են, նույնը անում է քաղաքապետարանը, սա համատարած է, սրանք օրինակներ են: Կամ իրենք ասում են, որ սա հայկական իրականություն է, ընդունում ենք, եւ սա փոխելու ենք, սա արգելվում է, ով խախտի, երկուշաբթի օրը` Բանակի օրը, պատվի, արժանապատվության, հպարտության օրը, մենք բացառում ենք, որ սրանից հետո որեւէ մեկը մեր ուսուցչին, բժշկին, զինվորին, հրամանատարին, քաղաքացուն նսեմացնի, ես կասեմ, որ երեք շաբաթ անց հնարավոր է, որ դե յուրե ընտրության դեպքում ես շնորհավորեմ, կամ էլ շնորհավորանք ընդունեմ:

Բայց եթե այսպես շարունակվի, ես որեւէ սուտ կամ կեղծիք չեմ հանդուրժելու: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը կարող է իրացնել, եթե ուզենա, ընտրական հեղափոխություն, անգամ եթե սուտ եւ կեղծիք իջեցնեն` 20 եւ 30 տոկոսներով, ցուցակներով, նամյոկներով, վախով, չգիտեմ, շրջիկ խմբերով, եթե հայ ժողովրդի 80 տոկոսը մասնակցի, 75 տոկոսը, կհաղթի այդ սուտը եւ կեղծիքը։

Ես չեմ ուզում արյան հեղափոխություն, ես պատրաստ չեմ Չարենց մեջբերել` զոհի պահով, ես պատրաստ չեմ իմ վրա վերցնել որեւէ հայ մարդու արյունը, բայց, մյուս կողմից, ես կուլ չեմ տալու որեւէ իրավախախտում:

«Ազատություն». - Ի՞նչ եք անելու, պարոն Հովհաննիսյան։

Րաֆֆի Հովհաննիսյան. - Անելու եմ ամեն ինչ, որը ինձ հասու է Սահմանադրությամբ, օրենքով եւ իրավունքով` կամ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության մասնակցությամբ դառնալու եմ հայ ժողովրդի հանրային ծառայողը հինգ տարվա ընթացքում, Զինված ուժերի հրամանատարը` ոչ թե գերագույն գլխավոր, այլ` միայն հրամանատար, որը ծառայել է, հինգ տարի հետո փոխանցելու է իշխանության պատասխանատվությունը եւ պատիվը ուրիշին, կամ, եթե դա գողանան ժողովրդից, կամ եթե ժողովուրդը չուզենա, թող հետո խավարը չանիծի, հնարավորություն տրված է հիմա։
XS
SM
MD
LG