Մատչելիության հղումներ

logo-print

Հայրիկյանը թեկնածուներին համախմբվելու կոչ է անում


Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան

Նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին կոչ է անում միավորվել` երկրորդ փուլից խուսափելու համար:

Իր նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը հայտարարեց նաեւ, որ դիմելու նշված թեկնածուներին` իրեն միանալու առաջարկով:

«Հնարավոր են թեկնածուների միավորումներ, որին մարդիկ շատ են սպասում: Ես տեսնում եմ, որ եթե իմ շուրջը համախմբվեն, մենք առաջին փուլում շատ հանգիստ հաղթելու ենք: Որեւէ մեկի շուրջը եթե համախմբեն, հաղթում ենք», - ասաց նա` նշելով, որ «երես առ երես» հանդիպելու է բոլոր թեկնածուներին եւ հարցնելու է. - «Դուք իմ անցած ճանապարհը գիտեք, իմ կատարած ներդրումները գիտեք, ավելի հարմար չե՞ք գտնում, որ միասին դա անենք: Որովհետեւ այն լավը, ինչ մենք ուզում ենք անել, դա մեր ժողովրդի միասնական օգուտն է լինելու: Եկեք փորձենք դա միասին անել»:

ԱԻՄ առաջնորդը չբացառեց, որ ինքը եւս կարող է միանալ այլ թեկնածուի` եթե դա նպաստի իր ծրագրերի իրականացմանը` հիշեցնելով, որ 1996 թվականին արդեն արել է նման քայլ. - «Լինելով առաջինը` հանել եմ իմ թեկնածությունը, պաշտպանել եմ մեկ այլ թեկնածուի [Վազգեն Մանուկյանին]` հանուն ծրագրերի»:

Հայրիկյանը անցած գիշեր դադարեցրել է իր եռօրյա հացադուլը, որով միացել էր արդեն շուրջ մեկ շաբաթ հացադուլի նստած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:

Հարցին, թե ինչ տվեց իր հացադուլը, Հայրիկյանը պատասխանեց. - «Ինձ` ոչինչ: Բայց ես Անդրիաս Ղուկասյանին աջակցեցի, հասարակությանն ասացի, որ նրա բարձրացրած հարցերի շարքից հիմքը, ելակետային հարցը` որ ընտրություններում ընտրակաշառք պիտի չլինի, շատ կարեւոր է: Բացի այդ, իրեն օրինակ ծառայեցի, որ` դու կարող ես քո բողոքի ցույցը որեւէ պահի ավարտել»:

Հարցին, թե ինչու մինչեւ հիմա ամբողջությամբ չի ներկայացրել իր նախընտրական ծրագիրը, նախագահի թեկնածուն պատասխանեց. - «Այդ ամբողջ ընթացքում ես մշտապես խոսել եմ ծրագրերի մասին: Պարզապես չեմ ներկայացրել որպես ամփոփ, սեղմ ծրագրահենք: Ներկայացրել եմ միայն «Մարդու իրավունքներ» եւ «Ժողովրդավարություն» հատվածները: Իսկ երկուսն էլ կներկայացնեմ մաս-մաս ասուլիսների ընթացքում: Մաս-մաս եմ ներկայացնում, որովհետեւ ե'ւ մամուլի միջոցները, ե'ւ քաղաքացիներն այնքան շատ կարծես թե հետաքրքրված չեն ծրագրերի նրբերանգներով: Իսկ իմ ծրագրերում շատ կարեւոր նրբերանգներ կան»:

Ընտրվելու դեպքում Հայրիկյանը հայկական բանակում «ավելի խորը կներառի միջազգային փորձառությունը», կսերտացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. - «Ռուսականից էլ պետք է դրականը վերցնենք, եվրոպականից էլ, բայց ՆԱՏՕ-ն մի աստիճան բարձր է: Չեմ արհամարհի իսրայելական փորձը աղջիկների հարցում»:
XS
SM
MD
LG