Մատչելիության հղումներ

Երիտասարդական պալատի համահեղինակ, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նշում է, որ պալատն իրենից մշակութային արժեք էր ներկայացնում, դարձել էր այս քաղաքի մի մասը եւ այն վաճառելը, նույնիսկ չտեսնելով նոր նախագիծը, պարզապես անթույլատրելի էր:

Պողոսյանն ասում է, որ կառույցն ապամոնտաժելու օգտին հիմնական փաստարկ բերվեց այն, թե պալատը վթարային վիճակում էր, շահագործման այլեւս ենթակա չէր:

«Շենքն ընդհանրապես վթարային չէր: Մենք պետք է վերականգնենք, մենք պետք է պահպանենք, ոչ թե ամեն անգամ, հանդիպելով մի բանի, քանդենք ու վերջ», - հայտարարեց նա` վստահություն հայտնելով, որ պատճառն իրականում ոչ թե շենքի վթարային լինելն էր, այլ սեփականատիրոջ ցանկությունը:

Երիտասարդական պալատի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի սեփականատեր «Ավանգանդ Մոթորզ» ընկերության նախագահ Էդվարդ Ավետիսյանը 2010 թվականին որոշել էր նույն տեղում կառուցել հյուրանոցային համալիր եւ բիզնես կենտրոն: Հայաստանում առաջին անգամ հայտարարվել էր ճարտարապետական նախագծերի բաց միջազգային մրցույթ, մրցույթին 1145 հայտ է ներկայացվել 60 երկրներից: Մրցույթը, Պողոսյանի խոսքով, շահել է մի ճապոնացի ճարտարապետ. - «Այժմ շահած նախագիծն էլ չկա, ճապոնացին էլ չկա: Պալատի ճակատագիրը անհայտ է»:

Ճարտարապետն ասում է, որ այժմ Երիտասարդական պալատի տարածքը սեփականատերն օգտագործում է որպես բազալտի հանքավայր. - «4 հեկտար տարածությունը մի 10 մետր քանդեց, որովհետեւ այնտեղ բազալտ է ու մի մեքենա է դրել, բազալտը դարձնում է բազալտի խիճ ու վաճառում:Քաղաքի կենտրոնում ստեղծվել է մի հանքավայր»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG